Վերջին տարիներին հայաստանցիների շրջանում մեծ տարածում են գտել սրտանոթային հիվանդությունները, որոնց մասին բազմիցս ահազանգել են մասնագետները:
Այս տարվա ընթացքում առողջապահական ոլորտի հեղինակավոր մի շարք բժիշկներ վերլուծություններ կատարեցին` փորձելով գտնել դրանց պատճառները եւ կանխարգելիչ միջոցառումների փաթեթներ առաջարկել: Հիշեցնենք, որ հասարակության մոտ խուճապ առաջացավ հատկապես զորակոչային տարիքի երիտասարդների մոտ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման մեծ ցուցանիշից հետո: Ընդ որում` հայտարարվեց, որ սրտամկանի ինֆարկտների քանակը գնալով աճում է, ավելին` արձանագրվում է հիվանդության երիտասարդացում: «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» գիտական գծով փոխտնօրեն, «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» տնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, սակայն, հասարակության մեջ խուճապ չի տեսնում, քանի որ, ըստ նրա` սրտանոթային հիվանդությունների աճի միտում չի արձանագրվել: Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների պատկերն ազգաբնակչության մոտ նույնն է, ինչ 5 կամ 10 տարի առաջ էր, այլ կերպ ասած` հիվանդությունը փոփոխության չի ենթարկվել, իսկ տարածվածության մակարդակը նույնն է. «Սրտանոթային հիվանդությունների վիճակագրական տվյալներով` ամբողջ աշխարհում այդ հիվանդության տարածվածության մակարդակը 5-10 տարիների ընթացքում չի զարգացել»: «Ասում եք` հասարակական կարծիք կամ համոզմունք կա, որ տարածվածությունը մեծացել է. անկեղծ ասած` ձեր այդ դիտարկումն ինձ ուրախացնում է, որովհետեւ, ինչպես հասարակության, այնպես էլ` զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը վերջապես սեւեռվեց սրտանոթային հիվանդությունների վրա»: Այդուհանդերձ, Պ. Զելվեյանը համարում է, որ սրտանոթային հիվանդությունների տարածվածություն մեր հանրապետությունում չի արձանագրվել, պարզապես, ինչպես մասնագետներն, այնպես էլ` շարքային քաղաքացիները սկսել են ավելի շատ խոսել այս խնդրի մասին: Բացի այդ, մասնագետի կարծիքով` Հայաստանում առողջությանը հետեւելու եւ բուժհաստատություններ դիմելու կուլտուրա է ձեւավորվում: «Եթե ուշադիր վերլուծում ենք իրավիճակը` համոզվում ենք, որ հասարակությունն առողջությանը հետեւելու իմաստով ավելի ուշադիր է դարձել: Ավելի վաղ են զգում, գնահատում իրավիճակը եւ հաճախ են դիմում բժշկին այդ շեղումները կարգավորելու համար: Հասարակության առողջության համար ամենակարեւոր բանը կանխարգելումն է, իսկ սրտանոթային հիվանդությունները մեր ընդհանուր մահացության 50%-ից ավելին են կազմում: Եթե մենք ուզում ենք մեր պետության մեջ ունենալ առողջ հասարակություն` պարտավոր ենք կանխարգելել հատկապես սրտանոթային հիվանդությունները»,- ասում է Պ. Զելվեյանը: Հիվանդությունների հայտնաբերման արդյունքում հրապարակվում են հիվանդության մասին տվյալներ, որոնք որոշակի տագնապ են առաջացնում մարդկանց մոտ, ինչը, սակայն, ըստ մասնագետի` չի կարելի համարել սրտանոթային հիվանդությունների տարածվածության միտում: «Նախ՝ տարածվածության մասին լուրջ վերլուծություններ անել չենք կարող, որովհետեւ դրա վերաբերյալ մեր հանրապետությունում համարյա թե հետազոտություններ չեն իրականացվել: Միակ հետազոտությունը, որ իրականացվել է տարածվածության գնահատման` դա զարկերակային եւ ճնշման գնահատումն է, որն իրականացվել է «Հայկական բժշկական ասոցիացիայի» կողմից, եւ հետազոտությունը կատարվել է Երեւան քաղաքում: Կարող եմ ասել, որ զարկերակային եւ ճնշման տարածվածությունը Երեւանում կազմում է մոտ 30%, որը համադրելի է ամբողջ աշխարհի հետ: Այնպես որ, տարածվածության մեծացում չկա, կա դիմելիության մեծացում»,- վստահեցնում է Պ. Զելվեյանը: Ինչ վերաբերում է դիմելիության բարձրացմանն, ապա ըստ մասնագետի` դրան նպաստել է հասարակության առողջությանը հետեւելու գիտակցական մակարդակի զարգացումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, որով հասարակության իրազեկությունն ապահովելու մեխանիզմներ են գործում, ինչպես նաեւ` բուժհիմնարկների եւ բժիշկների հանդեպ վստահությունը: Մասնագետի` այս վերջին մտքի հետ, իհարկե, չէի կարող համաձայնել: «Դուք քմծիծաղ տվեցիք. համաձայն եմ ձեզ հետ: Ցավոք, այսօր բժիշկը հասարակության մեջ չունի այն տեղն ու դերը, որը պիտի ունենար: Դիմելիության բարձրացման հետ կապված նաեւ կարող եմ ասել, որ վերջին տարիներին առաջնային օղակն անվճար դարձնելու հետ անմիջական կապ ունի: Չնայած` այստեղ էլ շատ նուրբ, քննարկման հարցեր կան, որովհետեւ, եթե պետությունը հայտարարում է` անվճար առաջնային օղակ, եւ չի կարողանում ֆինանսապես ապահովել որակյալ օգնություն առաջին օղակում` ավելի լավ է չհայտարարի»,- պատասխանեց մասնագետը` ավելացնելով, որ պետությունն իր վրա պետք է վերցնի այն ծանրաբեռնվածությունը, որի տակից կարող է դուրս գալ: Հետեւաբար, ըստ նրա, առաջնային օղակի ֆինանսավորումը, բուժսարքավորումների զինվածությունը, հագեցվածությունը բավական ցածր մակարդակում է. «Եթե մենք ուզում ենք որակյալ բուժծառայություն` մենք նվազագույնը երեք կոմպոնենտ պիտի ունենանք` որակյալ բուժաշխատող, նյութատեխնիկական բազա եւ համապատասխան ֆինանսավորում: Առաջին երկուսը միանշանակ պայմանավորված են ֆինանսավորման հետ»: Ի դեպ, սրտանոթային հիվանդությունների հետ կապված պետական քաղաքականության համաձայն` պետպատվերով բուժվելու հնարավորություն է տրվում սոցիալական որոշ խմբերի: Պ. Զելվեյանը բազմիցս հայտարարել է մեր հեռուստաեթերում սոցիալական գովազդներ տեղադրելու մասին անհրաժեշտությունը: Ամբողջ աշխարհում հասարակական խնդիրներ բարձրացնելու լավագույն մեթոդը սոցիալական գովազդն է: ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով մեր հեռուստաընկերությունները պարտավոր են առանց կոմերցիոն նպատակ հետապնդելու յուրաքանչյուր օրվա մի քանի րոպեանոց եթերը տրամադրել սոցիալական հոլովակներին, ինչը, սակայն, չեն անում: «Մենք հաճախ հեռուստացույցով տեսնում ենք անառողջ ապրելակերպը խրախուսող գովազդներ. անհասկանալի սննդամթերքներ, որոշակի ժամերից հետո ալկոհոլային խմիչքներ, նույնիսկ անուղղակի ծխախոտ է գովազդվում: Շատ լավ կլիներ, որ սոցիալական գովազդ տեղադրվեր, որն ուղղված կլիներ հասարակության կրթմանը: Շատ կուզենայի, որ օրինակ` ամեն օր 10 վայրկյանանոց գովազդ տեսնեի, որտեղ ասվեր` սիրելի հայրենակիցներ, եթե շատ զբաղված չեք, խնդրում եմ` չափեք ձեր զարկերակային ճնշումը, եթե այն բարձր լինի 140-90-ից` խնդրում ենք դիմել բժշկի: Դրանով մենք կբացահայտենք նաեւ հասարակության մեջ առկա թաքնված զարկերակային ճնշման դեպքերը»,- նշում է Պ. Զելվեյանը` ավելացնելով, որ միայն Երեւան քաղաքում 200.000 չափահաս բնակիչ զարկերակային եւ ճնշման հետ կապված խնդիրներ ունի: Մինչդեռ նրանց ժամանակին հայտնաբերելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ հսկողության տակ վերցնելու դեպքում` կունենայինք երկար տարիներ ապրող առողջ քաղաքացիներ: