Այն վիզուալ տեսքը (ու դրանից բխող բովանդակությունը), որը ստացել է մեր մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը` Օպերայի ու բալետի թատրոնն ու նրան շրջապատող հրապարակը, շատ տարօրինակ է: Դա` մեղմ ասած:
Իսկ իրականում վերջին օրերի ընթացքում այդ հրապարակն ուղղակի զավեշտալի ձեւավորում է ստացել: Կարծես ինչ-որ ինքնուս, սիրողական նկարիչ որոշել է այն գույնզգույն դարձնել` ենթադրելով, որ գույների առատությունը պետք է ուրախ, անկաշկանդ ու կարեւորը` քաղաքականությունից հեռու մարդկանց համար գրավիչ դարձնի այն վայրը, որն, ըստ մեր քաղաքի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի` պետք է Երեւանի «սիրտը» լինի: Այս օրերին Օպերայի հրապարակը, որը Հայաստանի անկախության տարիներին վերանվանվելով` դարձել էր Ազատության հրապարակ, վերածվել է «ռաբիս» մի միջավայրի: Այս կոնտեքստում «ռաբիս» բառի գործածումը (առանց հեգնական երանգների) շատ տեղին է, քանի որ զանգվածային ճաշակը եւ այս ու այն հարեւան մշակույթներից որոշ դրվագներ փոխառելն ու իրար միաձուլելն է կազմում «աշխատավորական արվեստի» հիմքը: «Ռաբիսն», իհարկե, միայն ձեւավորում կամ մեղեդի չէ, ռաբիսը` մտածելակերպ է, որն էլ բուն է դրել Օպերային հրապարակում: Աշխատավորական-արվեստային կերպը մարմնավորվել է ներկված մետաղյա, ցելոֆանե ու ռետինե կարուսելների, իրար կցմցված շարժական ու փչովի ատրակցիոնների, ու այդ զվարճանքի աղբյուրները աշխատեցնող անձանց կերպարներում: Սպորտային հագուստով ու սուրքիթ կոշիկներով տղամարդը մանկական գնացք է վարում Սպենդիարովի ու Թումանյանի արձանների շրջակայքում, ազդանշան տալիս ու առաջարկում «պտտեցնել» երեխաներին: Ընդ որում` կարուսելների դասավորության շնորհիվ լիովին փակվել է Հովհաննես Թումանյանի արձանը, որն այժմ տեսանելի է միայն նախկին զուգարանների մոտից, իսկ մնացած կետերից միայն գունազարդ, արհեստական նյութից պատրաստված բուրգն է երեւում: Հրապարակի պարագծով «Բարբի» տիկնիկներով ու «սպայդերմեններով» զարդարված մանկական հեծանիվները սպասում են իրենց հեծյալներին, իսկ կիզիչ արեւի տակ շիկացած ցելոֆանե բատուտը աշխատեցնող, հողաթափերով տղան գոռում է` «Արի տա՛ր էրեխուդ, ժամանակը պրծավ…»:
Ժամանակը հզոր գործոն է, որն էլ միջավայր է ձեւավորում: Օպերայի հրապարակը եւ ասկետիկ, եւ բազմամարդ, եւ շրջափակված է եղել, սակայն այն երբեք չի կորցրել իր էներգիան, որն էլ ձգողական ուժով է օժտել այդ վայրը: Այդտեղ հողի տակ հիշողություն է կոնսերվացված, որն էլ հիմա փոխարինվում է էժանագին ձեւավորմամբ ու «ռաբիս» ժամանցով: Նույնիսկ այն ժամանակ, 1988-ին, երբ այստեղ բազմամարդ հանրավաքներ էին տեղի ունենում, տանկեր էին հավաքվում, ոստիկաններ (ռուս ու հայաստանցի) էին շրջում, կամ նախագահական ինագուրացիաներ էին տեղի ունենում, Օպերայի հրապարակը պահպանում էր կենտրոնական վայրի գիտակցումը, իսկ այսօր, ընդամենը մի քանի օրերի ընթացքում, այդ վայրի իմաստը լիովին վերափոխվել է: Օպերայի այսօրվա հրապարակը կենտրոն չէ, ոչ էլ քաղաքի «սիրտն» է, այսօր ընդամենը կույրաղիք է, որը քաղաքի օրգանիզմի անխափան աշխատանքում ոչ մի դերակատարում չունի:
Օպերայի հրապարակը շատ բան է տեսել (բացօթյա համերգներ, բազմամարդ հանրահավաքներ, մարդկանց ոգեւորություն, մահ, հուղարկավորություն, պաշտոնական ու ոչ պաշտոնական հավաքներ), սակայն իրավիճակը, որում այն այսօր հայտնվել է, չտեսնված ու չլսված բան է: Հրապարակին տրվել է այնպիսի դեր (ասենք` քողարկված լրտեսի, որը նաեւ լավ չի հասկանում իր պարտականությունները), որն ուղղակի ոչնչացնում է «օպերա», «հրապարակ», «երեւանցի» հասկացությունները` այդ ամենը տեղափոխելով վիրտուալ դաշտ: Բուն հրապարակում տեղի է ունենում էքսպերիմենտ, որի նպատակը «ռաբիսի» նստավայրի հիմնումն է հենց քաղաքի «սրտում»:
Օպերայի հրապարակը դարձել է այնպիսին, ինչպիսին նրան ուզում են տեսնել քաղաքի տերերը: Այսինքն` իմաստազուրկ ու գռեհիկ մի վայր, որը ոչ թե ձգում է մարդկանց, այլ վանում է: Կարծես ասվում է` ձեռ քաշեք այս հրապարակից: Հրապարակն, իհարկե, ներքին դիմադրություն ցուցաբերում է (ասենք` հանկարծ աղմուկի միջից երգչախմբային որեւի կատարման հատված է հնչում, կամ էլ քամին քշում-տանում է անիմաստ կարուսելների անիմաստ ծածկերը), սակայն պատկերը, միեւնույն է, շատ տխուր է:
Օպերայի տարածքում հիմա ոչ միայն նստելը կամ զբոսնելը, այլեւ անցնելն է դժվար դարձել: Վրայովդ գնացքն է քշում, մի կողմում զրնգում է խաղային ավտոմատը, մյուս կողմում` հայհոյախառն հայերեն է հնչում, արեւածաղիկ են «չրթում»… Եվ մնում է միայն նայել Օպերայի շենքին ու մտածել, որ ժամանակն, այնուամենայնիվ, ամեն բան իր տեղը կդնի, եւ այս անճաշակ իրականությունը կմոռացվի վատ երազի պես: Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ ամառվա ընթացքում այդտեղ մանկական միջոցառումներ պետք է կազմակերպվեն: Այս հայտարարությունն, իհարկե, հակասում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից իրականացվող միջոցառումային ծրագրերին: Չէ՞ որ մեր ակադեմիական թատրոնը դասական երաժշտության օջախ է, իսկ հիմա այս օջախ կարելի է մտնել միայն ետնամուտքից, քանի որ շքամուտքը հանձնվել է «ռաբիսին», այն էլ` մանուկներին ուղղված: Ինչո՞ւ մանկական այդ միջոցառումները որեւէ այգում չեն կազմակերպվում, որտեղ ավելի շատ կանաչածածկ տարածքներ կան եւ երեխաների համար` մաքուր օդ:
2 տարի շարունակ այստեղ հուժկու շինարարություն էր իրականացվում, ստորգետնյա ժամանակակից ավտոկանգառ էր կառուցվում, իսկ մշակույթի ոլորտի պատասխանատուները «հուժկու» ծրագրեր էին կյանքի կոչում` թանկարժեք բալետների ու օպերաների բեմականացման տեսքով: Իսկ արդյունքը եղավ «ֆաստ-ֆուդ» հիշեցնող ժամանցային դեկորացիան, որի տակ էլիտար գարաժ է, վերեւում` էլիտար արվեստ, իսկ միջուկը` «ռաբիսն» է: Իրականում խնդիրը ոստիկաններին կարուսելներով փոխարինելու մղումը չէ (ի՞նչ արած, այդպես էլ է լինում), ոչ էլ կարուսելների բիզնես անող անձանց հարկային դաշտ բերելն է (ստվերային տնտեսությունն արդեն արտառոց չի դիտվում), եւ ոչ էլ կարուսելային բարիկադներ կուտակելն է: Ստեղծված իրավիճակը ցանկալի է առնվազն մեկնաբանել ֆունկցիոնալության տեսակետից (էլ չասած մշակութաբանական վերլուծության մասին): Ասենք, կարելի է պետական այրերի շուրթերով հայտարարել, որ այժմ մեր հանրապետությունը օպերան ու կարուսելը դնում է նույն հարթության վրա, եւ քանի դեռ երեխաները Օպերայի ու բալետի շենք չեն մտել, նրանք պետք է մի քանի անգամ «պտտեցվեն» օդում, որպեսզի հետագայում բարձր արվեստին հաղորդակցվելիս` նրանց մոտ գլխապտույտ չսկսվի: