«Ընտրական օրենսգրքի» 12-րդ հոդվածը՝ «Ընտրողների ցուցակների
մատչելիությունը», սահմանում է. «Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն
ծանոթանալ ընտրողների ցուցակներին»:
Հոկտեմբերի 16-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների
կապակցությամբ, սակայն, սեպտեմբերի 28-ի դրությամբ, Վանաձորի պաշտոնական
մամուլում ընտրական տեղամասերի գտնվելիք վայրի վերաբերյալ ցուցակը չէր
հրապարակվել: Իսկ ընտրողները նախ` պետք է պարզեն, թե որտեղ է գտնվում
իրենց ընտրական տեղամասը, հետո՝ ծանոթանան ցուցակներին, որոնք փակցված են
լինում ընտրական տեղամասերում: Ի դեպ, 2002թ. ՏԻՄ ընտրությունների
ժամանակ, սեպտեմբերի 18-ին տեղամասերի ցուցակն արդեն տպագրվել էր տեղական
պաշտոնական մամուլում, ինչը խոսում է նախորդ ընտրությունների՝ առավել
կազմակերպված լինելու մասին:
Առանձին քաղաքացիներին ուղղված հարցումներից պարզեցինք, որ նրանք
իներցիայով գնում են այն վայրերը, որտեղ նախորդ ընտրություններին իրենց
ընտրական տեղամասերն են եղել ( եւ որոշ տեղամասերում, բարեբախտաբար,
ցուցակները փակցվել են): Բայց չէ՞ որ կան քաղաքացիներ, ովքեր 1-ին անգամ
են քվեարկելու, եւ չգիտեն, թե որտեղ է իրենց տեղամասը: Տեղամասեր էլ կան,
որոնք «օպտիմալացվել» են, եւ բոլորը չէ, որ կարող են իմանալ այդ մասին:
Օրինակ, նախորդ ընտրությունների ժամանակ Վանաձորի Ճշգրիտ հաստոցների
գործարանի մանկապարտեզի շենքը ընտրական տեղամաս էր, բայց, քանի որ այդ
շենքն այժմ սեփականաշնորհված է եւ դարձել է դեռեւս չգործող, «անհայտ
զբաղմունքի տեր» օբյեկտ, ուստի նախկին տեղամասը վերամիավորվել է մեկ
ուրիշի հետ: