Այլընտրանքային խորհրդարա՞ն

10/06/2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի դիտարկմամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքում մեկ օրակարգ կա` պատրաստվել ընտրություններին, ինչը, սակայն, ըստ նրա` «սխալ ուղի է»: «Գնալով վիճակն ավելի է վատանում, եւ հասկանալի է դառնում, որ ընտրություններով մեր երկրում որեւէ լուրջ փոփոխություն` ի նպաստ ժողովրդի, հնարավոր չէ անել: 1996թ. սկսած կարելի է համարել, որ ընտրակեղծիք է սկսվել, եւ տարեցտարի կատարելագործվել է իշխող խմբի կողմից: Եվ այսօր արդեն հասել է այնպիսի մի կատարյալ մակարդակի, որ նույնիսկ, եթե ընդդիմությունը կարողանա արկղերը պահել, հնարավոր չէ մի այլ պատկեր ստանալ, քան այն, ինչը ցանկանում է իշխանությունը: Ուստի սա պետք է ճիշտ հասկանան մեր այսօրվա ընդդիմադիր գործիչները: Առիթից օգտվելով` ես ընդդիմադիր քաղաքական գործիչներին զգաստության կոչ եմ անում` վերանայելու իրենց տեսակետն ու դադարեցնելու այն ընթացքը, ինչի մեջ որ են»,- ասել է նա: Այս իրավիճակից դուրս գալու համար «Սարդարապատ» շարժումը առաջարկում է այլընտրանքային խորհրդարան ստեղծել։ «Խոսքը բառիս բուն իմաստով այլընտրանքային իշխանության մասին է, որովհետեւ այսօրվա ռեժիմը ես չեմ համարում ժողովրդի իշխանություն, եւ խնդիր ենք դրել ձեւավորել ժողովրդի իշխանություն: Թե ինչ քայլերով ենք պատրաստվում դրան հասնել, առայժմ փակագծերն ամբողջությամբ չենք բացի: Մենք արդեն հանձնաժողովների ստեղծման աշխատանքներն ենք սկսել, որին ականատես կլինեք առաջիկա օրերին»,-հայտարարել է Ժ. Սէֆիլյանը: «Նոր իշխանությունները պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով, բայց նախ պետք է բռնատիրությունը տապալվի: ՀՀ Սահմանադրության 2-րդ կետում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ուստի, մենք այս երկրորդ կետում, այսպես ասած, պտտվելով, ապրելով, շնչելով, հենց այդ կետում էլ իրականացնելու ենք ժողովրդի իշխանությունը, թե ինչ ձեւով դա կլինի, բռնության ձեւով կլինի, թե այլ ձեւով, դրա որոշողը գործող ռեժիմն է։ Եթե ռեժիմը համարձակվի կրկին Մարտի 1 իրականացնել, ժողովուրդն իրավունք ունի պաշտպանվելու»,- ասել է Սէֆիլյանը:

Անդրադառնալով այլընտրանքային խորհրդարան ստեղծելու իրենց նախաձեռնությանը` Սէֆիլյանն ընդգծել է, որ իրենց նախաձեռնությունը ՀԱԿ-ին այլընտրանք չէ, եւ ՀԱԿ-ը մինչ օրս չի ստեղծել այլընտրանքային խորհրդարան, հակառակ դեպքում իրենք իրենց ծրագրերն այնտեղ կիրականացնեին: Ավելին, նա հույս է հայտնել, որ ՀԱԿ-ից շատ մարդիկ դառնալու են իրենց ստեղծած այլընտրանքային խորհրդարանի անդամ: Որպես այլընտրանքային խորհրդարանի ձեւավորման առաջին քայլ՝ ձեւավորվելու են մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ ժողովուրդը կարողանալու է իր առաջարկները ներկայացնել: «Մի բան, որը, դժբախտաբար, չկարողացավ անել ՀԱԿ-ը»,- նկատել է նա` հավելելով, թե իրենք ՀԱԿ-ին չեն փնովում, մրցակից չեն համարում, պարզապես ներկայացնում են իրենց մոտեցումները: