Անգամ ցանկության դեպքում դժվար է դադարել հիանալ հայրենի կառավարության ոգեւորության եւ համառության վրա։ Ոգեւորությունը սեփական քայլերի հետ է կապված, իսկ համառությունը՝ այդ ոգեւորությունը պատգամավորներին փոխանցելու փորձերի հետ։
Մի անգամ արդեն անդրադարձել ենք այն թեմային, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս՝ գրեթե 80 տոկոսով կրկնում է նույն` արդեն ասած մտքերը։ Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Տ. Սարգսյանի ելույթը եւս բացառություն չէր։ Դրա մեխը կրկին կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն էին եւ «ճգնաժամի դասերը»՝ դիվերսիֆիկացիայի, օլիգոպոլիաների եւ մնացած բաների մասին։ Եվ եթե նախկինում ենթադրում էին, որ վարչապետն առաջնորդվում է «կրկնությունը գիտության մայրն է» կարգախոսով՝ փորձելով տնտեսագիտության մասին որոշ գիտելիքներ սերմանել խորհրդարանում, ապա այժմ ամենայն լրջությամբ մտածում ենք, որ այդպես էլ կա։
Սակայն ամսեամիս ելույթների մեջ փոխվում է մի կարեւոր բան՝ ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները։ Այսինքն՝ տարվա սկզբին տնտեսական աճը 2%-ի սահմաններում էր, հետո դարձավ 3%, եռամսյակի տվյալներով՝ 5.5%, իսկ հունվար-ապրիլի տվյալներով՝ 7.2%։ «Հասկանալի է, որ այս հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական քաղաքականությունն իր ազդեցությունը պետք է թողներ տնտեսության վրա, եւ մենք դա արձանագրեցինք 2009 թ. երկրորդ կիսամյակում։ Տնտեսական անկումը 18.3 տոկոսից սկսեց նվազել, եւ մենք տարին ավարտեցինք 14.2 տոկոսով, իսկ 2010թ. այդ միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը, եւ մենք չորս ամիսների ընթացքում արդեն իսկ ունեինք 7.2 տոկոս տնտեսական աճ։ Մենք համոզված ենք, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան մենք կանխատեսում էինք տարվա սկզբում»,- ասել է նա։ Հասկանալի է, որքան թիվը մեծ է՝ այնքան ասվածն ավելի տպավորիչ է։ Բայց արի ու տես, որ պատգամավորներին այս ցուցանիշներն ամենեւին չեն ոգեւորում, եւ հարկ է լինում կրկին ու կրկին նրանց համար կրկնել ճգնաժամի դասերը եւ կառավարության փառահեղ հակաճգնաժամային ծրագրի պատմությունը։
Իրականում, մեր իշխանությունների ոգեւորությունը կարելի է հասկանալ։ Նախորդ տարվա խայտառակ պատկերից հետո, երբ տնտեսական անկումը զիջում էր միայն Ուկրաինային, այս տարվա ցուցանիշները թույլ են տալիս կրկին «գլուխ գովել»։ Սակայն չափից դուրս շատ ոգեւորվելն ու կառավարության քայլերը գերագնահատելը արդարացված չէ։ Տնտեսական աճի ներկայիս դինամիկան գրեթե չի տարբերվում ԱՊՀ մյուս երկրներից՝ աճ, անկում, վերականգնում (տես գրաֆիկը)։
«Ունենալով 14,2 տոկոս տնտեսական անկում, միեւնույն ժամանակ փաստում ենք, որ մեր ֆինանսական, սոցիալական եւ տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսեւորեցին, եւ հակաճգնաժամային մեր ծրագրերը դրական արդյունք տվեցին` առաջին հերթին հնարավորություն տվեցին մեղմացնել սոցիալական բացասական հետեւանքները»,- ասել է Տ. Սարգսյանը։ Սակայն հենց նույն գծանկարը ցույց է տալիս, թե իրականում որքան է թույլ մեր տնտեսության դիմադրողականությունը։ Աճելիս՝ բոլորից արագ ենք աճել, իսկ անկում ապրելիս՝ բոլորից խորը։ Իսկը հայավարի մոտեցում։ Միակ երկիրը, որը 2009-ին մեզնից ավելի շատ էր տուժել, Ուկրաինան է։ Սակայն, ինչպես տեսնում եք՝ նրանք նույնպես վերականգնվում են։ Այնպես որ, ոչ մի հրաշք տեղի չի ունեցել։
Ընդ որում, չափից դուրս ոգեւորվելու բան չկա՝ մանավանդ համեմատության մեջ (տես աղյուսակը)։ Օրինակ՝ հունվար-մարտ ամսվա տվյալներով՝ ՀՆԱ-ի աճով գերազանցել ենք միայն Բելառուսին եւ Ուկրաինային, մի չնչին չափով էլ՝ 0.1%-ով, Ադրբեջանին։ Բայց կան ցուցանիշներ, որոնց առումով գլուխ գովելու տեղ ամենեւին չկա։ Օրինակ՝ մեր 8.4% գնաճով բոլորից առաջ ենք ընկել։ ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 0.6 տոկոսով պակասել են նաեւ ներդրումները հիմնական կապիտալում։ Ինչ վերաբերում է արտահանման 60%-անոց աճին, որի մասին մեր իշխանական գործիչները հիացմունքով են արտահայտվում, ապա ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը 57.3% է։ Այնպես որ, ոչ մի արտառոց բան չկա։ Փոխարենը՝ թերեւս ավելի ճիշտ կլիներ ուշադրություն դարձնել ներմուծմանը, որն այս տարվա հունվար-մարտին աճել է 23%-ով՝ իր ետեւում թողնելով բոլորին։
Նշենք նաեւ, որ իշխանությունների ոգեւորությունը փոխանցվում է ենթականերին։ Օրինակ՝ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանին։ «Մենք այսօր տալիս ենք պատասախանը, թե ինչ էր անում կառավարությունը ճգնաժամից դուրս գալու համար: Մեր սպասելիքները գերազանցված են»,- օրերս լրագրողներին ասել է Ա. Պետրոսյանը՝ խոսելով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների, մասնավորապես, ութ ընկերություններին ցուցաբերված արտոնության՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները 3 տարով հետաձգելու մասին:
Ամեն դեպքում, ոգեւորությունը վատ բան չէ։ Ոչինչ, որ այդ ութ ընկերությունները իրոք նորմալ աշխատել են, եւ կառավարությունը իրեն է վերագրում նրանց արդյունքները։ Կարեւորը՝ մարդ ինքն իր արածից գոհ լինի։ Կամ էլ՝ ուրիշների արածը համարի իրենը ու գոհանա։ Դա գործելու խթան է։
ԱՊՀ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (2010թ. հունվար-մարտը՝ 2009թ. հունվար-մարտի համեմատ, %)
Աղբյուրը՝ ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտե, http://www.cisstat.com/
Տնտեսական աճի տեմպերը ԱՊՀ տարածքում, 2005-2010թթ., %