Չի աջակցում

10/06/2010

«Ամերիկայի հրեական համայնքն այլեւս չի աջակցում Թուրքիային»,- գրել է «Washington Times» թերթը` մի քանի մանրամասն ներկայացնելով հրեական լոբբիի կողմից մինչ օրս ի շահ Թուրքիայի իրականացված քայլերի վերաբերյալ: «2000թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը կանգնած էր լուրջ խնդրի առջեւ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը խոստացել էր քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, որը կարող էր ապտակ դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի համար»: Իրավիճակին միջամտելու խնդրանքով, ըստ թերթի, թուրքերը դիմել են հրեական լոբբիի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի՝ Ամերիկաիսրայելական հանձնախմբի ներկայացուցիչ Քեյդ Վիսմանին, ով այս շաբաթ խոստովանել է. «Մեր կազմակերպությունում հեռախոսը ոչ մի պահ չէր լռում, եւ մենք հաջողեցինք վերջին պահին Պետդեպի աջակցությամբ համոզել նախագահ Քլինթոնին անձամբ նամակ հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ շեշտել, որ այդ քվեարկությունը կարող է ռազմավարական վնաս հասցնել ԱՄՆ շահերին»: «Վերջին պահին իրականացված ջանքերը տվեցին իրենց արդյունքը. Հասթերթը հանեց բանաձեւը օրակարգից,- գրում է թերթը,- Այսօր, սակայն, Ամերիկայի իսրայելական համայնքը չի աջակցում Թուրքիային` վերջին 4 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով»: