Չի բացառվում ուժի կիրառումը

10/06/2010

Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում, օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում` ռազմական ուժը, «ազատագրել իր գրավյալ տարածքները եւ վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ռազմական դոկտրինում, որն ընդունվել է Միլի մեջլիսում ձայների մեծամասնությամբ: Ռազմական դոկտրինի նախագծում նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ ուղղված է բոլոր պետությունների հետ խաղաղ գոյակցությանը: Ըստ դոկտրինի` Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ երկրի դեմ սկսել ռազմական գործողություններ` բացառությամբ ագրեսիայի զոհ դառնալու դեպքերի: Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը բացառում է պատերազմը՝ որպես ուրիշ պետությունների անկախության ճնշման եւ միջազգային հակամարտությունների մեթոդ։ Ադրբեջանի ռազմական դոկտրինում նշվում է, որ Հայաստանին եւ Ղարաբաղի իշխանություններին ցանկացած քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ աջակցության տրամադրումը «բռնազավթման արդյունքների պաշտոնապես ճանաչման նպատակով» գնահատվում է՝ որպես Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն: Ըստ փաստաթղթի` «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթումը Ադրբեջանի ազգային անվտանգության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնն է»: Բացասաբար է ազդում նաեւ «ժամանակին հայկական կողմի իրականացրած էթնիկ զտման քաղաքականությունը» եւ «Հայաստանի ադրբեջանաբնակ շրջանների եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների» սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների քայքայումն ու «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»: