Եվս 90 հոգի

15/06/2010

Իրանում` արյունալի բախումներով ավարտված ընտրությունների տարելիցին, իշխանությունները ձերբակալել են 90 ընդդիմադիր գործիչների: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ լուրջ բախումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ իշխանությունները սպառնացել էին բիրտ ուժ կիրառել այլախոհների նկատմամբ, եթե վերջիններս որոշեն փողոց դուրս գալ: Հետեւելով այդ հայտարարություններին` ընդդիմության առաջնորդները հրաժարվել էին զանգվածային միջոցառումներից` նոր բախումներ չհրահրելու համար: Հիշեցնենք, որ ընդդիմությունը մինչ օրս վիճարկում է 2009թ. հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Ընտրություններից հետո` ընդդիմադիրների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում, զոհվեց ավելի քան երեսուն մարդ, հարյուրավորները ձերբակալվեցին: Իսկ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանի իշխանություններին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի երեք քաղաքացիներին, որոնք արդեն մեկ տարի գտնվում են անազատության մեջ` սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով: Իրանում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների մեկամյակին նվիրված գրավոր ուղերձում ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ Իրանի իշխանությունները խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, բազմաթիվ ընդդիմադիրներ շարունակում են մնալ ազատազրկման վայրերում, մի քանիսը մահվան են դատապարտվել` իրենց տեսակետները բարձրաձայնելու համար: