Հուլիսի 20-ին լրանում է Մինաս Ավետիսյանի 72-րդ տարեդարձը, որն այս տարվա ամռանը նախատեսվում է նշել մի քանի ուշագրավ ու տեւական ընթացք ակնկալող նախագծերով։ Այդ նախագծերը սկիզբ են առնելու Մինասի ծննդավայր Ջաջուռ գյուղից, ներգրավվելու են Գյումրիի միջազգային բիենալեի ծրագրերի մեջ, իսկ հետո արդեն որպես Ջաջուռի էներգետիկ լիցքերը կլանած ու խտացրած ազդանշաններ՝ շարունակելու են «ապրել» ինքնուրույն կյանքով։
Նախագծերի հեղինակները՝ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամն ու արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, Ջաջուռը դիտարկում են որպես ստեղծագործական, մշակութային ներդրումներ կատարելու պոտենցիալ դաշտ եւ ցանկանում են ապահովագրել Ջաջուռում գտնվող Մինասի տուն-թանգարանն իբրեւ քարացած-սառցակալած, մեխանիկորեն անցկացվող միջոցառումային մի վայր դիտարկելուց։ Նրանք վստահ են, որ հնարավոր է ապահովել Երեւան-Գյումրի-Ջաջուռ ներդաշնակ ու օրգանական շփումը: Այդ շփումը սկսվում է արվեստով, սակայն միայն արվեստով չի ավարտվում, քանի որ նախագծերի հիմքում այդ բնակավայրի սոցիալ-մշակութային ու տնտեսական աշխուժացումն է։
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղը աղետի գոտու առավել անմխիթար հեռավոր վայրերից մեկն է: Սակայն, որպես Մինաս Ավետիսյանի ծննդավայր, ուր գործում է մեծ նկարչի վերակառուցված թանգարանը, Ջաջուռը մոգական մի կետ է, որն իր յուրօրինակ լանդշաֆտով ու էներգետիկայով ունակ է հետաքրքրել, «գերել» ու հիացնել։ Մինաս Ավետիսյանի որդիները՝ Նարեկն ու Արմանը, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, լուսանկարիչ Գերման Ավագյանն ու կինովավերագրող Վահրամ Գալստյանը (ով աշխատել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքում) իրականացնելու են «Մինասը ձեր մեջ» ֆոտո-տեսա նախագիծը, որի հիմքում ակտուալ գաղափար է դրվում՝ վերադարձնել ջաջուռցիներին իրենց երազանքները՝ գյուղը դարձնելով ստեղծագործական «կենդանի» տարածք։ Հեղինակները որոշ ժամանակ ապրելու են Ջաջուռում, շփվելու, զրուցելու են գյուղացիների հետ՝ հարցազրույցների ու լուսանկարների շարքեր անելով։ Այնուհետեւ ջաջուռցիների առօրյան, պատմությունը, անցյալի հետքերն ու այսօրվա էթնոգրաֆիան պատկերող լուսանկարները նվիրելու են գյուղին։ Փորձ է արվելու լուսանկարները կենցաղի մաս դարձնել՝ տեղադրելով դրանք տների պատերին, դարպասների վրա, փողոցներում… Ինքդ քեզ, քո տունն ու առօրյա միջավայրը տեսնելը կարող է տեղաշարժ առաջացնել մարդկանց մտքերում ու հոգիներում: Այսինքն, մի կողմից` փաստելու, արխիվացնելու է ներկան, իսկ մյուս կողմից՝ խթանելու է վերափոխման ցանկությունը։ Մանավանդ, որ գյուղն, իրոք, լուրջ վերափոխումների կարիք ունի։ Գյուղում, օրինակ, կոյուղի ու ջրատար խողովակային համակարգ չկա (միակ շինությունը, որը քաղաքակիրթ զուգարան ունի, թանգարանն է), ինչպես նաեւ չկա գործող եկեղեցի։ Հայտնի է, որ դեռ մի քանի տարի առաջ կիսաքանդ եկեղեցին ծառայում էր որպես կարտոֆիլի պահեստ, եւ միայն Նարեկ Ավետիսյանի ջանքերով հնարավոր եղավ եկեղեցին մաքրել աղբից ու մի քանի օրով վերածել համերգասրահի։ Սակայն հիմա եկեղեցին կրկին տխուր վիճակում է. լուռ ու կիսամեռ է։ «Ինչո՞ւ» հարցն, իհարկե, ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնք կարծես շարունակելով պետական այրերի որդեգրած մոտեցումը, ցանկանում են իրենց գործունեությունը կենտրոնացնել Երեւանում, ճիշտ կլինի ասել՝ Երեւանի կենտրոնում, որտեղ լայնածավալ եկեղեցաշինություն է ընթանում։ Իսկ մարզերում մարդիկ դժվար են ապրում եւ դժվար էլ հավատում են, որ վաղն ավելի լավն է լինելու, քան այսօրը։ Եվ հենց այս դժվար պահին էլ Ջաջուռում կրկին վերակենդանանում է գյուղի պահապան հրեշտակը՝ Մինասը։ «Որոշ իմաստով Մինասի թանգարանը գյուղի համար ոչ այլ ինչ է, քան հուշարձան, առավել եւս, որ այն եկեղեցի հիշեցնող կոթողային ճարտարապետական լուծում ունի»,- ասում է Լ.Սարգսյանը: Կոթող, հուշ, հպարտության աղբյուր ու խորհրդանիշ լինելուց բացի, մոդեռնիստ Մինասը նաեւ այս գյուղի բնակիչ է եղել։ Նա ոչ միայն իր գունային հետքն է թողել գյուղում, այլեւ՝ իր երազանքները, իր ուժն ու պատգամը։ «Ջաջուռցիների համար արվեստը սկսվում է Մինասով եւ Մինասով էլ վերջանում է։ Մինասը հասցրել է իր համագյուղացիների համար «հուշարձան» դառնալ, իսկ նրա թանգարանը վերածվել է դամբարանի։ Մինչդեռ հենց Մինասն էր պատգամել Ջաջուռում ամենամյա ցուցահանդեսներ կազմակերպել ու իր գյուղը դարձնել ժամանակակից արվեստի մի կենտրոն։ Եվ նրա երազանքը փորձում են իրականություն դարձնել նրա որդիները»,- ասում է Լ.Սարգսյանը։
Ջաջուռը գաղթականների բնակավայր է, որը ստեղծվել է՝ որպես «կորուսյալ հայրենիքի» վերակենդանացման տեսիլ։ Լիլիթ Սարգսյանն իր ուսումնասիրությունների ընթացքում չափազանց հետաքրքիր դրվագներ ու միֆեր է «պեղել» եւ հույս ունի, որ Ջաջուռի մոգական կերպարը տեղ կգտնի նաեւ տեսաֆիլմում։ Չէ՞ որ Ջաջուռը հիմնվել է հայրենիքը կորցրած հայերի ուժերով, եւ կարծես մինչ հիմա էլ գտնվում է հայրենիքի որոնման, սեփական տեղն ու դերը հասկանալու փուլում։ Այդ որոնումները շարունակելուն ու վերջիվերջո սոցիալական հարցեր լուծելուն օգնում է արվեստը։ Լ.Սարգսյանը նկատում է. «Ջաջուռը շատ հարուստ պատմական շերտեր ունեցող գյուղ է, որտեղ կարծես հենց այս պահին նոր բանահյուսություն է ստեղծվում ու շաղախվելով իրական փաստերի հետ՝ դարձնում է այդ վայրն առասպելական։ Ջաջուռում շատ պատմություններ կան, որոնք դեռ «քնած» են, դրանք պետք է պեղել ու ուսումնասիրել»։
«Մինասը ձեր մեջ» ինտերակտիվ նախագծի հերոսը լինելու է Ջաջուռը, որն ինքն իրեն տեսնելու է Գերման Ավագյանի արած լուսանկարների հայելու մեջ։
Ճեղքից սկիզբ առնող նոր իրականությունը
«Ընդհանրապես, երբ բնական կամ սոցիալ-քաղաքական ցնցումներ են տեղի ունենում՝ առաջանում են խոշոր բացվածքներ, որոնք ցուցադրում են խորքում պահված խնդիրները։ Ջաջուռը, ինչպես նաեւ՝ Գյումրին, աղետից հսկայական ճեղքվածքներ ստանալով՝ կարծես վեր հանեցին իրենց խորքային շերտերն ու գաղտնիքները։ Արդեն բավականաչափ ժամանակ է անցել երկրաշարժից հետո, եւ հիմա «աղետի գոտի» անվանումը վիրավորական է հնչում, մանավանդ, որ հիմա այդ մարզում հոյակապ արվեստի տեղաշարժեր են նկատվում։ «Առողջ» երիտասարդների մի սերունդ է ի հայտ եկել, որն ուղղակի շշմելու գործեր է անում»,- ասում է Լ.Սարգսյանը։ Որպես արվեստի վերելքի հիմնաքար՝ նա նշում է Գյումրիի Արվեստի ակադեմիայի աշխատաոճը (ռեկտորը` Համբարձում Ղուկասյան), որը զերծ է կլանային մթնոլորտից, եւ, իհարկե, Գյումրիի միջազգային բիենալեի դերը, որը հրաշալի հարթակ է ստեղծագործելու ու շարժ ապահովելու համար։
Եվ հենց գյումրեցի արվեստագետների աշխատանքներից էլ կկազմվի Ջաջուռի ամենամյա ցուցահանդեսը, որը տեղի կունենա Մինասի թանգարանում ու կկրի «Բազմաշերտ իրականություն» խորագիրը։ Այդ բազմաշերտ «այսօրը» ներկայացնելու համար էքսպոզիցիոն դաշտ կհանդիսանա ոչ միայն թանգարանի ինտերիերը, այլեւ՝ ողջ գյուղն ու լանդշաֆտը։ Արդի արվեստի դաշտը զննելու, պեղելու ու ներկայացնելու նպատակ ունեցող Ջաջուռի ցուցահանդեսը սահուն կերպով կհամակցվի այս տարվա Գյումրիի բիենալեի «Արխիվի արխիվացում» ուղերձի հետ։ Եվ «արխիվարիուսի» դերը կստանձնեն երիտասարդները, որոնց «պոստերկրաշարժային սերունդ» կարելի է անվանել, քանի որ նրանք աղետի հասակակիցներն են, ու այլ բան, քան այս կիսավեր, բայց միեւնույն ժամանակ՝ ազատ բացվածքներ ենթադրող իրականությունը, չեն տեսել։ «Զրո» կետից սկիզբ առած սերնդի տեսակետները, կոմպոզիցիաներն ու գույները եւ ընդհանրապես նրանց մարդկային տեսակը շատ թանկ ձեռքբերում է մեր արվեստի դաշտում։
Թանկ է նրանց «մաքրությունը», արվեստով ոգեւորված լինելն ու սեփական ուժերին հավատալը։
«Մեր խորին համոզմամբ, Ջաջուռում իրականացվող ժամանակակից արվեստի միջոցառումները չպետք է նմանվեն օտար մարմնի պատվաստմանը, որին ջաջուռցիները անհաղորդ ու անմասն կմնան։ Վստահ եմ, որ հնարավոր է սոցիալական շատ հարցերի լուծումը խթանել հենց արտիստական նախագծերի միջոցով»,- ասում է Լ.Սարգսյանը։
Իհարկե, շատ բան կախված է մարզերի զարգացմանը միտված խելամիտ եւ կոնկրետ քայլեր նախանշող քաղաքականությունից։ Ժամանակին Ջաջուռում մշակույթի տուն է գործել, ֆիլմեր են ցուցադրվել։ Իսկ հետո Սովետի փլուզումն ու երկրաշարժը վերացրեցին այդ ամենը։ Հիմա գյուղն, իրոք, ամայի մի վայր է, որի համար արվեստը կարող է լրջագույն բիզնես-նախագիծ դառնալ։ Եթե գտնվեն գործարարներ, որոնք Ջաջուռում «արվեստի կացարաններ», ասել է թե՝ էթնոգրաֆիկ ոճ ունեցող փոքր հյուրանոցային համալիր կհիմնեն, ապա դա կօգնի վերակենդանացնել գյուղը։ Դա կնպաստի նաեւ տուրիստական երթուղիների ստեղծմանը։ Կարելի է գնալ Ջաջուռ, հանգստանալ, էկոլոգիապես մաքուր լավաշ ու պանիր ուտել, արվեստով հագեցած օդ շնչել, նաեւ հողի ու լեռների խորքային շերտերում թաքնված լիցքերը ստանալ… Այդտեղ տարօրինակ ստորգետնյա ակտիվություն կա, որը ապաքինում, լիցքավորում է մարդուն։ Ի դեպ՝ Ջաջուռի էներգետիկ ուժը նկատել է Գյուրջիեւը, ով ծնունդով գյումրեցի լինելով, նախընտրել է այցելել Ջաջուռ՝ տիեզերքի հետ հաղորդակցվելու համար։ Միգուցե այդ փաստը առասպելական բնույթ ունի, սակայն շատ հաճախ հենց կիսամիֆականացված դիպվածներն են դառնում ամենազորեղ փաստարկները՝ զարգացում ապահովելու համար։
Ջաջուռը շատ բան ունի պատմելու… Չէ՞ որ այն առանձնահատուկ մշակութային ֆենոմեն է, որը, սակայն, լքված «զրոյական գոտու» է նմանվել։ Համենայնդեպս, ուզում ենք հավատալ, որ այս մարզային ծրագրերը չեն մարի ու անհետանա, այլ ընդհակառակը՝ ձնագնդու գոյացման սկզբունքով՝ ավելի մեծ թափ ու արագություն ձեռք կբերեն։ Մարզերը արագության կարիքն ունեն։ Իսկ մայրաքաղաքը պատրաստ է դադար վերցնել։