Ղարաբաղցիները նախընտրում են տեղական օղին

02/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ալկոհոլային խմիչք Ղարաբաղում արտադրվում էր դեռեւս խորհրդային տարիներին,
ինչը պայմանավորված էր նրանով, որ երկրում զարգացած էր
խաղողագործությունը: Ժամանակին Ղարաբաղի գինու գործարանը, որը
մասնաճյուղեր ուներ նաեւ շրջաններում, արտադրում էր կոնյակ եւ տարբեր
տեսակի գինիներ:

Արցախյան պատերազմից հետո, երբ սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, որոշ
գործարարներ սկսեցին ալկոհոլային խմիչքներ արտադրել: Սկզբում այդ
ընկերությունները շատ էին, այնուհետեւ դրանց թիվը նվազեց: Այժմ
ալկոհոլային խմիչքների արտադրությամբ հիմնականում զբաղվում են երկու խոշոր
ընկերություններ` «Ղարաբաղ Գոլդը» եւ «Արցախ ալկոն»:

«Արցախ ալկոն» հայտնի է թթի օղու արտադրությամբ:

Մյուս խոշոր ընկերությունը` «Ղարաբաղ Գոլդը» Արցախում գործում է 2002
թվականից, այն մասնաճյուղեր ունի Մարտունի քաղաքում եւ շրջանի Կարմիր
Շուկա գյուղում: Ընկերության աշխատողների թիվը մոտ 300 է:

«Ղարաբաղ Գոլդ» ՓԲԸ-ի փայատեր, Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ
տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի
խոսքերով, ընկերությունն իր գործունեությունը սկսել է 500 հազար դոլարով,
իսկ այժմ այդ թիվը մինչեւ 2 մլն դոլարի է հասնում: Անցյալ տարի շուրջ 220
մլն դրամ հարկ է մուծել, իսկ այս տարի կհասցնի 250 միլիոնի: Ներկայումս
ընկերությունն ապահովված է նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով եւ
համապատասխան մասնագետներով:

«Մենք զբաղվում ենք խաղողագործությամբ, գինեգործությամբ, սպիրտային այլ
խմիչքների արտադրությամբ: Շուրջ 200 հեկտար խաղողայգիներ ունենք, ինչը
թույլ է տալիս զբաղվել նաեւ խաղողի մթերմամբ: Հարկ է նշել, որ խաղող ենք
վերցնում նաեւ բնակիչներից: Ի դեպ, մեր գործունեության օրից մինչ այսօր
խաղողի մթերման գինը մոտ երկու անգամ մեծացել է: Այսօր 7000 տոննա խաղողի
մթերման հնարավորություն ունենք: Արտադրում ենք նաեւ սպիրտի հումք, որը
վաճառում ենք Երեւանի կոնյակի գործարանին»,- տեղեկացրեց Արայիկ
Հարությունյանը: Նրա հավաստմամբ, արտադրանքն իրացվում է միայն Հայաստանի
եւ Ղարաբաղի շուկաներում: Ընկերությունը մոտ 6-7 ամիս հետո կսկսի նաեւ
կոնյակի արտադրությունը:

Բացի խոշոր արտադրողներից, Ղարաբաղ ալկոհոլային խմիչքներ է ներկրվում նաեւ
Հայաստանից եւ այլ երկրներից: Այստեղ տարածված է նաեւ տնային պայմաններում
օղու կամ գինու, այսպես ասած, փոքրածավալ արտադրությունը: Հանրապետության
բազմաթիվ գյուղերում բնակիչները օղի են ստանում տարբեր մրգերից, իսկ
ամենատարածվածը թթի օղու արտադրությունն է: Բնակիչներից ոմանք տարեկան մի
քանի հարյուր լիտր թթի օղի են արտադրում, որի մի մասը վաճառում են:
Օրինակ` անցյալ տարի եղանակային վատ պայմանների պատճառով բերքը շատ քիչ
էր, ինչի պատճառով էլ շուկայում թթի օղի դժվար էր գտնել, այն էլ`
բավականին բարձր գներով (1 լիտրը` 3000-3500 դրամ): Ներկայումս
Ստեփանակերտի շուկայում թթի օղին վաճառվում է 1500-2000 դրամով:
Համեմատաբար թանկ է վաճառվում հոնի օղին (1 լիտրը` 2500-3000 դրամ), իսկ
ամենաէժանը խաղողի եւ այլ մրգերի օղին է, որի մեկ լիտրն արժե 650-700 դրամ:

Բնակիչների մի մասը նախընտրում է գնել տնական օղի: «Այն եւ ձեռնտու է, եւ
որակյալ: Հատկապես թթի օղին, որը շատ օգտակար է մարդու առողջությանը:
Պատահական չէ, որ շատերն այն օգտագործում են որպես դեղամիջոց»,- մեր
զրույցի ժամանակ նշեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

Ստեփանակերտի խանութներում կատարած մեր հարցումներից պարզվեց, որ
բնակիչները հիմնականում գնում են «Ղարաբաղ Գոլդի» արտադրության «Լեռնային»
օղին, որի 0,5 լիտրանոց շիշն արժե 500 դրամ, «Ավշար», «Վեդի ալկո» եւ
«Արցախ ալկո» ընկերությունների օղիները: