Կարգավիճակից հետո

11/06/2010

Երեկ ավարտվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների խմբի ճանաչողական այցը Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում էին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ նույն խմբի քարտուղար Ժան-Պյեռ Դելանուան, պատգամավորներ Ռիշար Մալյեն, Առլետ Գրոսկոստը, Ռենե Ռուքեն, Միշել Դիֆենբաքերը, Պասկալ Կրոզոնը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որի ընթացքում նրանք զրուցել են ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի, ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Ֆրանսիացի պատգամավորները ներկա են գտնվել նաեւ ԼՂՀ

5-րդ գումարման ԱԺ առաջին նիստին, հանդիպում են ունեցել նաեւ ԼՂՀ ոչ կառավարական սեկտորի հետ, որի ընթացքում քննարկումներ են ծավալվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր, հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականում եւ Ղարաբաղյան պատերազմում նահատակված հերոսների, Հայոց ցեղասպանության եւ Սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին: Այնուհետեւ այցելել են Խաչեն գյուղ, ծանոթացել SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության կողմից այստեղ իրականացված ծրագրերին, այցելել են Գանձասարի վանք:

«Մեր այցելությունների միջոցով մենք տեղում ծանոթանում ենք իրավիճակին, համոզում ենք մյուսներին տարածաշրջանում խաղաղության պահպանման կարեւորության մեջ»,- ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը` միաժամանակ քննադատելով պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները:

«Մեր նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրն աշխարհին ներկայացնելն է եւ ուժերի ներածին չափով դրա լուծմանն աջակցելը»,- հայտարարել է Ռենե Ռուքեն: Ըստ նրա` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնության՝ անհնար է հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված վերջնական որոշման: «Միայն կարգավիճակի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո կարելի է այլ հարցեր քննարկել»,- հավելել է Ռենե Ռուքեն: