Մեղադրել է դեսպանին

11/06/2010

«Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Նիքքար Էսպահանին իրեն խաբել է եւ իր աշխատությունը ներկայացրել է որպես սեփական դոկտորականի թեմա եւ պաշտպանել է` խախտելով հեղինակային իրավունքները: Բանն այն է, որ նախկին դեսպանի առաջարկով 1996-ի ընթացքում Բ. Կարապետյանը գրել է «Ղարաբաղի խնդրի արմատները» աշխատությունը: Ըստ Բակուր Կարապետյանի` դեսպանն աշխատությունը զուգահեռաբար անգլերեն է թարգմանել, ու գրքի տպագրությունն անվերջ ձգձգում էր, իսկ 2005թ. դեսպանատան մի աշխատակից նրան ասել է, որ Նիքքար Էսպահանին «Ղարաբաղի խնդրի արմատները» աշխատությունը դոկտորականի թեմա է դարձրել: Բ. Կարապետյանը որոշել էր դատի տալ նախկին դեսպանին։ «Նոր դեսպանը, սակայն, առաջարկեց նման բան չանել` ներողություն խնդրելով նախկին դեսպանի կողմից իմ հեղինակային իրավունքը խախտելու համար, եւ ես ներեցի»,- ասել է Կարապետյանը: «Քանի որ աշխատությունը չի հաջողվել տպագրել (բազմիցս դիմել ենք բոլոր ատյաններին, հնարավոր եւ՛ պետական, եւ՛ անհատական հրատարակչություններին, ոչ մի կերպ չենք կարողացել համոզել, եւ բոլորին վախեցրել է գրքի ծավալը), մենք` «Մասսակա» ընկերության տնօրեն Վազգեն Ղազարյանի հետ, որոշեցինք այս աշխատության համար հատուկ կայք ստեղծել եւ աշխարհին ցույց տալ իրականությունը, որովհետեւ խնդիրն ուսումնասիրողները հնարավորություն չունեն նման մի աշխատության առնչվելու, որ կարողանան ճանաչել, իմանալ ճիշտը: Իսկ ադրբեջանական կողմը հազարավոր ամեն տեսակ ստահոդ նյութեր է լցրել համացանցն ու գրադարանները»,- ասել է նա` տեղեկացնելով, որ իր հաշվարկներով` գիրքը տպագրելու համար կպահանջվի մոտավորապես 4500 դոլար: