Նոր օրենքն անօրինակա՞ն է

11/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հինգշաբթի օրը` Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին օրը, ժամը 18:30-ին խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստն անօրինական էր: Նման կասկածներ ունեն խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, եւ նման կարծիքի տեղիք են տալիս ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածները:

Հինգշաբթի օրն ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց, որպեսզի ավարտի կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն ու ընդունի այն: Այդպես էլ եղավ` խորհրդարանը քննարկեց ու երեկոյան ժամը 20:35-ին 70 «կողմ» եւ 11 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց այդ օրինագիծը: Սակայն կարծիք կա, որ ԱԺ այդ արտահերթ նիստն իրավական հիմնավորում չուներ, հակասում էր ԱԺ կանոնակարգ-օրենքին: Իսկ ԱԺ-ն հապճեպ արտահերթ նիստ գումարեց, որովհետեւ Հայաստանի իշխանությունների համար հրատապ էր կառավարության ներկայացրած օրինագծի ընդունումը: Բանն այն է, որ հուլիսի 20-ից հայտարարվելու է հեռուստահաճախականությունների լիցենզավորման մրցույթը, եւ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ օրինականացնել կառավարության ներկայացրած այդ փոփոխությունները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր արտահերթ նիստ հրավիրելու այդ որոշումը` հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածին: «ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է ԱԺ նախագահը` ՀՀ նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով կամ ժամկետում»,- նշված է Սահմանադրության 70-րդ հոդվածում:

Եվ Հ.Աբրահամյանը հրավիրել էր արտահերթ նիստ, այսպես ասած, պատգամավորների նախաձեռնությամբ: Սակայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ կետում էլ հստակ սահմանված է. «Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում»: Այսինքն՝ ԱԺ նախագահը կարող է օգտվել իրեն` Սահմանադրության 70-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից միայն հերթական նստաշրջանի ընթացքում: Իսկ այս հերթական նստաշրջանն ավարտվել է նույն հինգշաբթի օրը, ժամը 18:00-ին: Դրանից հետո օրենքը թույլ չի տալիս հրավիրել արտահերթ նիստ: ԱԺ կանոնակարգ-օրենքը, սակայն, հերթական նստաշրջանի ավարտից հետո թույլ տալիս է հրավիրել հերթական նստաշրջան, ինչը եւ, ամենայն հավանականությամբ, արվելու է հունիսի 22-ին: Իսկ արդեն տեղի ունեցած արտահերթ նիստի օրինականությունը վիճարկելի է:

ԱԺ Քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում պնդեց, որ արտահերթ նիստ հրավիրելն օրինական էր: Ընդ որում, այս քառօրյայի ժամանակ Թ. Սողոմոնյանն էր անընդհատ հուշում, թե Հ. Աբրահամյանն ինչպես վարվի, երբ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները յուրաքանչյուր քվեարկությունը հայտարարելուց հետո 20 րոպեանոց ընդմիջումներ էին խնդրում: Եվ Թ. Սողոմոնյանը երեկ մեջբերեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետը, որտեղ ասվում է, թե ԱԺ հերթական նստաշրջանները գումարվում են «…փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչեւ հունիսի երկրորդ հինգշաբթին»: Նրա խոսքերով՝ քանի որ ցանկացած օր ավարտվում է 24:00-ին, ուրեմն այդ օրն էլ դեռ չէր ավարտվել, եւ իրենք կարող էին արտահերթ նիստ հրավիրել: Սակայն նույն՝ 35-րդ հոդվածի 2-րդ կետն արդեն սահմանում է այդ վիճելի ժամկետը. «Հերթական նստաշրջաններն անցկացվում են երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ժամը 12-ից մինչեւ 18-ը»: Այսինքն՝ գարնանային նստաշրջանն, այնուամենայնիվ, ավարտվում է հունիսի երկրորդ հինգշաբթի օրը, ժամը 18:00-ին:

«Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծին դեմ էին քվեարկել «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները: Երեկ փորձեցինք այս խմբակցություններից ճշտել, թե հնարավո՞ր է` օգտագործեն արտահերթ նիստ հրավիրելու որոշման օրինականության վիճելիության հանգամանքն ու վիճարկեն թե այդ նիստի, թե նիստի ընթացքում տեղի ունեցած քվեարկության օրինականությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն արտահերթ նիստի օրինականության հարցը ԱԺ-ում բարձրացրել էր նաեւ քննարկման օրը: Եվ երեկ, թեեւ մեզ հետ զրույցում պնդեց, որ այն ապօրինի նիստ էր, բայց ավելացրեց նաեւ, որ դեռ չեն քննարկել, թե այդ կապակցությամբ որեւէ բան ձեռնարկելո՞ւ են: «Դե հիմա այնքան ապօրինի բան է լինում: Եթե օրենքների քվեարկությունների ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկում են, թեկուզ մեկ կամ երկու հոգի, դա էլ նշանակում է, որ տվյալ օրենքներն էլ են ապօրինի: Խմբակցությունը դեռեւս նման հեռանկար կամ գաղափար չի քննարկել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Փոխարենը՝ պատգամավորը կրկին քննադատեց արդեն ընդունված օրինագիծը եւ կառավարության գործելաոճը՝ նշելով, թե կառավարությունը պարզապես պատերազմ է հայտարարել ԱԺ-ին եւ չի ուզում հարգել օրենսդիր մարմնի ինքնուրույնությունն ու անկախությունը: «Պարտադրում է ընդունել հակաժողովրդավարական օրենքներ իրեն հարմար ժամկետներում: Սա ապօրինություն է, գործադիր իշխանության հակաօրինական գործելակերպի արդյունք: Եվ քանի որ ԱԺ-ն, ցավոք սրտի, արդեն իսկ ավանդույթի ուժով տարիներ շարունակ վեր է ածվել գործադիրի կցորդի, հետեւաբար չկարողացավ դիմադրել ու կառավարությանը բացատրել կամ թույլ չտալ, որպեսզի նման ապօրինի պահանջ դնեն, թե ինչ է այդ օրենքն անհետաձգելի է»,- ասաց Ս. Սաֆարյանը։

ԱԺ «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, թե ինքը ԱԺ կանոնակարգ-օրենքի նեղ մասնագետ չէ, բայց կասկածներ ունի, որ այդ արտահերթ նիստն անօրինական էր: Դաշնակցական պատգամավորն ավելացրեց, որ պետք է ուսումնասիրեն այդ հարցը: «Ես հենց այնպես չեմ կարող հայտարարել, թե նիստն ապօրինի է, ես պետք է կարողանամ ապացուցել: Մենք պիտի ուսումնասիրենք, այո: Եթե պարզվի, որ ապօրինի է, դա արդեն գնաց Սահմանադրական դատարան, դա լուրջ բան է: Բայց ես, ճիշտն ասած, կասկածներ ունեմ, որովհետեւ, ընդհանրապես, երբ դիտարկում ես մեր կանոնակարգը, տարբեր հոդվածներ իրար են բախվում: Շատ անմակարդակ ձեւով են կազմված, եւ շատ հաճախ իրար հակասող ու տարընթերցումների տեղեր թողնող գլուխներ կան»,- ասաց Վ.Հովհաննիսյանը: