Արտահերթ

10/06/2010

Կամ հունիսի 17-ին, կամ 22-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Բանն այն է, որ այսօր ԱԺ գարնանային վերջին նստաշրջանի վերջին օրն է, սակայն դեռեւս չեն քննարկվել եւ ընդունվել իշխանությունների համար շատ կարեւոր մի քանի օրինագծեր: Կիսատ է մնացել կառավարության ներկայացրած աղմկահարույց ` «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Դեռեւս երկրորդ ընթերցմամբ չի քննարկվել եւ ընդունվել ոչ պակաս աղմկոտ` «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» նախագիծը, որը նույնպես ներկայացրել է կառավարությունը: Իշխանություններին անհրաժեշտ է, որ այս օրինագիծը վերջնականապես ընդունվի, քանի որ հուլիսի 20-ին տեղի է ունենալու հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթը: Բացի այդ, օրակարգում է նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի առաջարկությունների մոնիտորինգի վերաբերյալ: Վերջին քառօրյայի ընթացքում ԱԺ-ն չի հասցրել այս հարցերի շուրջ քննարկումները: