Պայքարում են սահմանումների դեմ

10/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ կեսօրից հետո սպասվում էր, որ Ազգային ժողովը պետք է քննարկի կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը:

Դրա համար ԱԺ էին կանչել Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանին եւ Հեռուստատեսության թվայնացման գործընթացը կառավարող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, օրինագծի հեղինակներից Ավետիս Բերբերյանին ու Կարեն Անդրեասյանին: Սակայն կեսօրից հետո այս պաշտոնյաները անհայտացան, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե քննարկվում է այլ օրինագիծ: Պարզ դարձավ, որ ընդմիջման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամները Հ.Աբրահամյանին դժգոհել են, որ այս օրինագիծը ներկայացնողները չեն կարդացել իրենց առաջարկությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը իրենք 30 էջանոց հիմնավոր առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը, սակայն Մ.Թումասյանը տեղեկացրել է, որ դրանք կարդալու ժամանակ չեն ունեցել: «Պարոն Աբրահամյանը տեղում կազմակերպեց կառավարության ներկայացուցչի հետ համատեղ քննարկում: Պայմանավորվածության եկանք, որ հարցը քննարկման չդրվի, եւ կառավարության ու մեր ներկայացուցիչների միջեւ տեղի ունենա այդ քննարկումը: Խորհրդարանի նախագահությունը հասկանում է, որ եթե կառավարությունն ու ԱԺ-ն միշտ այս ոճով աշխատեն, ԱԺ ղեկավարությունը ամեն անգամ խնդիրներ կունենա պատգամավորների հետ, որովհետեւ տվյալ պարագայում խախտվում էր մի ողջ խմբակցության իրավունքները: Եթե մենք չիմանանք, թե կառավարությունն ինչ եզրակացություն է տվել մեր առաջարկներին, մենք չենք կարողանա լիարժեք մասնակցել այս օրինագծի քննարկմանը: Ասել ենք, որ չենք հանդուրժի, եթե այսպես դրվի քննարկման, որովհետեւ ստացվում է՝ մենք, որ առաջարկություն արել ենք, բայց ելույթ չենք ունենալու»,- ասում է Ս.Սաֆարյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, թե իրենք առաջարկել են հստակեցնել օրինագծի շատ դրույթների ձեւակերպումները: Պատգամավորի խոսքերով՝ սահմանումներից շատ բան է կախված, եւ եթե դրանք հստակ չլինեն, ապա կարող են բազմաթիվ սողանքների ու տարընթերցումների տեղիք տալ: «Օրինակ, ասում են, թե հովանավորը թող աջակցի հեռուստառադիոհաղորդմանը, հաղորդումն էլ գովազդի եւ բարձրացնի հովանավորի հեղինակությունը: Եվրոպական չափանիշներով նման բան չկա, հովանավորը հովանավորում է, իսկ հաղորդման սկզբում եւ վերջում ընդամենը շեշտվում է, թե ով է հովանավորը, նշվում են հիմնական տեղեկություններ նրա գործունեության մասին: Ընդ որում, հովանավորված հաղորդումների պարագայում արգելվում է հովանավորի եւ նրա արտադրանքի առանձնահատուկ գովազդը: Անհարկի գովազդ է գնալու, նման բանը չլսված է: Սահմանումների մի խումբ էլ կա, որոնք շատ էական են հետագայում ՀՌԱՀ-ի կողմից ընկերությունների հաղորդումների եւ օրենքի համապատասխանությունը վերահսկելիս: Օրինագծի 22-րդ հոդվածն ուղղակի տեղով մի ական է, որը թույլ է տալիս ցանկացած ընկերության հեռարձակումը կասեցնել: Ասում է` արգելվում է հեռուստառադիոհեռարձակման օգտագործումը բռնության, սահմանադրական կարգը բռնի տապալելու քարոզչության նպատակով: Ոչ թե կոչ անգամ, այլ քարոզչություն: Ո՞վ է գնահատելու, թե դա սահմանադրական կարգը բռնի տապալելու քարոզչություն է: Հեռուստահոլովակը, թե «այս երկիրը երկիր չէ, այս երկիրը պետք է քանդել, նորը կառուցել» արտահայտությունը կարող է համարվել սահմանադրական կարգը բռնի տապալելու քարոզչություն: Առաջարկել ենք այս հոդվածն ամբողջությամբ վերախմբագրել»,- ասում է Ս.Սաֆարյանը:

31 կետից բաղկացած առաջարկություններ է ներկայացրել նաեւ Դաշնակցություն խմբակցությունը: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ասելով՝ դրանց մի մասը վերաբերում է ՀՌԱՀ-ի գործունեությանը, այդ թվում եւ՝ պատասխանատվության նորմերի ամրագրմանը: Պատգամավորի կարծիքով՝ ցանկացած որոշում, իր իրավական հետեւանքով հանդերձ, պետք է համարժեք հետեւանքներ առաջացնի հանձնաժողովի անդամների համար: «Եթե այնպիսի որոշում է կայացվել, որի արդյունքում վնաս է պատճառվել հեռուստաընկերություններին, եւ դրանք պետք է փոխհատուցում ստանան, ապա այդ որոշմանը կողմ քվեարկած անդամները պետք է անձնական նյութական պատասխանատվություն կրեն: Այդ անդամները պետք է նաեւ պաշտոնանկության շրջանակներում պատասխանատվություն կրեն այն որոշումների համար, որոնք դատական ակտով նույն փաստական հանգամանքների պայմաններում անվավեր են ճանաչվել: Մի խումբ առաջարկներ էլ վերաբերում են ՀՌԱՀ-ի որոշումը վերացնելու մեխանիզմին: Առաջարկված նախագծով ասվում է, թե լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը կարող է կատարվել հանձնաժողովի որոշմամբ, մինչդեռ համապատասխան օրենքներում այդ մեխանիզմը տրված է դատարանին: Թե ինչո՞ւ է հանձնաժողովը փորձում այդ մեխանիզմը պահել իր ձեռքում, կարելի է միայն ենթադրել»,- ասում է Ա.Մինասյանը:

«Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած այս օրինագիծն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի այսօր: Եվ այսօր պարզ կդառնա, թե կառավարությունը խորհրդարանական այս երկու խմբակցությունների առաջարկություններից ներառե՞լ է արդյոք իր նախագծում: Հիշեցնենք, որ միջազգային որոշ կառույցներ, մասնավորապես՝ ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն, այս օրինագծի հետ կապված, անցած շաբաթ հայտարարել էր, թե՝ «եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծություն»: Իսկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն էլ զարմանք էր արտահայտել, թե ողջ աշխարհում հեռուստաընկերությունների թվայնացումը հնարավորություն է տալիս ավելացնել ալիքների թիվը, մինչդեռ Հայաստանում դրանց քանակը, չգիտես ինչու, պակասում է: