Անձնական տեղեկություններն այլեւս անձնական չեն

11/06/2010

AT&T ընկերությունն iPad-ի անվտանգության համակարգում «ճեղք» է հայտնաբերել: Apple-ի սեփականատերերին համապատասխան ծանուցում է ուղարկվել էլփոստային հասցեների արտահոսքի մասին: Հակերների խումբը հայտարարել է, որ կարողացել է կոտրել «հեղինակային» անլար կապի միջոցով ցանցին միացած օգտագործողների պլանշետնիկը: Սակայն AT&T-ում ասել են, թե խնդիրն արդեն լուծված է: Մինչդեռ Gawker հրատարակությունում հայտարարում են, թե հակերներին հաջողվել է ձեռք բերել iPad-ի 114.000 սեփականատերերի անձնական տեղեկությունները: Տուժողների թվին են պատկանում առաջատար ընկերությունների ղեկավարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ քաղաքագետներ: Նախնական տվյալներով` հակերների ձեռքում են հայտնվել, մասնավորապես, New York Times Company, Dow Jones, Cond Nast, Viacom, Time Warner, News Corporation, HBO, Hearst ընկերությունների թոփ մենեջերների էլեկտրոնային հասցեները: Հակերները կոտրել են նաեւ B-1 խոշորագույն ռմբակոծիչների օդանավատորմի հրամանատար Ուիլյամ Էլդրիջի օգտահաշիվը:

iPad-ը կոտրող հակերների խումբն իրեն անվանել է Goatse Security: Խումբը «Gawker» ամսագրին է ուղարկել տուժող սարքերի մասին տեղեկություններ եւ այլեւս կապի մեջ չի մտել: Ավելի վաղ նույն խանդավառ հակերները կարողացել էին կոտրել Firefox-ը եւ Safari-ն, ինչպես նաեւ Amazon ինտերնետ խանութների վարկանշային համակարգը: Ի դեպ, օրերս Apple-ի տնօրեն Սթիվ Ջոբսն ասել է, որ երկու ամսվա ընթացքում վաճառվել է 2 մլն iPad: Ըստ նրա` iPad-ի վաճառքների հաջողությունները տպավորիչ են` յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ աշխարհում վաճառվում է մեկ iPad: