Տնտեսագիտության եւ խաղաղության ինստիտուտը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index-GPI)` աշխարհի խաղաղասեր եւ ռազմասեր երկրների ցանկը: Այս տարի GPI-ի ցանկում ընդգրկված 149 երկրներին ավելացել են եւս 5-ը` Լիբերիան (99) Գամբիան (63), Սիերա Լեոնեն (53), Սվազիլենդը (73) եւ Հայաստանը, որը զբաղեցրել է 113-րդ տեղը: Այս մասին նշված է GPI ինդեքսը կազմող կազմակերպության Vision of Humanity պաշտոնական կայքում: Հարավային Կովկասի հարեւան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 119-րդ տեղը, Վրաստանը, ցանկում զբաղեցնելով 142-րդ տեղը, համարվում է տարածաշրջանի ամենառազմատենչ պետությունը: Իսկ Թուրքիան 115-րդ հորիզոնականում է: Աշխարհում ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան, որին հաջորդում են Իսլանդիան եւ Ճապոնիան: Առաջին տասնյակում են Սկանդինավյան երկրները, մինչդեռ ԱՄՆ-ը զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը: Ամենառազմասեր երկիրը վերջին 4 տարիների ընթացքում համարվում է Իրաքը, որին նախորդում են Սոմալին, Աֆղանստանը եւ Սուդանը: Ռուսաստանը ցանկում 143-րդն է: Նշենք, որ այս տարվա GPI-ի համաձայն` աշխարհը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է պակաս խաղաղասեր` չնայած նրան, որ զինված հակամարտություններ ավելի քիչ են եղել: Հիշեցնենք, որ Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը հրապարակվում է ամեն տարի` սկսած 2007-ից: Գնահատման համար այնպիսի չափորոշիչներ են ընտրված, ինչպիսիք են բռնությունները, քաղաքական կայունությունն ու ռազմական ծախսերը, կոռուպցիան, մամուլի ազատությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: