Մրցում են ջութակահարներն ու թավջութակահարները

15/06/2010

Հունիսի 6-14-ը Հայաստանում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը` ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Երիտասարդ երաժիշտներին բացահայտելու եւ խրախուսելու նպատակ ունեցող այս մրցույթն արդեն 7-րդ անգամ կազմակերպվում է «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ջանքերով: Ծրագրին աջակցում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը բաղկացած էր 3 փուլերից: Եզրափակիչ փուլում հայտնված 9 երաժիշտներից հաղթող են ճանաչվել լեհ ջութակահար Յարոսլավ Նարդզիցկին ու ռուս ջութակահարուհի Լիա Յակոպովան: 2-րդ մրցանակ չի հանձնվել, իսկ 3-րդ մրցանակի են արժանացել ավստրալացի Ֆիլիպ Բրետտին եւ հայաստանցի Տիգրան Հայրապետյանը: Թավջութակահարների մրցույթում հաղթող են ճանաչվել ռուս Եվգենի Ռումյանցեւը եւ իտալացի Լուկա Մագարելլոն, 2-րդ մրցանակը հանձնվել է հայաստանցի Հասմիկ Վարդանյանին եւ գերմանացի Սամուել Լուցկերին: 3-րդ մրցանակ չի հանձնվել: Երաժիշտների կատարումները գնահատել ու դափնեկիրների կոչումներ է շնորհել մրցույթի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են տարբեր երկրներ ներկայացնող անվանի երաժիշտները, որոնց թվում է նաեւ Ա. Խաչատրյանի դաշնամուրային սոնատը առաջին անգամ Նյու Յորքում կատարած դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, հանրահայտ դիրիժոր Վալերի Գերգիեւը, Պավել Կոգանը: Խորհրդի կազմում են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արմեն Սմբատյանը, Արամ Խաչատրյանի որդի Կարեն Խաչատրյանը, բարերար Վահագն Հովնանյանը եւ այլք: 1-ին տեղի մրցանակը կազմում է 15.000 դոլար, 2-րդը` 10.000 դոլար, 3-րդը` 5.000 դոլար: Հաղթողը նաեւ հնարավորություն կստանա ելույթ ունենալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (Վ. Գերգիեւի գլխավորությամբ) եւ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (ղեկավար Պավել Կոգան) հետ նույն բեմում: 2011թ. մրցույթը նախատեսվում է կազմակերպել դաշնակահարների եւ կոմպոզիտորների համար: