Էրդողանը գերազանցեց Հոլիվուդի աստղերին

10/06/2010

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրք ղեկավարի կողմից մի այնպիսի հրաշալի դերակատարման, որն անգամ հոլիվուդյան ամենափորձառու աստղերը չէին կարող կատարել:

Թուրքիայի վարչապետն արժանի է Օսկարի մրցանակի` իրեն որպես մեծ հումանիստ եւ պաղեստինյան ժողովրդի պաշտպան ներկայացնելու համար: Գազայի հատվածի ժողովուրդը, անկասկած, ճնշումների է ենթարկվում եւ զրկանքներ կրում, սակայն Էրդողանը նրանց փրկության ասպետը չէ: Չի կարելի կեղտոտ ձեռքերով մարդու իրավունքների պաշտպան լինել: Սա երկերեսանիության գագաթնակետն է:

– Ինչպե՞ս կարող է 17 տարի շարունակ Հայաստանը շրջափակած Թուրքիան հավաստիորեն կոչ անել Իսրայելին վերացնել Գազայի շրջափակումը:

– Ինչպե՞ս կարող է Էրդողանը դատապարտել Իսրայելի հարձակումները պաղեստինցիների վրա, երբ թուրքական օդուժը պարբերաբար ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը (Քուրդիստանը), սպանելով ու խեղելով անմեղ մարդկանց, կանանց եւ երեխաներին:

– Ինչպե՞ս կարող է Թուրքիայի վարչապետը դատապարտել պաղեստինցիների հանդեպ Իսրայելի դաժան վերաբերմունքը, երբ իր սեփական երկրում ալեւիները, ասորիները, հայերը, հույները, հրեաները եւ քրդերը զրկված են իրենց ամենատարրական իրավունքներից:

– Ինչպե՞ս կարող է Թուրքիան խոսել Պաղեստինի կամ Արցախի բռնազավթման մասին, երբ նա բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսն ու Արեւմտյան Հայաստանը:

– Ինչպե՞ս կարող են թուրք ղեկավարները մեղադրել Իսրայելին եւ Չինաստանին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, երբ իրենք ժխտում են Թուրքիայի կողմից իրագործած` 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության իրողությունը:

– Ինչպե՞ս կարող է Թուրքիան իրեն հայտարարել Պաղեստինի հարցի պաշտպան եւ իսլամական աշխարհի առաջնորդ` լինելով Մերձավոր Արեւելքում Իսրայելի ավելի քան կեսդարյա ամենամոտ ռազմական դաշնակիցը, ինչպես նաեւ՝ թույլ տալով Իսրայելի օդուժին թուրքական օդային տարածքներն օգտագործել ընդդեմ արաբական երկրների եւ Իրանի` ռմբակոծման փորձեր կատարելու համար:

– Ինչպե՞ս կարող են Սիրիան, Իրաքը եւ Իրանը վստահել Թուրքիային, երբ վերջինս վտանգի է ենթարկում իրենց ազգային ապահովությունը, թույլ տալով Իսրայելին հետախուզական կայաններ տեղակայել սահմանի երկայնքով` լրտեսելու իրենց երկրները:

– Ինչպե՞ս կարող է Էրդողանը մարդու իրավունքների պաշտպան լինել, երբ բազմաթիվ լրագրողներ, իրավաբաններ, կղերականներ ու մարդու իրավունքների պաշտպաններ հետապնդվում, անգամ սպանվում են նրա երկրում:

– Ինչպե՞ս կարող են թուրք ղեկավարները պնդել, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է, մինչդեռ շարունակում են պահպանել ռազմական դաշինքն ու բազմամիլիարդ դոլարների առեւտուրն իսրայելյան պետության հետ: Թուրքիան ձեւացնում է, թե իբր կողմ է արաբական երկրներին` միաժամանակ դավեր նյութելով Իսրայելի հետ` ի վնաս իրենց ազգային անվտանգության:

Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հավասարապես պատասխանատու են Թուրքիայի երկերեսանի կեցվածքի համար. նրանք համատեղ աջակցել, պաշտպանել եւ քողարկել են թուրքերի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները, Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ՝ քուրդ փոքրամասնության ճնշումն ու էթնիկ զտումները: Վերջին 60 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները միլիարդավոր դոլարների արտաքին օգնություն եւ ռազմական աջակցություն են ցուցաբերել Թուրքիային` նրա հավատարմությունը շահելու ապարդյուն ակնկալիքով: Սա Միացյալ Նահանգների ռեսուրսների վիթխարի վատնում է, քանզի Թուրքիան, Իրաքի պատերազմի սկզբում, ամերիկյան զորքերին անգամ թույլ չէր տալիս անցնել իր երկրի սահմանը:

Թուրքիան խելամտորեն շահարկեց Գազայի հատված ուղեւորվող օգնության նավատորմի վրա Իսրայելի անխոհեմ հարձակումը եւ ձգտում է լրացնել այն բացը, որն առաջացել է արաբական պետությունների անպատասխանատու անգործության հետեւանքով: Էրդողանը նույնքան մեղավոր է օգնություն տանող գործիչների սպանվելու եւ վիրավորվելու համար, որքան եւ Իսրայելի ղեկավարները: Նա լռելյայն խրախուսել է նրանց նավարկումը դեպի Գազայի ծովափ, քաջ գիտակցելով, որ արյունալի առճակատումն անխուսափելի է, եւ որը բարձրացնելու է իր վարկը երկրի ներսում եւ դրսում: Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանը եւս շքանշանի է արժանի երկերեսանիության համար, քանի որ հանդես եկավ Իսրայելի երկչոտ դատապարտմամբ, շարունակելու համար զենք գնել այդ երկրից եւ նավթ վաճառել նրան: Ահա այսպիսի թուրք-ադրբեջանական զորակցություն:

Իհարկե, տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը եւս գործել է միեւնույն երկերեսանիությամբ, ինչպես Թուրքիայի ղեկավարները: Հոլոքոստի վերանայման վերաբերյալ յուրաքանչյուր դրսեւորումի դեմ պայքարելուն զուգընթաց` Իսրայելի իշխանությունները չեն զլացել աջակցել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Սակայն հիմա, երբ Էրդողանն իր տենդագին ձայնն է բարձրացրել ընդդեմ Իսրայելի, իսրայելցիները կառչել են Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի դեմ որպես զենք օգտագործելու ընձեռնված հնարավորությունից: Հայերը պետք է մերժեն նման կեղծավորությունը: Իսրայելի կառավարությունն անկեղծ չէր՝ ինչպես Հայոց ցեղասպանությունը ժխտելիս, այնպես էլ այժմ` նրա ճանաչմանն աջակցելիս: Ամոթալի է քաղաքական էժանագին խաղեր խաղալ մի այնպիսի ահավոր ու աղետալի հիմնախնդրի հետ, ինչպիսին է Ցեղասպանությունը: Իսրայելը եւ այլ պետություններ պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը միայն մեկ պատճառով, որովհետեւ դա բացարձակ ճշմարտություն է:

Առայժմ Թուրքիան միայն խոսում է եւ ոչ մի գործողություն չի ձեռնարկում պաղեստինյան հարցի ուղղությամբ: Էրդողանը Իսրայելի դեմ իր բոցավառ ճառերից այն կողմ չի անցել: Եթե նա պաղեստինցիներին պաշտպանելու գործում անկեղծ է, ապա պետք է ձեռնարկի հետեւյալ քայլերը.

– Չեղյալ հայտարարել Իսրայելի հետ բոլոր ռազմական կապերն ու պայմանագրերը,

– Ուժը կորցրած ճանաչել Իսրայելի հետ բացահայտ եւ գաղտնի բոլոր ռազմական եւ ռազմավարական, այդ թվում՝ համատեղ-հետախուզական համաձայնագրերը,

– Փակել Թուրքիայի դեսպանատունը Թել Ավիվում եւ Իսրայելի դեսպանատունը` Անկարայում:

Անցյալ շաբաթվա արյունալի առճակատումից հետո ներքին սուր տարաձայնություններ ի հայտ եկան Թուրքիայում, երբ Էրդողանը Իսրայելին մեղադրեց Տասը պատվիրաններից մեկը խախտելու մեջ: «Մի՛ սպանիր» պատվիրանը թուրքերեն արտասանելուց հետո, Էրդողանն այն կրկնեց անգլերեն եւ եբրայերեն, համոզվելու համար, որ հրեաները «կկարողանան հասկանալ» իր խոսքերը: Ի պատասխան, Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն թուրք հանրությանն ասաց, որ Էրդողանն ինքն է խախտել երկու այլ պատվիրաններ` «Մի՛ գողացիր» եւ «Մի՛ ստիր»:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր