Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ դեռեւս շուտ է խոսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտի մասին: «Այդ դրամայի երկրորդ գործողությունը նոր է սկսվել, ֆինանսական շուկաները կորցրել են ինքնիշխան պարտքի հուսալիության հանդեպ վստահությունը»,- ասել է նա Վիեննայի միջազգային ֆինանսների ինստիտուտում հունիսի 10-ի իր ելույթի ժամանակ: «Չնայած նրան, որ այդ դրամայի կենտրոնում հայտնվեցին Հունաստանը եւ եվրոն` դրա արդյունքն իր վրա զգում է ողջ աշխարհը»,- ասել է նա` հավելելով, թե ֆինանսական ճգնաժամը հիշեցնում են 20-րդ դարի 30-ական թվականները: Ջորջ Սորոսի կարծիքով, եվրոպական երկրների կառավարություններն այժմ կանգնած են ծայրահեղ դժվար խնդրի առաջ. նրանք պետք է օգնեն Մաաստրիխտյան չափորոշիչներին չհամապատասխանող երկրներին: