Սկիզբը` Ինչպե՞ս ենք կորցնում Ադրբեջանը։
Փորձելով ժողովրդավարություն ներմուծել Իրաք, յանկիները մատը տվեցին բզեզի
բունը։ Ամերիկացիների միամիտ համոզմունքը, թե «քաղաքացիական
հասարակությունը» կարելի է արագ պատվաստել Մերձավոր Արեւելքի եւ Միջին
Ասիայի երկրներում, ծիծաղելի է ու ողբերգական։
Բայց այ, Վաշինգտոնի «ժողովրդավարացման» կուրսն, Ադրբեջանի ներկա
իրավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով, անհաշվարկ չես համարի։
Խորհրդային տարիներին Ադրբեջանը միութենական բյուջեի ոչ մեծաթիվ դոնոր
հանրապետություններից մեկն էր։ Ինչպես հպարտությամբ հայտարարում են տեղի
մասնագետները, Բաքուն ամեն տարի Մոսկվա էր փոխանցում ուղիղ մեկ միլիարդ
սովետական ռուբլի։ Բայց պատերազմը Ղարաբաղում եւ 90-ականների առաջին կեսի
մյուս ցնցումները երկիրը բացահայտ կերպով աղքատացրին։ Օրինակ՝ 1,3
միլիոնանոց Էստոնիայի բյուջեի եկամուտները հասնում են 4,6 միլիարդ դոլարի,
իսկ ութ միլիոնանոց Ադրբեջանինը հազիվ 2,7 է։ Հարյուր դոլար աշխատավարձը
հանրապետությունում բարձրերից է համարվում։ Բնակչության մոտ կեսն ապրում է
չքավորության սահմանից անդին։ Այսուհանդերձ, երկրում նկատելի են նավթային
բումի առաջին նշանները։ «Առաջ օգնություն խնդրելու համար ինձ մոտ ամսական
120-150 մարդ էր գալիս,- ասում է Գյանջայի քաղաքապետ Էլդար Ազիզովը,- հիմա
20-30-ն են գալիս։ Նրանք էլ կամ հողակտոր են խնդրում, կամ ուզում են մեր
միջոցով լուծել իրենց ներընտանեկան խնդիրները։ Առաջ, երբ այս կամ այն
կարիքների համար կառավարությունից մեկ միլիոն մանաթ էի խնդրում, լավագույն
դեպքում ինձ կեսն էին տալիս, իսկ հիմա, երբ երեք միլիոն եմ խնդրում, տալիս
են յոթն ու զարմացած հարցնում, թե ինչու եմ այդքան քիչ խնդրում»։ Գյանջայի
քաղաքապետի խոսքերը հաստատվում են վիճակագրությամբ։ Նավթադոլարների հոսքի
շնորհիվ, 2005 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, ՀՆԱ աճով Ադրբեջանն
աշխարհում առաջին տեղն է գրավել։ Այդ աճը եղել է քսան տոկոս։ Տեղի
փորձագետների կանխատեսումներով մյուս տարի ՀՆԱ-ն կաճի 26 տոկոսով, իսկ
2007-ին՝ 33։ Եվ ընդհանրապես, անգամ ամենահոռետեսական հաշվարկներով,
առաջիկա երեք տասնամյակում Ադրբեջանը նավթից կստանա նվազագույնը 50-60
միլիարդ դոլարի եկամուտ։
Հանկարծահաս նավթային հարստությունը զարգացող շատ երկրների հետ է չար
կատակ արել։ Օրինակ՝ Նիգերիան սեւ ոսկով մոտ 350 միլիարդ էր աշխատել, բայց
այսօր այդ երկիրը կարող է «պարծենալ» միայն իր 30 միլիարդ արտաքին
պարտքով, աղքատությամբ, անկայունությամբ ու քաղաքական թերզարգացածությամբ։
Պարզ է, որ Ադրբեջանում ներդրումներ կատարած օտար ընկերությունները
շահագրգռված են, որ նման բան տեղի չունենա այդ պետությունում։ Եթե Բաքվի
կառավարիչները չկարողանան ըստ արժանվույն տնօրինել նավթային եկամուտները,
երկիրը չի խուսափի անկայունությունից։ Եվ չնայած կրոնական
հավասարակշռության ադրբեջանական ավանդույթներին, երկիրը կարող է ներկվել
իսլամական ծայրահեղականության գույներով։
Իլհամ Ալիեւն ակնհայտորեն դա գիտակցում է։ Փաստորեն նավթային եկամուտների
գողության դեմ պայքարը հայտարարված է ազգային N 1 առաջնահերթություն։
Համաձայն իշխանությունների խոստումների, սեւ ոսկու վաճառքից գոյացած բոլոր
եկամուտները կենտրոնացվելու են հատուկ նավթային ֆոնդում։ Երկիրն ապրելու է
այդ ֆոնդի տոկոսների հաշվին։ Բայց այս հավակնոտ ծրագրերի իրականացումը
Բաքվի կառավարիչների համար հեշտ չի լինելու։ Մի քանի տարի առաջ ամերիկացի
հանրահայտ բժիշկ Մայքլ Դեբեյկին եկել էր Ադրբեջան եւ Հեյդար Ալիեւի հետ
պայմանավորվել մի շարք մասշտաբային ծրագրեր իրականացնելու շուրջ։ Բաքվում
ԱՄՆ դեսպանն անմիջապես զգուշացրել էր բժշկին. «Դուք չե՞ք վախենում։ Այստեղ
ահավոր կոռուպցիա կա»։ Դեբեյկին իմիջիայլոց ասել էր. «Այն, ինչ դուք
անվանում եք կոռուպցիա, այստեղ ազգային ավանդույթ է»։
Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում նաեւ քաղաքական համակարգի զարգացած
չլինելը։ Տեղական քաղաքականության մեջ գլխավորը կլանային եւ ռեգիոնալ
գործոններն են։ Ցանկացած արտասահմանցու աչքին զարնում է տեղական
բնապատկերի եւս մեկ առանձնահատկություն։ Ղարաբաղի սահմանի մոտ, գյուղական
ճանապարհի մի քանի հարյուր մետրի վրա ես հաշվեցի Հեյդար եւ Իլհամ
Ալիեւների ոչ ավել, ոչ պակաս վեց դիմանկար։ Իսկ երկրում տպագրվող
քաղաքական գրքերում «Հեյդար Ալիեւը մեր ճակատագրի ու գալիք երջանկության
ղեկավարն է» տիպի գոհարներ կարելի է կարդալ։
Սկզբունքորեն Հեյդար Ալիեւի նկատմամբ նման հարգանքի մեջ ոչ մի վատ բան
չկա։ Ինչպես էլ վերաբերվես հանգուցյալ նախագահին, նրան լիովին կարելի է
համարել ժամանակակից Ադրբեջանի հիմնադիրն՝ իր բոլոր դրական ու բացասական
կողմերով։ Ժամանակակից Ադրբեջանը շատ հարցերում հսկա փորձադաշտ է
հիշեցնում։ Եվ ամենահետաքրքիր փորձարկումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի
ապագային։ 90-ականների սկզբին սկսված պատերազմի արդյունքում նախկին
Ադրբեջանական ՍՍՀ տարածքի մոտ 20 տոկոսն անցել է հայերի հսկողության տակ։
Այսօր հակամարտությունը դեռ լուծված չէ։ Չնայած ինչ-որ պահերի կողմերը
երբեմն մոտեցել են համաձայնությունների, բայց նրանց դիրքորոշումները
շարունակում են լինել հակադիր։ Ինչ փոփոխություն կկրի իրավիճակը, եթե
Ադրբեջանը դառնա հզոր ու ծաղկուն պետություն։ Կողմերի մոտ չե՞ն հայտնվի
արդյոք փոխզիջումների նոր ու հզոր ազդակներ։ Տեսականորեն տնտեսական
տեսակետից Ադրբեջանի հետ հաշտվելը կարող է շահեկան լինել Հայաստանի համար։
Օրինակ՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ամենահարմար երթուղին անցնում է
Հայաստանով։ Եթե դա լինի, Ռուսաստանը կարող է օգտակար դասեր քաղել ոչ
միայն Ադրբեջանում յանկիների վարած քաղաքականությունից, այլեւ այդ երկրի
իշխանության գործունեությունից։ Սակայն սա դեռ ապագայի հարց է։ Հիմա
Ադրբեջանի առջեւ ավելի մեծ խնդիր է կանգնած՝ գերտերությունների կռվի մեջ
ոտքի տակ չընկնել եւ չդառնալ հերթական Նիգերիա։
«Մոսկովսկի կոմսոմոլեց»