Երեւանի Կոնյակի գործարանի ամենամեծ ձեռքբերումը խաղողագործների վստահությունն է

02/10/2005

Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ տեսակարար կշիռ ունի
գյուղատնտեսությունը: Որպես տնտեսության ճյուղ` գյուղատնտեսության դերը ՀՀ
տնտեսության մեջ զգալի է եղել գրեթե բոլոր ժամանակաշրջաններում` սկսած
ԽՍՀՄ պլանային տնտեսության մոտ 70 տարիներից` մինչեւ ազատ շուկայական
հարաբերություններին անցած ներկայիս Հայաստանում: Եթե ԽՍՀՄ տարիներին
գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀԽՍՀ ՀՆԱ-ում կազմել է 10-15%, ապա
այսօր այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 35-40 %-ի: Ի թիվս այլ ոլորտների ու
մշակաբույսերի, գյուղատնտեսական արտադրանքի կառուցվածքում իր հերթին մեծ է
խաղողագործության չափաբաժինը:

Իհարկե, անհամեմատելի են այդ խաղողի համախառն արտադրության ներկայիս
ծավալները ԽՍՀՄ տարիներին արտադրվածի հետ. այն ժամանակ արտադրվող խաղողի
ծավալը 3-4 անգամ գերազանցում էր այսօրվա համապատասխան ցուցանիշը: (Խաղողի
մթերման ծավալային եւ գնային ցուցանիշները ներկայացված են աղյուսակ
1-ում): Սակայն ակնհայտ է, որ չնայած նախկինի համեմատ խաղողի ներկայիս
համեստ քանակությանը, այն, այնուամենայնիվ, հսկայական նշանակություն ունի
ՀՀ տնտեսության համար` ընդհանրապես եւ գյուղատնտեսության համար`
մասնավորապես: Խաղողը Հայաստանի համար միայն գյուղատնտեսական մշակաբույս
չէ. դարեր ի վեր խաղողը համարվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի
խորհրդանիշներից մեկը: Անգամ ԽՍՀՄ զինանշանի վրա պատկերված էր խաղողի
վազը, որը խորհրդանշում է այդ պտուղը մշակելու ծանր աշխատանքը եւ հայ
խաղողագործի պայքարը բնության դաժան պայմանների դեմ: Հայաստանը լեռնային
երկիր է, եւ ցանկացած մշակաբույսի, առավել եւս` մեծ խնամք պահանջող խաղողի
աճեցման համար տքնաջան աշխատանք է պահանջվում: Այնպես որ, խաղողն
արտահայտում է բնական ռեսուրսների տեսանկյունից` աղքատ, սակայն` աշխատասեր
բնակչություն ունեցող Հայաստանի ընդհանուր նկարագիրը, ինչն արտացոլվել է
արվեստի գրեթե բոլոր ճյուղերի հանճարեղ ստեղծագործություններում:

ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսության մեծ տեսակարար կշիռը պայմանավորված
է նաեւ այն հանգամանքով, որ այստեղ միշտ զարգացած է եղել թեթեւ վերամշակող
արդյունաբերությունը: Վերջինիս հումքային ապահովողը, ինչպես հայտնի է,
կրկին գյուղատնտեսությունն է` անասնապահությունն ու բուսաբուծությունը: Ի
թիվս այլ ապրանքատեսակների, ՀՀ-ում զարգացած է ոգելից խմիչքների
արտադրությունը: Այս ապրանքատեսակի գծով մեր երկիրը ոչ թե ներմուծող, այլ
արտահանող երկիր է: Ընդ որում, չնայած ՀՀ-ում արտադրվում եւ լայն սպառում
ունեն ալկոհոլային գրեթե բոլոր խմիչքները` օղին, գինին, կոնյակն ու
գարեջուրը, սակայն այս շարքում կոնյակն առանձնահատուկ տեղ ունի:
Որովհետեւ, ինչպես խաղողը, այնպես էլ` կոնյակը համարվում է Հայաստանի
խորհրդանիշներից մեկը: Բոլոր ժամանակներում Հայաստանը հայտնի է եղել իր
կոնյակով, եւ հայկական կոնյակը շատ երկրներում շարունակում է մնալ մեր
երկրի այցեքարտը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում հայկական կոնյակը
համեմատվել է այնպիսի «կոնյակային» պետության արտադրանքի հետ, ինչպիսին է
Ֆրանսիան, որի փոքր` Cognac քաղաքում շուրջ 300 տարի առաջ ստեղծվել է այս
յուրահատուկ խմիչքը: Պատահական չէ նաեւ, որ պատմության մեջ իրենց հետքը
թողած առաջնորդներն ու քաղաքական գործիչները հայկական կոնյակ են խմել.
1945 թվականի Յալթայի հայտնի կոնֆերանսում, որը պատմության մեջ մտել է
որպես դարի հանդիպում, հայկական կոնյակ են խմել Ստալինը, Ռուզվելտը եւ
Չերչիլը: Վերջինս համարում էր, որ կուբայական սիգարի բույրը լավագույնս
կարելի է զգալ միայն հայկական կոնյակի հետ ներդաշնակեցնելով:

Կոնյակի արտադրությունը ՀՀ տնտեսության մեջ

Հայկական կոնյակը, որի անունը հայտնի է ողջ աշխարհում, պարտական է
Թաիրովին, որը 1887 թվականին Երեւանում հիմնադրել է կոնյակի գործարանը:
Իհարկե, հանրությունը հայկական կոնյակի հիմնադիր է համարում Շուստովին,
սակայն վերջինս Կոնյակի գործարանը գնել է Թաիրովից` 1899 թվականին:
Խորհրդային տարիներին հայկական կոնյակի արտադրությունը համարվում էր ոչ
միայն Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը, այլեւ իր
տեղն ուներ համամիութենական տնտեսության կառուցվածքում: ԽՍՀՄ տարիներին
ԵԿԳ արտադրած կոնյակը արտահանվում էր ոչ միայն ԽՍՀՄ հանրապետություններ,
այլ, առանձին դեպքերում, նաեւ` աշխարհի մի շարք երկրներ: Խորհրդային
տարիներին անգամ ժողովրդական բանահյուսության մեջ մի ասացվածք կար, ըստ
որի` ողջ ԽՍՀՄ տարածքում եւ մասնավորապես` Մոսկվայում մի շիշ ընտիր
հայկական կոնյակով կարելի էր ցանկացած անիրագործելի թվացող հարց լուծել:
Այսօր փոխվել են ժամանակները, փոխվել է տնտեսակարգն ու Հայաստանի պետական
կառավարման համակարգը, փոխվել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի
սեփականատերը, սակայն անփոփոխ է մնացել հայկական կոնյակի համն ու
ինքնատիպությունը, որն արտահայտում է միայն հայկական խաղողի յուրահատուկ
բուրմունքը: Բնականաբար, պահպանվել է նաեւ հայկական կոնյակի փառքն ու
ճանաչումը:

Կոնյակի արտադրության ստանդարտների ժամանակաշրջան

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ընդգրկված էր անկախացումից հետո
Հայաստանում սկսված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներից մեկի`
ապապետականացման ռազմավարության մեջ: ԵԿԳ սեփականաշնորհման հետ կապված
հասարակական բուռն քննարկումներ սկսվեցին 1998 թվականին, երբ հայտարարվեց,
որ պետությունը պատրաստվում է մասնավորեցնել Երեւանի կոնյակի գործարանը:
Անմիջապես այդ հարցը քաղաքականացվեց եւ դարձավ քաղաքական գործիչների
ելույթների հիմնական թեման: Այդ քննարկումներում գերիշխող էր ոչ թե առողջ
դատողությունը, տնտեսական հաշվարկներն ու արդյունավետ կառավարման
այլընտրանքային մոդելների ներկայացումը, այլ` պոպուլիզմը. ինչպե՞ս կարելի
է վաճառել պետության համար «ռազմավարական» նշանակություն ունեցող Երեւանի
կոնյակի գործարանը: Ի դեպ, այդ պոպուլիստական քննարկումները շարունակվում
են մինչեւ օրս: Օրինակ, ինչ-որ ուժեր կամ գործիչներ ԵԿԳ-ին մեղադրում են
իբր թե կոնյակի սպիրտի ներկրման մեջ: Այն դեպքում, երբ եւ՛ բնեղեն
ցուցանիշները, եւ՛ փաստաթղթային տվյալներն ապացուցում են, որ ԵԿԳ-ն ոչ
միայն սպիրտ չի ներմուծել, այլեւ 1999 թվականից հետո ներդրել է հայկական
կոնյակի արտադրության ստանդարտների համակարգ: Ըստ այդ ստանդարտների,
հայկական կոնյակ կարող է համարվել միայն այն կոնյակը, որն արտադրվել է
ՀՀ-ում աճեցված խաղողից: Ընդ որում, խաղողի թորումն ու կոնյակի շշալցումը
նույնպես պետք է իրականացված լինի Հայաստանում: Իհարկե, 1999 թվականին
հաղթեց իշխանությունների քաղաքական կամքը եւ, ի հեճուկս պոպուլիստական
մեղադրանքների, գործարանը 1998 թվականին բաց մրցույթում հանվեց վաճառքի: Ի
վերջո, Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերը դարձավ ֆրանսիական
աշխարհահռչակ «Pernod Ricard» ընկերությունը: Վերջինս ոչ այնքան առանձին
ընկերություն է, այլ հանդիսանում է աշխարհի խոշորագույն գինի եւ կոնյակ
արտադրող ընկերությունների խումբ: «Pernod Ricard» ընկերությունը
ալկոհոլային խմիչքների համաշխարհային կառուցվածքում այսօր զբաղեցնում է
2-րդ տեղը: Ժամանակը ցույց տվեց, որ նման օբյեկտների սեփականաշնորհման
դեպքում կարեւորն ապագա սեփականատիրոջն առաջադրվող պայմաններն են ու դրանց
պարտաճանաչ կատարումը: Իսկ Երեւանի կոնյակի գործարանը պարտաճանաչ կատարում
է ոչ միայն խաղողի մթերման եւ այլ հարցերի հետ կապված
պարտավորությունները, այլեւ ապահովում է այն սկզբունքային պահանջը, որ
դրվել էր հենց սեփականաշնորհման ժամանակ: Խոսքը բազային կոնյակի սպիրտի
պահպանման պարտավորությունների մասին է: 2005 թվականի հունվարի 1-ի
դրությամբ ԵԿԳ-ում պահուստավորված սպիրտների միջին տարիքը կազմել է 10
տարի, ինչը պայմանագրային հիմնական կետերից մեկն էր: Արդեն 7 տարվա
անցյալից հետադարձ հայացք գցելով ու նաեւ համեմատելով ապապետականացված այլ
խոշոր օբյեկտների հետ, ակնհայտ է դառնում, որ Երեւանի կոնյակի գործարանի
սեփականաշնորհումը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ
իրականացված խոշոր սեփականաշնորհման ամենահաջողված օրինակներից է: Կոնյակի
գործարանն արդեն նոր մասնավոր սեփականատիրոջ օրոք դարձավ լավագույն
օրինակն այն հիմնադրույթի, որ գործում է ողջ քաղաքակիրթ ու ազատ
տնտեսություն ունեցող աշխարհում. տնտեսվարող սուբյեկտների կառավարման
լավագույն ձեւը մասնավոր սեփականությունն է: Սա ոչ թե սուբյեկտիվ
գնահատական է, այլ` փաստերով ու թվային տվյալներով ապացուցված
ժամանակագրություն ու ոլորտի պատմություն: PR-ի կողմից ԵԿԳ-ի
սեփականաշնորհման արդարացվածության լավագույն ցուցանիշը, թերեւս, վաճառքի
ծավալն է. 1999 թվականից, այսինքն` գործարանը գնելուց ի վեր, «Արարատ»
կոնյակի վաճառքի ծավալներն ավելացել են 4 անգամ: Երեւանի կոնյակի
գործարանը ներկայումս, բացի զուտ մասնավոր բիզնես լինելուց, իրականացնում
է նաեւ ամբողջ տնտեսության մակարդակով կարեւորագույն ֆունկցիա, ինչի
արդյունքում լուծում է նաեւ շատ լուրջ հասարակական-սոցիալական խնդիր:
ԵԿԳ-ն արդեն ավելի քան 7 տարի մթերում է Հայաստանում աճեցվող խաղողի
համախառն արտադրանքի ավելի քան 70 %-ը: Այսինքն` ԵԿԳ-ի շնորհիվ մի քանի
հազար գյուղացիական տնտեսություններ ու խաղողագործներ հոգում են իրենց
ապրուստի խնդիրները: Բացի այդ, մթերելով արտադրված խաղողը եւ նաեւ
հեռանկարային համագործակցության պայմանագրեր կնքելով խաղողագործների հետ,
ԵԿԳ-ն, փաստորեն, հանդիսանում է հայկական խաղողի յուրահատուկ սորտերի
պահպանման երաշխավորը:

Քաղաքակիրթ աշխատաոճ, պայմանագրային հարաբերություններ

Սկսած 1998 թվականից, երբ Երեւանի կոնյակի գործարանը սեփականաշնորհվելուց
հետո ընդգրկվեց ֆրանսիական «Pernod Ricard» խմբում, նախկին խորհրդային
բյուրոկրատական համակարգին հատուկ վարքուբարքով եւ գրված ու չգրված
օրենքներով աշխատող ԵԿԳ-ում անմիջապես ներդրվեց ժամանակակից քաղաքակիրթ
աշխարհին, մասնավորապես` ֆրանսիական` բիզնես-մենեջմենթին հարիր կառավարման
համակարգ: Ներկայումս անգամ ԵԿԳ-ի կառավարման կազմակերպական կառուցվածքի
մակերեսային ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդ
կազմակերպությունում աշխատակիցների լիազորություններն ու
պարտականությունները բաշխված են այնպես, որ նվազագույնի է հասցված
թղթաբանական քաշքշուկը եւ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն այս
յուրահատուկ բիզնեսն արդյունավետ կառավարելու համար: Ընդ որում, պետք է
հատուկ ուշադրություն դարձնել, որ կոնյակի արտադրությունն ամբողջությամբ
չի ենթարկվում ստանդարտ բիզնեսի կանոններին եւ պահանջում է հատուկ
կառավարչական մոտեցումներ ու որոշումների ընդունման ոչ համընդհանուր
սկզբունքներ: Պատահական չէ, որ Երեւանի կոնյակի գործարանում միայն
բարձրագույն ղեկավարության մի մասն է ազգությամբ ֆրանսիացի: Աշխատակազմի
մնացած գրեթե բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ կոնյակի արտադրության պարտադիր
բաղադրիչներից մեկի` խաղողագործների, այսինքն` հիմնականում գյուղական
բնակիչների հետ շփումներն են: Դա մարդկային եւ աշխատանքային
հարաբերությունների բավական նուրբ ոլորտ է: Այդ իմաստով, Հայաստանի գրեթե
բոլոր մարզերի խաղողագործները խոստովանում են, որ եթե չլինեին Երեւանի
կոնյակի գործարանի մթերման հատուկ պայմանները, ապա խաղողագործությունը`
որպես գյուղատնտեսական մշակույթ, Հայաստանում գնալով անկում կապրեր եւ
կհայտնվեր անգամ իսպառ վերացման մարտահրավերի առաջ: Իսկ ԵԿԳ-ի կողմից
գյուղացիներին առաջարկվող մթերման պայմանները համապատասխանում են այս
ոլորտի միջազգային չափանիշներին: Իհարկե, հաշվի են առնված նաեւ տեղական
առանձնահատկությունները: Եթե փորձենք հակիրճ ներկայացնել ԵԿԳ-ի եւ
խաղողագործների միջեւ պայմանագրային հարաբերությունները, ապա կարելի է
ասել, որ դրանք կառուցված են տնտեսական իրավունքի բոլոր նորմերին ու
պահանջներին հետեւելով: Նախ` ԵԿԳ-ն խաղողագործներին չհիմնավորված
խոստումներ չի տալիս, այսինքն` նախորդ տարի կամ գյուղատնտեսական տարվա
սկզբում գյուղացիներին չի հայտարարում, թե որքան խաղող արտադրեք` այնքան
կգնենք: ԵԿԳ-ն մթերում է միայն նախորդ տարի կանխատեսված եւ ընթացիկ տարվա
համար ֆիքսված ծավալով: Մթերման գինը հայտարարվում է մթերման շրջանի
սկսվելուց շուրջ մեկ շաբաթ առաջ: Որպեսզի գյուղացին կարողանա հաշվարկել իր
ծախսերն ու ստացվելիք եկամուտները: Ընդ որում, մթերման գնային
քաղաքականությունը շատ ճկուն է. խաղողի մթերման պայմանագրերում ԵԿԳ-ն
գյուղացիներին առաջարկում է, այսպես կոչված, բոնուսային համակարգ: Դրա
էությունն այն է, որ եթե խաղողագործն ապահովում է պայմանագրով նախատեսված
պարտավորությունները, այսինքն` հանձնում է այնքան ծավալի բերք, որքան
նշվել է պայմանագրում, ԵԿԳ-ն նախորդ տարի մթերված խաղողի յուրաքանչյուր
կիլոգրամի դիմաց վճարում է լրացուցիչ 12 դրամ: Այս թիվը հաստատուն չէ, եւ,
կախված գյուղատնտեսական տարվա առանձնահատկություններից եւ խաղողի ու
կոնյակի գինը պայմանավորող բազմաթիվ այլ գործոններից, կարող է փոփոխության
ենթարկվել: Սակայն անկախ ամեն ինչից, գյուղացին գոհ է Երեւանի կոնյակի
գործարանից: Դեռեւս խորհրդային մտածողությամբ ապրող հայ խաղողագործը ԵԿԳ-ն
ընկալում է մոտավորապես այնպես, ինչպես նախկինում վերաբերվում էր
պետությանը: Այսինքն` ինչպես մի ինստիտուտի, որը երաշխավորում է իր
տնտեսության գոյությունն ու շարունակականությունը: Սա, թերեւս Երեւանի
կոնյակի գործարանի ամենամեծ ձեռքբերումն է:

Ամփոփելով, առանց վարանելու կարելի է ձեւակերպել, որ ֆրանսիական
կառավարման կուլտուրայով ղեկավարվող եւ հայկական կոնյակ արտադրող Երեւանի
կոնյակի գործարանը, ինչպես նախորդ 7 տարիներին, այնպես էլ այս տարի լուրջ
դերակատարում է ունեցել եւ ունենալու է Հայաստանի սոցիալ-տնտեսական
կյանքում: Համենայնդեպս, մեր երկրում ստեղծված ավելացված արժեքի, այսինքն`
բարիքի, հետեւաբար` նաեւ առաջընթացի թեկուզ համեստ, բայց կայուն
չափաբաժինը պատկանում է Երեւանի կոնյակի գործարանին: Քանի որ բիզնեսում
կարեւորը ոչ թե սեփականատիրոջ ազգային պատկանելությունն է, այլ առկա
մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ կառավարման ճանապարհով
հնարավորինս օգտակար բարիքի ստեղծումը: Ինչը բարեհաջող կերպով
իրականացնում եւ, ըստ ԵԿԳ 2004-2015թթ. Ռազմավարական զարգացման ծրագրի,
շարունակելու է իրականացնել Երեւանի կոնյակի գործարանը: