«Ռուսա-էլիտարացումն» արդեն մոտենում է

15/06/2010

Մինչ Հայաստանում թեժ քննարկումներ ու բանավեճեր են ընթանում օտարալեզու կրթության հաստատագրման թեմայի շուրջ ու խոսվում է լեզվական ամբողջականության կորստի մասին (եթե, իհարկե, այդ օրենքն ընդունվի), երեւանյան մի շարք դպրոցներ գոհունակությամբ նշում են, որ իրենք արդեն պատրաստ են ռուսալեզու կրթության անցնել: Այդ մասին թեեւ խոսվում է շշուկով, սակայն ներկայացվում է որպես փաստ: Պուշկինի ու Չեխովի անվան դպրոցները, որոնք սովետական տարիներին ռուսական էին, սահուն կերպով նախատեսում են նոր ուսումնական տարին սկսել «օտարալեզու» դպրոցի կարգավիճակում: Այդ դպրոցների ուսուցիչներից շատերը աշակերտների ծնողներին վստահեցրել են, որ այսուհետ դպրոցի գործերն ավելի լավ են ընթանալու ու «ուրախացրել» են նրանց` կրկին ռուսական դպրոց դառնալու մոտալուտ փաստով: «Հանրակրթության մասին» ու «Լեզվի մասին» օրենքներում դեռ փոփոխություններ չեն արվել, սակայն «խոհանոցային» լրատվությունն արդեն գործում է: «Այդ մասին մեզ վերեւներից են ասել, քանի որ պայմանավորվածություն կա Մոսկվայի հետ»,- նման փաստարկով դպրոցներն արդեն պատրաստվում են «կազմափոխվել» ու գրկաբաց ընդունել ռուսերեն լեզվով ուսուցումը: Առաջին քայլը դարձավ ռուսերեն անցկացվող ծնողական ժողովը, ինչն էլ ապացուցեց, որ այդ դպրոցները բռնել են «էլիտարացման» ճամփան: Ուշագրավ է, որ ռուսերեն լեզվի տիրապետման մակարդակը բնավ էլ նշանակություն չունի (շատ դեպքերում այն ավելի ցածր է, քան հայերենի տիրապետումը): Կարեւորը միայն «ռուսերեն» ու «էլիտար» բառերի նույնացումն է, ինչն էլ ԿԳ նախարարի ուղերձի համաձայն` կյանքի է կոչվում: Պատգամավորները դեռ քննարկում են այդ ուղերձը, իսկ պատգամն արդեն մտնում է դասասենյակներ: Ընդ որում` ոչ մի դպրոց դեռ անգլերեն, իսպաներեն կամ պարսկերեն ծնողական ժողով չի անցկացրել, զարկը տրվել է միայն ռուսերենին: Ստացվում է, որ «մրցունակ» դպրոցը միայն ռուսական դպրոցն է: