Հայ Առաքելական եկեղեցին` Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, շարունակում է լռություն պահպանել օտարալեզու դպրոցների բացման թեմայով: Եվ դա` անգամ այն բանից հետո, երբ ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը: Սա խոսուն լռություն է, որն, ըստ էության, նշանակում է մեկ բան` եկեղեցին դեմ է օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությանը: Սակայն իր դիրքորոշումը սեփական հոտին հայտնելու քաջություն չունի: Իսկ չսատարելով իշխանությունների այս չհիմնավորված, հայոց լեզվի դեմ ուղղված քայլին` մեր հոգեւոր հայրերն իրենց խարխլված հեղինակությունը փրկելու հնարավորություն կստանային: Եկեղեցու այս երկարատեւ ու դիվանագիտական լռությունը վկայում է` եկեղեցին պատրաստ չէ ընդդիմանալ իշխանություններին եւ ոչ մի դեպքում: Սա բարոյական ծանր հարված է հավատացյալ հոտին:
Իր վերաբերմունքն օտարալեզու դպրոցների բացման կապակցությամբ, ի դեպ, երկրի նախագահը եւս հասարակությանը հասցրեց բավական երկար ընդմիջումից հետո: Այն էլ` ոչ թե ժողովրդին ուղղված ուղերձով, այլ իր խոսնակի շուրթերով: Սակայն այն հիմնավորումները, որոնք ներկայացվեցին, եւս մեկ անգամ ճշգրտեցին` այս նախաձեռնության հովանավորությունը, ճիշտ է, ստանձնել է Սերժ Սարգսյանը, սակայն դրա հեղինակային իրավունքն ակնհայտորեն իրենը չէ: Հակառակ դեպքում` հիմնավորումներն այդքան մակերեսային չէին լինի: Ի՞նչ է նշանակում՝ «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու հարցը»: Ո՞րն է տարբերությունը, երբ «միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոցներում» կրթությունը լինելու է ոչ հայերենով: Եվ որ, իբր, օտարալեզու դպրոցների բացումը օժտված երեխաներին հնարավորություն կտա բռնել ոչ թե օտարության ճանապարհը, այլ բարձրորակ կրթություն ստանալ անմիջապես հարեւան փողոցում բացված դպրոցում: Եվ որ սփյուռքահայ երեխաները կրթություն ստանալու համար այժմ չեն մեկնի Լոնդոն, Փարիզ, ԱՄՆ, այլ կգան ուղիղ Երեւան: Կամ, ավելի ստույգ, Դիլիջան: Համաձայնեք, սա արդեն լուրջ չէ:
Ամեն դեպքում, նախագահ Սարգսյանի հիմնավորումները հստակեցրին` նախագիծը կազմելու եւ ԱԺ-ով անցկացնելու հրահանգը եկել է հենց նախագահականից: Եվ դա է պատճառը, որ նախագահի ենթակաները` թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում, առանց կարմրելու եւ միմյանց ընդհատելով, ներկայացնում են մեկը մյուսից անհեթեթ հիմնավորումներ: Եվ չկա գոնե մեկ պետական չինովնիկ, ով իրեն վատ զգա մեխանիկական պտուտակի կարգավիճակում, հրապարակայնորեն դեմ արտահայտվի վերադասի հրահանգին եւ պատվով հրաժարական տա: Սա նշանակում է, որ եթե Սերժ Սարգսյանին պարտադրվեն համանման` Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային շահերին հակասող, որոշումներ, կառավարությունում, Ազգային ժողովում ամեն ինչ կանեն` ոչ թե կանխելու դրանք, այլ հիմնավորելու այդ որոշումների հույժ անհրաժեշտությունը: Ստացվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին, կառավարությունը, Ազգային ժողովը ծառայում են ոչ թե Հայաստանին, ոչ թե հայ ժողովրդին, այլ ուղղակիորեն Սերժ Սարգսյանին: Սա նշանակում է, որ մեր ողջ պետական ապարատը կազմված է ինքնուրույն չմտածող, պետության շահերը շեֆի շահերին ստորադասող չինովնիկներից: Եվ նաեւ հոգեւորականներից: Սա մեր պետությանն ու հասարակությանն ուղղված լուրջ սպառնալիք է:
Ի տարբերություն եկեղեցու` Հանրային խորհուրդը (ՀԽ) այս դեպքում չվախեցավ ներկայացնել իր կարծիքը: Այն շատ համառոտ է եւ հասկանալի` ո՛չ օտարալեզու դպրոցներին: Հետաքրքիր է, որ Հանրային խորհուրդը ձեւավորվել էր երկրի նախագահի ցանկությամբ` որպես խողովակ հասարակության եւ իշխանությունների միջեւ: Հասարակությունն ասում է՜ «ո՛չ», եւ ՀԽ-ն այդ ձայնը հասցնում է երկրի նախագահին: Եթե Սերժ Սարգսյանը քամահրի հասարակության կարծիքը, իսկ դա այդպես է, Հանրային խորհրդի անդամները պետք է գնան իրենց տուն` փակելով ՀԽ գրասենյակի գեղեցիկ դուռը: Իսկ հասարակությունը պետք է անի անհրաժեշտ հետեւություններ:
Եթե «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվի, իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան: Նախ` իշխանափոխության անհրաժեշտության մասին այսօր բացահայտ խոսում են ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը: Հասարակությունը միայն այն մտքից, որ իր լեզուն ստիպված է պաշտպանել սեփական իշխանություններից, դուրս կգա իշխանությունների դեմ: Թեեւ ներքաղաքական խմորումների մասին վերլուծություններում հասարակությունը` որպես գործիք, հնարավոր իշխանափոխության համար անհրաժեշտ «ատրիբուտ», չի դիտարկվում: Վերլուծությունների պերսոնաժները բացառապես քաղաքական ուժերի առաջին դեմքերն են, եւ վերջ: Եվ դա բնական է. Սերժ Սարգսյանի եւ մյուս ղեկավարների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ ակնհայտ է` որոշումներն ընդունվում են առանց հասարակության մասնակցության: Հասարակությանը վերապահված է ընդամենն այդ որոշումները քննարկելուց հաճույք կամ տհաճություն ստանալը:
Օրերս քաղաքական վերլուծաբաններից մեկը զրույցի ժամանակ ասաց. «Իշխանափոխություն է պատրաստվում, չե՞ս նկատում: Ահա՛, Գագիկ Ծառուկյանն աշխուժացրել է իր այցերը մարզեր»: Նկատելով, որ ներկաներից եւ ոչ մեկն ուրախությամբ չընդունեց Գագիկ Ծառուկյանի աշխուժության մասին լուրը, շարունակեց. «Նա գոնե ազգային գործիչ է: Եվ հետո, դեմ է օտարալեզու դպրոցներին»:
Այսինքն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընկալվում է ոչ միայն՝ որպես ա) հեռանկար ունեցող քաղաքական գործիչ, բ) այլեւ մեկը, ով ակնհայտ առավելություններ ունի բոլոր նրանց համեմատ, ովքեր իշխանության ղեկին են: Սա շատ վտանգավոր եզրակացություն է: Սակայն` ոչ միակը: Համալսարանի դասախոսներից մեկը` գիտությունների դոկտոր, կիրթ մարդ, ներքաղաքական խմորումների մասին այսպիսի կարծիք է հայտնում` այսօր թող իշխանություն վերցնի ով ուզում է, անգամ Արտաշես Գեղամյանը, միայն՝ ոչ Դաշնակցությունը: Սա էլ մյուս տեսակետն է, որն ավելի անհեռանկար է դարձնում ապագան:
Անկախության 20 տարիների ընթացքում ղեկավարող քաղաքական էլիտան այնքան իջեցրեց քաղաքական գործչի, ղեկավարի նշաձողը, որ այսօր քաղաքականություն են թելադրում մարդիկ, ովքեր հեռավոր գյուղերում պետք է դդում աճեցնեին: Դա է պատճառը, որ, ինչպես Լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը դիպուկ նկատեց, լեզուն ընկալում են որպես գույք` պարտքի դիմաց: