Հովիկն ու կյանքը հրաշալի, անդավաճան ընկերներ են: Որքան ինքնամոռաց իրար սիրում են, նույնքան անվրդով ու անկռիվ, առանց չարանալու էլ պատրաստ են իրարից բաժանվել: Հովիկի համերաշխ ժպիտի տակ թաքնված թախիծը հուշում է, որ կյանքի հետ պայման է կնքել ու, երբ ժամանակը գա` կյանքից հրաժարվելու է առանց բարկության ու դիմադրության: Հիմա կյանքն ու Հովիկը ձեռք սեղմելով այս իրականության մեջ ապրում են որպես իսկական հաշտարարներ: 30-ամյա Հովիկը վստահ է, որ դեռ ժամանակը չէ կյանքից բաժանվելու համար, որովհետեւ նախախնամությունն իր եւ կյանքի համատեղ գոյության համար դեռ ժամանակ տվել է: Բայց Հովիկն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ, եթե նույնիսկ ժամանակը չէ, ապա կյանքին հրաժեշտ տալու նախապայմաններն ավելի շատ են, քան կյանքը երկարաձգելու հնարավորությունները: Այս կենսուրախ, կյանքով լեցուն, նրբանկատ ու չափազանց «պինդ» երիտասարդը տառապում է Պերիոդիկ հիվանդությամբ (երեւանյան հիվանդություն), որի առանձնահատկությունն է՝ մարդու օրգանիզմի աստիճանական ախտահարումը: «Ընդհանրապես մասնագետներն ասում են, որ հիվանդությունը գլուխ է բարձրացնում ավելի մեծ տարիքում, բայց ինձ մոտ շուտ սկսվեց: Հիմա երիկամներս ախտահարվել են»,- ծիծաղելով ասում է Հովիկը, կարծես մարտահրավեր նետելով թե՛ գենետիկական համարվող Պերիոդիկ հիվանդությանը, թե՛ աշխարհի անարդարությանը: Հովիկը զարմանալի խորը ներաշխարհի տեր մարդ է, որովհետեւ, թեեւ աստիճանաբար կորցնում է ֆիզիկական կենսունակությունը, բայց փոխարենն իրեն ռեալիզացնում է արվեստում: Երազում է հատկապես Հնդկաստան գնալու մասին։ «Այդ երկիր պարբերաբար մեկնող ընկերս ասում է, որ Հնդկաստանում մի արագընթաց փողոց կա, որտեղ ասենք` երթեւեկող մեքենաների քանակությունը չես կարող որոշել: Նույնիսկ չես կարող մոտենալ էդ փողոցին, վտանգավոր է: Ընկերս պատմում է, որ մի անգամ տեսել է, թե ինչպես էդ կատաղի փողոցի մեջտեղում մի շուն իր համար պառկած է եղել, փողոցի մեջտեղում որոշել է հանգստանալ: Բայց ամենազարմանալին գիտե՞ք որն է. որ ոչ մի մեքենա չի փորձել էդ շանը վնասել: Պատկերացնո՞ւմ եք, էդ տեսակ կատաղած երթեւեկությամբ փողոցում վարորդները շրջանցել են, որ մեջտեղում պառկած շանը չխանգարեն: Դա ազգին շատ բնորոշող տեսարան ա: Պատկերացնո՞ւմ եք, եթե էդ շունը մեր Պրոսպեկտի մայրուղում որոշեր պառկել: Ես էդ ազգին շատ սիրեցի, երանի մի օր էնտեղ լինեի»,- մի տեսակ մանկական հիացմունքով ընկերոջ պատմածը վերարտադրում է Հովիկը, ով մտովի Հնդկաստանից տեղափոխվելով Հայաստան՝ ասում է, որ մենք վայրագ ազգ ենք: Տան պայմաններում Հովիկը տեղաշարժվում է հենակների օգնությամբ, իսկ հազվադեպ` բակ դուրս գալիս` սայլակով: Չնայած դրան` քաջատեղյակ է մեր երկրում կատարվող իրադարձություններին եւ հասարակական խնդիրներին: Օրինակ` մի բան կա, որ նրան շատ է զարմացնում. «Մեր երկրում իմաստուններ չկան: Այսինքն` կան, բայց ոչ ոք իմաստունի կարիք չի զգում: Մեր թագավորները կարծում են՝ իմաստունների կարիք չունեն, իրենք գիտեն, թե իրենք համ թագավոր են, համ իմաստուն: Բայց թագավորն իմաստուն որոշում կայացնելուց առաջ պիտի հավաքի իմաստուններին ու նրանցից խորհուրդ հարցնի: Ովքե՞ր են մեր թագավորի իմաստունները… Փաստորեն, մեր թագավորը կարծում է, որ համ թագավոր է, համ էլ` իմաստուն»,- իր դիտարկումներն այսպես է մեկնաբանում Հովիկն` ավելացնելով, որ մեր կառավարման համակարգին հենց իմաստուն խորհրդատուներն են պակասում: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1-ին կարգի հաշմանդամ Հովիկ Խաչատրյանը որոշել է օգնել մեր պետությանը եւ ՀՀ կառավարության տրամադրած 11.200 դրամ հաշմանդամության թոշակն ուղարկել պետական բյուջե. «Ես ամենայն լրջությամբ եմ ասում, իմ թոշակն ուզում եմ բյուջեին նվիրել: Ես ձեզ խնդրում եմ, որ ինձ ուղղություն ցույց տաք, թե ինչպե՞ս դա անեմ, հաշվեհամար կա՞, թե՞ պիտի իմ անունից փոխանցեմ կառավարությանը: Նաեւ ուզում եմ խնդրել, որ ասեք, թե ինչպե՞ս կարելի է մամուլի ասուլիս կազմակերպել: Ուզում եմ ասուլիսով հանդես գամ, հանրապետության բոլոր հաշմանդամներին կոչ անեմ, որ մեր պետությանն օգնելու նպատակով մեր թոշակները տանք կառավարությանը: Փաստորեն, մեր պետությունն ավելի անհույս հաշմանդամ է, քան, ասենք, ես, որ սայլակավոր եմ ու վաղը կարող է մեռնեմ»: Հովիկը վստահ է, որ առայժմ մի համախոհ ունի` մայրը, ով նույնպես հաշմանդամ է: Մեր կառավարությանն օգնելու ձեռք է մեկնում մի ծանր հաշմանդամ երիտասարդ, որի բուժման կուրսի համար պահանջվող գումարը հայթայթելու համար ծնողները բնակարանն են դրել վաճառքի: Հայրը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, իսկ մայրը` հաշմանդամություն ունեցող կին, որոնք շուտով վաճառելով բնակարանն` այլեւս սեփական ոչինչ չեն ունենա: Գյումրիում գտնվող նրանց բնակարանը, բնականաբար, այնքան արժեք չունի, որպեսզի գոնե մեկ սենյականոց բնակարան կարողանան գնել, հետեւաբար` Հովիկի ծնողները պատրաստ են թեկուզ անօթեւան կարգավիճակում հայտնվել, բայց իրենց որդու համար անել ամեն ինչ: 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող հիվանդների համար մեր պետությունը դեղորայքը տրամադրում է անվճար, սակայն… «Միայն փաստաթղթերով է այդպես: Իրականում մեր պետությունն անվճար տալիս է այնպիսի դեղորայք, որն օգտագործելուց հետո ավելի վատանում ես: Ես ամեն օր պիտի խմեմ ինձ նման հիվանդի համար միակ դեղամիջոցը` «Կոլխիցին» կոչվող դեղորայքը, որը դադարեցնում է բջիջների աճը: Հիվանդությունն այնպիսին է, որ բջիջները ենթարկվում են մուտացիայի եւ երիկամների մեջ պրիստուպներ են առաջացնում: Էդ դեղորայքը օրգանիզմում եղած բոլոր բջիջների աճը կանգնացնում է, թունավոր բույսերից պատրաստված դեղամիջոց է, որն այս հիվանդության համար միակն է: Այդ դեղամիջոցի անգլիական եւ հայկական արտադրության տարբերակները կան: Մեր պետությունն անվճար տալիս է հայկական տարբերակը, որը խմելուց հետո անգամ ուղեղիդ աշխատանքն է վատանում: Հայկականի մեկ դեղահաբն արժե 15 դրամ, իսկ անգլիականինը` 0,5 մլ-ն` 150: Հայկականի դեպքում վատանում է ինքնազգացողությունս, մարսողությունս, բացի այդ` այդ թունավոր նյութերն ահավոր ազդում են ուղեղի աշխատանքի վրա: Ես շատ վատ եմ զգում հայկական արտադրության դեղը խմելուց հետո»,- ասում է Հովիկն, ով հրաժարվելով մեր պետության տրամադրած անվճար դեղորայքից՝ սեփական միջոցներով գնում է անգլիական արտադրության «Կոլխիցին» դեղամիջոցը, որի մեկ տուփն արժե 15.000-20.000 դրամ: Այսինքն` նույնիսկ հաշմանդամության 11.200 դրամ թոշակով չի կարող մեկ ամսվա համար անհրաժեշտ դեղորայքը գնել: Այս խնդրով նա բազմիցս դիմել է պետական կառույցներին, որտեղից նրա դիմումները, չգիտես ինչու, վերահասցեագրվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հետո ինձ ցույց է տալիս դիմում-նամակների տրցակը, որով Հայաստանի բոլոր ոլորտների ղեկավարներից աջակցություն է խնդրել, սակայն մերժվել է: Հեգնելով ասում է` «Մնում է Գյուղնախարարին դիմեմ, երեւի խնդրեմ ինձ ձի տա, որ փողի, տեղաշարժվելու կարիք չլինի: Կատակը՝ կատակ, բայց պայքարելու եմ: Պայքարելու եմ էն ձեւերով, որոնք հնարավոր ու անհնար են: Հասկանո՞ւմ ես` ես գիտեմ, որ դեռ ժամանակը չի, դեռ ապրելու համար ինձ Աստված ժամանակ տվել է, բայց ապրելու համար հիմա ես մարդկանցից եմ կախված: Աստված իր հասանելիքն անում է, իսկ մարդկանց բաժինը… մարդկանց հասկացնելը դժվար է… Իմ նմանները շատ հնարավորություն չունեն, ես պետության հույսին եմ»: 30-ամյա Հովիկին կարող է օգնել Հայաստանից դուրս որեւէ երկրում գոնե մեկամսյա սանատոր բուժումը: Ընդհանրապես Պերիոդիկ հիվանդության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս փոխել կլիման, քանի որ այն հայաստանյան հիվանդություն է, եւ այլ երկրում ժամանակավոր հանգրվանելը կարող է զգալի դրական ազդեցություն թողնել: Հովիկի ընտանիքը հույս ունի բնակարանը վաճառելուց հետո գոնե տարածաշրջանի որեւէ հարեւան երկրում նրան մեկ ամսով բուժման ուղարկել: Թե ինչ կլինի բնակարանը վաճառելուց հետո այս ընտանիքի եւ մասնավորապես նրա հետ` Աստված գիտի: Հովիկի քույրն, ով ամբողջ խոսակցության ընթացքում մոր հոգատարությամբ կատարում էր եղբոր խնդրանքները` վերջում միջամտում է` «Հասկանո՞ւմ եք, մենք ահավոր օգնության կարիք ունենք: Ամեն ինչ վաճառել ենք, ոչինչ չենք խնայել եղբորս համար: Հիմա սպասում ենք բնակարանի վաճառքին, բայց դեռ գնորդ չկա, մարդիկ փող չունեն: Շատ մեծ հույս ունեմ, որ մեկը կցանկանա եղբորս երիտասարդ կյանքը փրկել: Ինքը շատ հպարտ մարդ է, բայց, հավատացե՛ք, մենք օգնության մեծ կարիք ունենք»: Հետո Հովիկը յուրահատուկ եռանդով պատմում է ընկերների ու ընկերուհիների մասին: Ասում է, որ կյանքում իր համար ամենաթանկն իր ընտանիքն ու ընկերներն են: «Եթե ընկերներս չլինեին…»,- ասում է ու չի շարունակում, բայց, եթե ընկերները չլինեին, պարբերաբար դեպրեսիաներ ունեցող Հովիկը դժվար թե ցանկանար ապրել ու պայքարել: Հովիկի սայլակը լուսանկարելիս՝ հարցնում եմ` «Ի՞նչ ես զգում էս սայլակին նայելիս»: «Ոչինչ, ինձ համար դա սովորական փոխադրամիջոց է»,- ծիծաղելով պատասխանում է՝ բառերի տողատակերում թաքցնելով ցավը: Վերջում Հովիկն ասում է` «Երբ հոդվածը գրեք, ու մարդիկ ոչ թե ուզենան ինձ օգնել, այլ ուղղակի գան` զրուցեն, խոսեն, ինձ տեսնեն, խնդրում եմ` անպայման ինձ ասեք: Հոդվածի մեջ նշեք, հա՞, որ ես հյուրեր շատ եմ սիրում ու միշտ պատրաստ եմ սիրով ընդունել»: