Արի տուն

11/06/2010

Երեկ լրատվական գործակալությունները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Թուրքիայի Սամսունի նահանգային ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել եւ երկրից արտաքսվել են օտարերկրյա 43 քաղաքացիներ, որոնց մեջ եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Ոստիկանությունը երկար ժամանակ հետեւել է մի խմբի, որի անդամները զբաղվել են կավատությամբ, եւ հավաքելով համապատասխան ապացույցները, օրեր առաջ ձերբակալել է այդ խմբի անդամներին: Ոստիկանությունը Սամսունի տարբեր հյուրանոցներից եւ բնակարաններից բերման է ենթարկել 65 մարմնավաճառների, որոնց մեջ եղել են Վրաստանի, Դաղստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի քաղաքացիներ: Թե որքանով է հայ մարմնավաճառների արտաքսումը պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ընդհատմամբ կամ հայերին վտարելու` Ռեջեփ Էրդողանի սպառնալիքների հետ, դժվար է ասել: Սակայն մեր իշխանությունները այս փաստը կարող են օգտագործել որպես «Արի տուն» ծրագրի հաջողության ապացույց: Առավել եւս, որ Հայաստանի ներկայիս պայմաններում մարմնավաճառությունը «գործունեության» այն եզակի տեսակներից է, որն իսկապես հաստատուն աճ է արձանագրում եւ համահունչ է իշխանությունների «ընդլայնողական քաղաքականությանը»: Քանի որ, մարմնավաճառներից բացի, դժվար է գտնել արտերկրում աշխատող այլ հայերի, ովքեր կարող են իշխանությունների կոչով վերադառնալ «տուն»: