Սննդամթերքը վնասակար է առողջությանը

10/06/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Դեռեւս 2006-ին ՀՀ կառավարությունը հաստատել է մի շարք մթերքների` պտուղ-բանջարեղենի, կաթնամթերքի, մսամթերքի եւ սննդամթերքների այլ տեսակների տեխնիկական կանոնակարգը: Այս կանոնակարգում մանրամասն նշված է, թե տեղական շուկայում վաճառվող որ սննդամթերքը ինչ ստանդարտների պետք է համապատասխանի:

Նշված է նաեւ, թե որքան պետք է լինի յուրաքանչյուր հավելանյութի, գունանյութի, կամ, ասենք, ածխաջրերի ու սպիտակուցների առավելագույն սահմանաչափը տվյալ սննդամթերքում: Սակայն տեղական արտադրողներից ու առավել եւս ներկրողներից շատերը թերեւս տեղյակ էլ չեն, որ Հայաստանում նման ստանդարտներ գոյություն ունեն, այդ իսկ պատճառով իրենց արտադրությունը կազմակերպում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Ասենք, մսի կամ կաթի վերամշակման ժամանակ օգտագործում են քիմիական այնպիսի նյութեր, որոնք, արդեն 10 տարուց ավելի է, արգելված են եվրոպական զարգացած երկրներում: Իսկ դրանց միջոցով արտադրողը կարողանում է հնարավորինս երկարացնել մթերքի պահպանման ժամկետն ու արտադրանքին գեղեցիկ եւ ախորժելի տեսք տալ: Հայաստանը նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ պարտավոր է երկրում ապահովել սննդամթերքի անվտանգությունը: Մասնագետները ահազանգում են, որ շուկաներում վաճառվող սննդամթերքի մեծ մասը մարդկանց առողջության համար խիստ վտանգավոր է: Որոշ հավելանյութերի չափաքանակն այնքան շատ է, որ տվյալ սննդամթերքը որոշ ժամանակ օգտագործելուց հետո մարդու մոտ կարող են տարբեր հիվանդություններ, մինչեւ անգամ` քաղցկեղ առաջանալ: Մեզ հետ զրույցում այս մասին հավաստիացնում է նաեւ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փորձագետ Միլետա Արիստակեսյանը: Հիմնվելով իրենց կատարած փորձաքննությունների արդյունքների վրա, տիկին Արիստակեսյանը եզրակացնում է, որ շուկայում կեղծիքները չափազանց շատ են, իսկ օրինակները` բազմաթիվ: «Ամենատարածված քիմիական հավելանյութը, որ օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ, դա նատրիումի նիտրիտն է: Այս կոնսերվանտը ներկի ֆիքսատոր է, մսամթերքի գույնը դարձնում է շատ գեղեցիկ, սպառողն էլ գայթակղվում է ու գնում է այն: Իրականում նրբերշիկի մաքուր հումքը խմորի գույն ունի: Բացի այդ, նատրիումի նիտրիտի միջոցով երկարացվում է երշիկի պահպանման ժամկետը: Նատրիումի նիտրիտը հանդիպում է գրեթե բոլոր երշիկների մեջ: Բոլոր արտադրողներն էլ պարտավոր են բաղադրության մեջ դա նշել, բայց, իհարկե, չեն անում»,- ասում է Մ. Արիստակեսյանն ու մանրամասնում, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել նման սննդամթերքի օգտագործումը,- Եթե արտադրողներն այն օգտագործում են քիչ քանակով, ապա օրգանիզմում կարող է պարզապես ինչ-որ խանգարում առաջանալ, իսկ եթե մեծ քանակով են օգտագործում, ապա դա շատ վտանգավոր է: Այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»: Փորձագետն ասում է, որ երշիկները շատ ավելի վտանգավոր են երեխաների համար, քանի որ նրանց համար նախատեսված սննդամթերքում այդ հավելանյութի քանակը պետք է հասցված լինի նվազագույնի: Նույն բարձիթողի վիճակն է նաեւ մյուս սննդամթերքների առումով: Օրինակ, ոչ մի երաշխիք չկա, որ շուկայում վաճառվող մրգերն ու բանջարեղենը էկոլոգիապես մաքուր են: Մ. Արիստակեսյանը հավաստիացնում է, որ բազմաթիվ դեպքերում պարզվել է, որ տվյալ միրգը վաճառքի է հանվել` թունաքիմիկատներով սրսկելուց անմիջապես հետո, ինչն անթույլատրելի է: «Մենք արդեն ունենք փորձաքննության արդյունքներ, ըստ որոնց՝ պտուղ-բանջարեղենների մեջ նիտրատների քանակը մի քանի անգամ գերազանցում է նորմային»:

Գնորդը խաբված է նաեւ այն դեպքում, երբ մի փոքր ավելի է վճարում ոչ թե շուկայից կամ փողոցից, այլ` բարձրակարգ սուպերմարկետից գնում կատարելու համար: Այստեղ եւս սպառողին կարող են առաջարկել ոչ միայն ժամկետանց, այլ նաեւ վտանգավոր սննդամթերք: Ըստ մասնագետի, առավել վնասակար է ներկրված սննդամթերքը: «Տեղական մրգերն ու բանջարեղենը ավելի նախընտրելի են, բայց մեր ժողովուրդը օտար մթերքներ շատ է սիրում եւ գնում է դրանք: Պատճառն այն է, որ դրանց մեջ օգտագործվում են համի ուժեղացուցիչներ, բուրավետ նյութեր, որոնք մարդկանց շատ դուր են գալիս, բայց պետք է հասկանալ, որ այդ սննդամթերքը, մանավանդ, եթե գինն էլ այդքան թանկ չէ, հաստատ արհեստական է: Ներկրված մթերքները բավականին երկար պահպանման ժամկետ ունեն, ինչը, բնականաբար, քիմիական պահածոյացնող նյութերի եւ կոնսերվանտների շնորհիվ է: Մեր ազգաբնակչությունը պետք է չխաբվի դրանց գեղեցիկ փաթեթավորմանն ու տեսքին, դրանք չգնի եւ, առավել եւս, երեխաներին չտա»,- զգուշացնում է փորձագետը: Նա ասում է նաեւ, որ մեծ վտանգ են ներկայացնում հատկապես ներկրված մրգերը, որովհետեւ դրանց աճեցման ժամանակ օգտագործվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ. «Այդ ամենն արվում է բիզնեսի թելադրանքով: Դրանք իրականում նորմալ մթերքի կլոններն են: Դա արվում է նրա համար, որ մրգի մակերեսին չառաջանան թերություններ, եւ դրանք շուտ չփչանան: Այդ սերմերը բերել են նաեւ Հայաստան, եւ այստեղ եւս աճեցվում է այդ գենետիկորեն ձեւափոխված միրգը: Դրա փայլուն օրինակը ելակն է, մարդիկ նայում են տեսքին, հավանում են ու գնում են այն»: Տիկին Արիստակեսյանը ասում է, որ իրենց կատարած ուսումնասիրություններից ու լաբորատոր փորձաքննություններից պարզվել է, որ գրեթե բոլոր տեսակի սննդամթերքների` առավելապես հացի, թխվածքների, տարբեր ըմպելիքների եւ կաթնամթերքի արտադրության ժամանակ օգտագործվում են գունանյութեր ու հավելանյութեր, որոնց մեծ չափաքանակը թունավոր է, իսկ փոքրը` վնասակար: «Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ձեր ասոցիացիային են դիմել այս կամ այն սննդամթերքից թունավորված մարդիկ, եւ դուք կարողացել եք պաշտպանել նրանց շահերը ու հասնել նրան, որ անբարեխիղճ արտադրողը կամ ներկրողը ենթարկվի պատասխանատվության»: Ի պատասխան մեր այս հարցին, Մ. Արիստակեսյանն ասում է. «Դա ապացուցելը մեզ մոտ շատ դժվար է: Կոնկրետ ձմերուկից թունավորման դեպքերը շատ-շատ են, քանի որ դրսից բերում են գունանյութերով ներկած ու քաղցրացուցիչներ ներարկած ձմերուկ: Մեզ մոտ հնարավորություն չկա, որ անալիզ անեն ու հաստատեն, որ թունավորումը եղել է իսկապես ձմերուկից: Երբ մենք դիմել են հիվանդանոցներ, որպեսզի կոնկրետ իմանանք թունավորման պատճառը, մեզ ասում են` թունավորումը եղել է օտար նյութից: Իսկ թե կոնկրետ ի՞նչ նյութից` չեն կարողանում ասել»: Անդրադառնալով գազավորված ըմպելիքների խնդրին, մասնագետն ասում է, որ Հայաստանում լիմոնադների, հյութերի ու նաեւ թաների արտադրության ժամանակ օգտագործվում է բենզոական թթու եւ բենզոատ, որոնք Եվրոպայում վաղուց գործածությունից դուրս են: Մասնավոր դեպքերն այնքան շատ են, որ փորձագետը դժվարանում է անգամ դրանք թվարկել: Նա պատմում է մի քանի առավել աղմկահարույցները. «Օրինակ Պարսկաստանից բերված ընդեղենների մեջ միկրոտոքսինների բավականին մեծ քանակ ենք հայտնաբերել: Այն կարող է առաջացնել արյան հիվանդություններ, մինչեւ անգամ` լյարդի ցիռոզ: Կամ, մի անգամ Իսրայելի արտադրության մանկական սնունդը Մոսկվայում փչացել էր, խոտան էին արել եւ ուղարկել Հայաստան: Մենք կարողացանք կանխել դրա վաճառքը»: Շուկայում տիրող բարձիթողի վիճակը արձանագրել է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանն ասում է, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այս տարի չեն կարողացել փորձաքննություններ իրականացնել սննդամթերքի շուկայում, բայց բազմաթիվ խախտումներ են արձանագրել նախորդ տարիներին. «Ներկրած 34 ապրանքներից 19-ի մեջ հայտնաբերել ենք խախտում, իսկ այդ 19-ից 11-ը եղել են թուրքական ապրանքներ, հիմնականում` թխվածքներ եւ կոնֆետներ»: Ա. Եղոյանն ասում է, որ իրենց կազմակերպությունն այս տարվա մարտ ամսին լաբորատոր փորձաքննության է ենթարկել 10` ոչ պարենային ապրանքներ: Պարզվում է, այստեղ եւս վիճակն առանձնապես լավ չէ: Կոսմետիկ միջոցներից մեկի` «Classics» ֆիրմայի աչքի տուշի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի շատ բարձր պարունակություն, ինչը կարող է աչքերի հիվանդության լուրջ պատճառ դառնալ: Հայաստանի շուկայում վաճառվող սննդամթերքի որակի եւ անվտանգության պատասխանատուն է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը: Հենց այս տեսչությունն էլ պարտավոր է վերահսկել, որպեսզի շուկայում չվաճառվի ժամկետանց կամ տարատեսակ քիմիական նյութերով «համեմված» սննդամթերք: Մեզ հետ զրույցում տեսչության պետ Գրիշա Բաղիյանն ասում է, որ իրենք պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում հանրապետության շուկաներում, եւ մթերքների փորձանմուշներն ուղարկում են լաբորատորիաներ, սակայն, որեւէ շեղում դեռեւս չեն հայտնաբերել: «Ներկայումս, ելնելով եղանակային պայմաններից, ըստ երեւույթին, արտադրողները մի քիչ շատացրել են թունաքիմիկատների օգտագործումը: Այդ հանգամանքից ելնելով` մենք անընդհատ լաբորատոր փորձաքննության ենք ենթարկում այդ մթերքները: Անգամ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի դեպքի հետ կապված` հարակից տեղամասերի բանջարեղեններն ու նաեւ հարակից գյուղերի կովերի կաթն ենք ուղարկել փորձաքննության: Դրանց արդյունքները եղել են բավարար: Կոնկրետ այսօր եւս բանջարեղենի նմուշներ ենք ուղարկել փորձաքննության` նիտրատների, եւ նիտրիտների առկայությունը ստուգելու համար: Մեկ շաբաթից պատասխանը կիմանանք: Եթե լինեն շեղումներ, մենք անմիջապես կդադարեցնենք այդ մթերքի վաճառքը եւ կդիմենք վարչապետին` արտադրող ընկերությունում ավելի խորը ուսումնասիրություններ անցկացնելու համար: Բայց առայժմ խախտումներ չենք հայտնաբերել»: Գ. Բաղիյանը տեղյակ էր նաեւ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փորձաքննությունների արդյունքներին: Նա ասոցիացիայի մասնագետներին խորհուրդ է տալիս դրանք ներկայացնել իրենց տեսչություն: «Դրանց հիման վրա մենք կարող ենք վարչական վարույթ հարուցել եւ ավելի խորը ուսումնասիրություններ կատարել այն ընկերություններում եւ վաճառքի կետերում, որտեղ դրանք հայտնաբերվել են»,- ասում է նա: Գ. Բաղիյանն ասաց նաեւ, որ նախարարի հրամանով՝ շուտով իրենք մոնիտորինգ կիրականացնեն հանրապետության բոլոր շուկաներում եւ շուկաների հարակից տարածքներում: