Բուժիչ նամակներ

15/06/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ալերգիան պետք է վնասազերծել

Ալերգիաներով տառապող մարդիկ ծանր վիճակներում են հայտնվում տարվա տարբեր եղանակներին, հատկապես գարնան ծաղկունքի ժամանակ, որն արտահայտվում է արցունքներով ու քրոնիկական հարբուխով: Այսօր որոշեցինք անդրադառնալ այնպիսի ժողովրդական բուժիչ միջոցների, որոնք կարող են օգնել ալերգիաների դեմ պայքարելուն:

Ալերգիկներն, առաջին հերթին, իրենց բուժումը պետք է սկսեն սնվելուց: Այսինքն` ալերգիայի պատճառներից մեկը մարսողական տրակտի ու աղիների ոչ լավ աշխատանքն է: Երբ աղիները կանոնավոր չեն գործում` օրգանիզմի համար անպետք ու թունավոր նյութերը սկսում են վնասել: Հետեւաբար, առաջին հերթին պետք է մաքրել աղիները, իսկ դա կարելի է անել նաեւ բազուկի միջոցով:

Ալերգիան բուժելու համար պետք է նաեւ հայտնաբերել, թե կոնկրետ ինչից է այն առաջանում: Մասնագետներն, օրինակ, խորհուրդ են տալիս շատ պարզ ու հասարակ մեթոդ գործածել` շատ ջուր խմել: Ջուրը մաքրում է օրգանիզմը: Սրված վիճակում որոշ ժամանակ պետք է հրաժարվել նաեւ սուրճից: Օրվա մեջ պետք է մի պտղունց աղով 8 բաժակ ջուր խմել: Արդյունքը կզգացվի 1 շաբաթ հետո: Առհասարակ, աղն օգնում է արյունը մաքրելուն: Մաշկային ալերգիայի դեպքում` մաշկաբորբին կամ եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Այս թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է նեխուրի արմատներով թուրմ պատրաստել: Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը` 15-20 ծաղկի եւ 1 բաժակ եռացրած ջրի հարաբերությամբ: Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր տալիս հավասար քանակությամբ եղինջի ու շամբուկի տերեւներից թուրմ պատրաստել եւ գոլ վիճակում լվանալ հիվանդ մասերը: Նման դեպքերում շատ լավ օգնում են կատվալեզվի (փպՐպՊՈ) լուծույթով լոգանքները` 1 դույլին 100 գրամ հարաբերությամբ:

Ալերգիային օգնում է օշինդրի թուրմը: Անհրաժեշտ է պատրաստել օշինդրի թունդ թուրմ, լավ լվացվել օճառով, այնուհետեւ ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, սակայն չչորացնելով այն, քանի որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքն իրեն չորանա:

Ներաճող եղունգներ

Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը դեպի կողք է աճում` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, եւ հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում: Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում: Սկզբում հիվանդությունն իր մասին զգացնել է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է ու այտուցվում, իսկ ժամանակին դա չկանխելու դեպքում, սկսում է եղունգից թարախային արտադրություն գալ: Շատ հաճախ մարդիկ փորձելով խնդիրը լուծել` ավելի կարճ են կտրում եղունգը, խորացնելով առանց այն էլ լուրջ իրավիճակը: Իսկ այս դեպքում միշտ էլ մեծանում է ինֆեկցիայի հավանականությունը: Հիվանդի անտարբերությունը կարող է շատ վտանգավոր բարդությունների հանգեցնել` հյուսվածքները կարող են նեկրոզվել եւ հասցնել ընդհուպ մեծ մատի գանգրենայի: Այս հիվանդությունը բուժելու ամենալավ ժամանակը ամառվա եղանակն է, քանի որ ամռանը հիմնականում բաց ու ազատ կոշիկի մեջ է լինում ոտքը:

Եղունգի ներաճելու պատճառները մի քանիսն են` եղունգի ոչ ճիշտ, չափից խորը կտրելը, նեղ կոշիկ կրելը` հատկապես բարձրակրունկ: Այս ժամանակ եղունգը ուժեղ սեղմվում է թմբիկի մեջ: Երբեմն էլ օրգանիզմը հակվածություն է ունենում եղունգների ներաճելուն: Եղունգի ներաճ է լինում, եթե ոտքը սնկային հիվանդություն է ձեռք բերում, կամ, եթե որեւէ հարվածի է ենթարկվում: Եթե այս երեւույթը շարունակական բնույթ է կրում, ապա պետք է հրաժարվել նեղ կոշիկներ հագնելուց ու եղունգները շատ կարճ կտրելուց: Իսկ եղունգի ձեւը պետք է լինի քառակուսի, բայց ծայրերը մի քիչ կլորավուն: Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ տանը պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ կատարել` քլորոֆիլիպտով եւ յոդուկսունով: Իսկ եթե այնուամենայնիվ ներաճած եղունգը շարունակում է ձեզ անհանգստացնել, ուրեմն անհապաղ պետք է դիմել բժշկի: Ժամանակակից բժշկությունն այս խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում, այդ թվում` վիրաբուժական միջամտությամբ ներաճած եղունգի հեռացումը: Չնայած այս մեթոդը բազմաթիվ բացասական կողմեր ունի` սկսած հետվիրահատական ցավերից, որ կարող է տեւել 2 շաբաթ, վերջացրած` ապաքինման երկարատեւ գործընթացից: Մյուս տարբերակը ներաճած եղունգի լազերային վիրաբուժությունն է, որի ժամանակ հեռացվում է եղունգի միայն ներաճած մասը: