Դուռը փակեք՝ դուրս չգանք

11/06/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Մենք պետք է ավելի շատ հետեւենք Հայաստանի մրցակիցներին (հարեւան երկրներին կամ տարածաշրջանում նմանատիպ արդյունք կամ ծառայություն առաջարկող այլ երկրներին) եւ որոշենք, թե ինչպես կարող ենք գերազանցել նրանց` թե՛ որակի եւ թե՛ զարգացման առումով: Մրցակցությունը նաեւ ենթադրում է նորարարություն եւ նոր մտքեր, համագործակցություն, ինչպես նաեւ՝ ռեսուրսների արդյունավետ եւ օպտիմալ օգտագործում»:

Սա մի հատված է Հայաստանի Հանրապետության «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից»։ Բավականին առողջ միտք է, որի հետ դժվար է չհամաձայնել։ Բայց պարզվում է՝ «նորարարության եւ նոր մտքերի» առումով զբոսաշրջության ոլորտի մեր պատասխանատուները իրենք իրենց գերազանցել են՝ այնպիսի բան են մտածել, որ աշխարհում երեւի ոչ մի տեղ չկա։

Մինչ առաջ անցնելը՝ նշենք, որ զբոսաշրջության թեման հատկապես այս ամիսներին է սկսում ակտիվորեն քննարկվել։ Հասկանալի է, որ երկրի համար ձեռնտու է ունենալ որքան հնարավոր է մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Նրանց տված հիմնական օգուտը, իհարկե, փողն է, որն այստեղ ծախսվում է։ Համաձայն վերը նշված հայեցակարգի տվյալների՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է օրական միջինը 36 ԱՄՆ դոլար կամ 705 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր այցելության ընթացքում։ Հաշվի առնելով, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 575 հազար զբոսաշրջիկներ, կարող եք պատկերացնել, թե որքան արտարժույթ է մտնում մեր երկիր։ Բայց կա նաեւ դրա հակառակ կողմը. շուրջ 528 հազար հայաստանցի էլ մեկնել է արտերկիր։ Եվ նկատի ունենալով ավանդական հայկական շռայլությունը եւ օտար երկրի խանութները հանգամանալից ուսումնասիրելու մեր սովորությունը՝ կարելի է ասել, որ մեր զբոսաշրջիկները դրսում ավելի շատ փող են ծախսում։ Միջին եկամուտներ ունեցող ընտանիքները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել Անթալիայում կամ Վրաստանում։ Եվ այն միտքը, որ հայաստանցիներն իրենց խնայած գումարները «սրսկում» են Վրաստանի կամ Թուրքիայի տնտեսության մեջ, հանգիստ չի տալիս շատերին։ Փաստորեն՝ զբոսաշրջության հայեցակարգ մշակողներն, ըստ էության, պետք է երկու խնդիր լուծեն՝ գրավեն արտասահմանցի զբոսաշրջիկներին, եւ միեւնույն ժամանակ՝ այնպես անեն, որ հայաստանցիները նախընտրեն հանգստանալ Հայաստանում։ Հետաքրքիրն այն է, որ առաջին խնդիրը թերեւս ավելի կարեւոր է. եթե հայաստանցուն չես կարողանում համոզել, որ Ծաղկաձորում հանգստանալն ավելի լավ է, քան Անթալիայում, օտարերկրացուն ինչպե՞ս կարող ես համոզել։

Հանուն արդարության՝ նշենք, որ համոզելը բավականին բարդ գործ է։ Թվաբանական գործողություններ կատարելու ունակ ցանկացած մարդ հեշտությամբ հաշվում է, թե որն է ավելի էժան, եւ ընտրությունը կանգ է առնում արտերկրի վրա։ Գներն իջեցնել հնարավոր չէ, եւ մերոնք երկար ժամանակ փորձում են այլ ճանապարհով գործել՝ խաղալ մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա։ «Գնեք հայկականը» կարգախոսը, որը ակտիվորեն պրոպագանդվում է «Հայկական աշխարհի» շրջանակներում, վերաբերում է նաեւ զբոսաշրջությանը։ Այսինքն՝ փորձում են համոզել, որ իսկական հայը պետք է նախապատվությունը տա հայկական առողջավայրերին։ Իսկ Անթալիայի մասին խոսք լինել չի կարող. դավաճանության պես մի բան է։

Սակայն փորձը ցույց է տվել, որ հայերի վրա այդ կարգի քարոզչությունը չի ազդում. նրանք չեն դադարում գնել, օրինակ, թուրքական «Makel» ֆիրմայի անջատիչներ, հագնել թուրքական բաճկոններ ու հանգստանալ Անթալիայի լողափերում։ Ուրեմն այլ մոտեցում է պետք՝ «նորարարություն եւ նոր մտքեր»։ Եվ ահա, բոլորովին վերջերս հանդիպեցինք այդ նորարարությանը։

«First Travel» գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանն օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այս տարի Անթալիա մեկնելու զբոսաշրջային փաթեթներ իրենք չեն վաճառելու։ Հետո հիմնավորել է այդ որոշումը. «Մտահոգված ենք զբոսաշրջիկների համար, թե ինչ մոտեցում կցուցաբերվի Թուրքիայում հայ զբոսաշրջիկին։ Ինչքան էլ որ ասեն՝ Անթալիայում չի կարող խնդիր լինել, դա այդպես չէ։ Կա նաեւ մտահոգություն` կապված թուրք-իսրայելական վերջին քաղաքական իրադարձությունների հետ։ Այս պայմաններում բավականին վտանգավոր է Թուրքիա մեկնող մեր տուրիստների համար»։

Անկեղծ ասած՝ երկար մտածեցինք, բայց այդպես էլ չհասկացանք, թե թուրք-իսրայելական հակամարտությունը ի՞նչ կապ ունի Անթալիայում հանգստացողների անվտանգության հետ։ Ո՞վ կարող է ասել, թե Եգիպտոսի ու Իսրայելի հարաբերությունները պակաս լարված են։ Իսկ Կիպրո՞սը, որը որպես այլընտրանք՝ առաջարկում է տուրիստական գործակալության ղեկավարը, շա՞տ ապահով երկիր է։

Եթե այդ տեսանկյունից նայենք՝ ոչ մի երկիր անվտանգ չէ, առաջին հերթին՝ Հայաստանը։ Բացեք ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջը եւ նայեք Հայաստան այցելել ցանկացողներին ուղղված խորհուրդները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից եւ Թուրքիայի հետ լարված հարաբերություններից բացի, Պետդեպը իր քաղաքացիներին զգուշացնում է նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի եւ 10 զոհերի մասին։ Եվ դրան էլ գումարած՝ ավելացնում է, որ մեր երկիրը գտնվում է սեյսմիկ գոտում։ Այսքանից հետո ամերիկացին առնվազն հերոս պետք է լինի, որ հայերի հետ ազգակցական կապ չունենալով հանդերձ՝ այցելի Հայաստան։

Սակայն ամերիկյան եւ ոչ մի տուրիստական գործակալություն չի հայտարարի, թե՝ Հայաստան մեկնելու զբոսաշրջային փաթեթներ չի վաճառելու։ Որովհետեւ նրանք բիզնեսմեն են եւ չեն փորձում չափից դուրս հումանիստ ու հայրենասեր երեւալ։ Անվտա՞նգ է Հայաստանը, թե՞ ոչ՝ որոշում է այցելողը, իսկ հնարավոր ռիսկերը ծածկում է ապահովագրական գործակալությունը։ Բայց վերցնել ու մարդուն զրկել իր ուզած երկիրը այցելելու հնարավորությունից՝ ոչ ոքի մտքով չի անցնի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ բիզնեսմենները պակաս չափով չեն ձգտում փող աշխատել։ Իսկ եթե Անթալիա մեկնել ցանկացողներին մերժում են ու ինքնակամ հրաժարվում եկամտից, դա բիզնեսի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Կ. Անդրեասյանը զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ է տվել ժամանակ առ ժամանակ նման քայլեր ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք բարիդրացիական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ։ Սա արդեն ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն։

Միգուցե հիմա հարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը իշխանությունների հետ։ Քանի որ փաստեր չունենք, չենք կարող հայտարարել, որ իշխանությունները զբոսաշրջության ոլորտի ընկերություններին ներքին կարգով հրահանգել են ամեն կերպ խոչընդոտել Թուրքիա կատարվող այցելությունները։ Սակայն դա լիովին հնարավոր ենք համարում՝ հաշվի առնելով թե՛ «Գնեք հայկականը» օրեցօր ավելի ագրեսիվ դարձող քաղաքականությունը, թե՛ հայ-թուրքական արձանագրությունների ձախողումը, թե՛ նախկին փորձը, երբ իշխանությունները պաշտոնյաներին պարզապես արգելում էին մեկնել Անթալիա։

Նշենք, որ ցանկության դեպքում կարելի է նման պատճառաբանությամբ փակել բոլոր այն երկրների դռները, որոնք այս սեզոնին այնքան ձգում են հայաստանցի զբոսաշրջիկներին։ Օրինակ՝ կարելի է թույլ չտալ մեկնել Վրաստան՝ Ջավախքի հետ կապված խնդիրների պատճառով, կամ Եգիպտոս՝ մարդ առեւանգող ուղտապանների ճանկը չընկնելու համար։

Ամեն դեպքում, ով ցանկանում է մեկնել Անթալիա՝ մեկնելու է, թեկուզ այլ երկրի տարածքով։ Արդյունքը լինելու է այն, որ Անթալիայի փաթեթները թանկանալու են դեֆիցիտի պատճառով, եթե մյուս գործակալություններն էլ նույն օրինակին հետեւեն։ Իսկ դա իր հերթին բերելու է նրան, որ մարդկանց մեծ մասը ստիպված է լինելու «հանգստանալ» Հայաստանի առողջարաններում՝ օգուտ տալով սեփական երկրի մեծահարուստներին։