Դաշնակներն ու իրենց տերմինները

11/06/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Ավելի քան 15 երկրների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ Երեւանում մեկնարկեց «Սոցինտերնի» համաժողովը:

Հայաստանից համաժողովին մասնակցում էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը ԱՊՀ երկրներում միակն է, որն ունի «Սոցինտերնի» լիիրավ անդամի կարգավիճակ: Նշենք, որ «Սոցինտերնը» համաշխարհային կառույց է, որը համախմբում է ավելի քան 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ:

Նախապես իր մասնակցությունը համաժողովին հաստատել էր նաեւ Ադրբեջանը, սակայն մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ անհայտ պատճառներով այդ երկրի պատվիրակը Հայաստան չի ժամանելու: Այդ առնչությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ չնայած մեր պետությունները դեռեւս գտնվում են չկարգավորված հակամարտության փուլում, բայց դա չպետք է նման պահվածքի պատճառ դառնա: «Հակառակը, միայն երկխոսությամբ կարող ենք նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասաց նա: Ավելի ուշ «Սոցինտերնի» գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտարարեց, որ իրեն զանգահարել է Ադրբեջանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն եւ ասել, որ օդանավակայանում առաջացած խնդիրների պատճառով իր տեղակալը չի կարողացել ժամանել Հայաստան:

Համաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը: Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Նեսթան Էլիզաբեթ Կիրթաձեի խոսքերով, միջազգային հանրության պատկերացումները Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հաճախ իրականությանը չեն համապատասխանում: Մեզ հետ զրույցում տիկին Կիրթաձեն ասում է. «Սահակաշվիլիի վարչակազմի օրոք մեր երկրում իրավիճակը շատ է ծանրացել: Մեր երկրում շատ լարված քաղաքական իրավիճակ է: Այն, ինչ մենք ունենք երկրում` ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի: Մենք ունենք քաղբանտարկյալներ, մենք ունենք բռնություններ, մարդկանց սեփականության առգրավման տասնյակ դեպքեր, մենք չունենք ազատ մամուլ: 2008-ի օգոստոսից հետո երկրում, պատերազմի հետ կապված, իրավիճակը ավելի վատացավ: Պատերազմներն ու հակամարտությունները լինում են մի երկրում, որտեղ չկա դիվանագիտություն եւ լավ քաղաքականություն: Այսօր էլ մեր հողի վրա արյուն է թափվում, հակամարտություն կա տարածաշրջանների միջեւ, որոնք այսօր կոչվում են անկախ պետություններ, նաեւ խնդիր կա մեր եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված»: Տիկին Կիրթաձեն կարծում է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ շատ ընդհանրություններ կան, թեեւ, ոչ ուղղակիորեն մեզ հետ զրույցում նա գնահատական տվեց նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին. «Ես գիտեմ, որ Հայաստանում, իհարկե, խնդիրներ շատ կան, բայց, որպես հարեւան երկրի ներկայացուցիչ, որի պետությունը եւս տասնյակ խնդիրներ ունի, ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել ձեր երկրին: Բայց մի բան հստակ է: Ժողովրդավարական երկիրը օրենքի, արդար ընտրությունների, խոսքի ազատության վրա հիմնված, առանց քաղբանտարկյալների եւ ազատ մամուլ ունեցող պետությունն է: Եթե դրանցից որեւէ մեկը ձեր երկրում առկա է, ապա, կարծում եմ, ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն առանցքային կետերը, որոնք իրենց կուսակցությունը պատրաստվում է քննարկել ժողովում: «Ընդհանուր առմամբ կանդրադառնանք Հայաստանի սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրներին: Կխոսենք նաեւ կոնֆլիկտների լուծման մեր պատկերացումների եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մեր մոտեցումների մասին»: Իսկ արդյո՞ք Վրաստանի ընդդիմադիր ներկայացուցչի օրինակով՝ ՀՅԴ-ն եւս 15 պետությունների ներկայացուցիչների հետ կխոսի Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Ի պատասխան մեր այս հարցին՝ պարոն Ռուստամյանն ասաց. «Մենք քաղբանտարկյալներ տերմինը չենք օգտագործում, դա մի քիչ այլ ոլորտի հարց է: Բայց, իհարկե, կանդրադառնանք մարդու իրավունքներին եւ այն իրավիճակին, որը մարդու ազատությունների հետ կապված առաջացել է Հայաստանում»: