21-րդ դարի սկիզբը նշանավորվեց ոչ միայն բուռն տեխնիկական առաջընթացով,
այլեւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում խաղի կանոնների ու հիմնական
խաղացողների դիրքերի ու ազդեցությունների փոփոխությամբ:
Դա, ըստ էության, անխուսափելի գործընթաց էր, որը, թերեւս, անցած դարի
80-ականների կեսերից ավարտված սառը պատերազմի տրամաբանական
շարունակությունն էր: Իհարկե, կարծիքներ կան նաեւ, որ սառը պատերազմն
ամենեւին չի ավարտվել, պարզապես այսօր այն փոքր-ինչ ավելի «քաղաքակիրթ»
դրսեւորումներ է ստացել: Ավելին, այսօր աշխարհն ավելի է տարանջատվել:
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, առավելապես` ԱՄՆ-ի
ջանքերով, աշխարհի պետությունները բաժանվեցին «չարի առանցքի» երկրների եւ
«մերոնքականների», այսինքն՝ ահաբեկչության դեմ պայքարողների միջեւ:
Այս իրողությունն իր ազդեցությունն է թողել ինչպես` գլոբալ համաշխարհային
գործընթացների, այնպես էլ` առանձին պետությունների թե՛ քաղաքական, թե՛
տնտեսական իրավիճակների վրա: 20-րդ դարավերջին փոխվել է ոչ միայն աշխարհի
քաղաքական քարտեզը (ԽՍՀՄ փլուզմամբ եւ 15 անկախ պետությունների
ստեղծմամբ), այլեւ` գերտերությունների միջեւ առկա հարաբերությունները:
Նախկին երկբեւեռ աշխարհում, որի մի կողմում ԱՄՆ-ն էր, մյուսում՝ ԽՍՀՄ-ը,
այսօր հայտնվել է եւս մեկ կարեւոր «խաղացող»՝ ի դեմս Եվրամիության:
Ռուսաստանը կորցրել է իր նախկին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ռեսուրսներն
ու ազդեցության լծակները: Այսօր ոչ թե հաշվի են նստում Ռուսաստանի հետ,
ինչպես նախկինում, այլ Ռուսաստանն ինքն է ստիպված լինում համակերպվել
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խաղի կանոններին, ինչպես` քաղաքական, այնպես էլ` տնտեսական
հարաբերություններում: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, թե Ռուսաստանը՝
կորցնելով իր նախկին հզորությունն ու ազդեցությունը, վերջնականապես
կորցրել է նաեւ այն վերականգնելու հնարավորությունները: Որոշակի
իրադրության եւ իրադարձությունների զարգացման որոշակի սցենարի դեպքում
ՌԴ-ն կարող է վերականգնել իր երբեմնի դիրքերը: Համենայնդեպս, գոնե
մասշտաբները, բնական ու տնտեսական ռեսուրսներն այդ երկրին նման
հավակնություններ ունենալու իրավունք տալիս են:
Ռուսաստանը 21-րդ դարում
Տարածքով աշխարհի ամենամեծ երկիրը (17075200 ք. կմ), որ սահմանակից է 14
պետությունների հետ եւ երկու աշխարհամասերի՝ Ասիայի եւ Եվրոպայի մաս է
կազմում, մտնում է մեծ ութնյակի մեջ, այսօր բազմաթիվ չափանիշներով զիջում
է աշխարհի շատ՝ անհամեմատ փոքր եւ ոչ հզոր երկրների: Սա, ըստ էության,
պարադոքս է, եթե հաշվի առնենք, որ մի շարք առաջնային բնական հանածոների
արդյունահանման գծով Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին կամ
երկրորդ տեղերը: Նավթ, գազ, ածուխ, ոսկի, ադամանդ, երկաթ: Սա օգտակար
հանածոների այն քիչ մասն է, որն այդ երկիրը հսկայական ծավալներով
արդյունահանում է: Բավական է միայն նշել, որ նավթի արդյունահանման
ցուցանիշով Ռուսաստանը երկրորդն է աշխարհում եւ զիջում է միայն Սաուդյան
Արաբիային: Այսօր ՌԴ-ն օրական արդյունահանում է 8,42 մլն բարել նավթ, որից
6,11 մլն-ն արտահանում է: Իսկ բնական գազի պաշարներով եւ արտահանման
ծավալներով Ռուսաստանն աշխարհում միանշանակ գերակայող դիրք ունի: Թերեւս
մասնակիորեն տնտեսության այս կարեւորագույն ճյուղերի զարգացմամբ էլ կարելի
է բացատրել Ռուսաստանի հաջողությունները: Այնպես որ, պատահական չէ, որ
ԽՍՀՄ տարիների բազմապրոֆիլ տնտեսություն ունեցող Ռուսաստանում այսօր
անհամեմատ զարգացած են տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված են բնական
մենաշնորհների վրա: Խոսքը նույն նավթային ու գազային
արդյունաբերությունների մասին է, որոնք համարվում են Ռուսաստանի
տնտեսության լոկոմոտիվները: Այսօր, լայն իմաստով, Ռուսաստանի տնտեսության
թե հաջողությունները, թե ձախողումները կախված են առավելապես վառելիքի այս
երկու տեսակների համաշխարհային գների տատանումներից: Միջազգային
բորսաներում նավթը թանկանում է, ՌԴ պետբյուջեն չնախատեսված ու հսկայական
գումարներ է ստանում (որոնք, համենայնդեպս վերջին տարիներին, չի
կարողանում արդյունավետ օգտագործել), վառելիքի գինը նվազում է, ՌԴ
բյուջեում ճեղքվածք է առաջանում: Ռուսաստանի նավթի եւ գազի «մագնատներին»
կանդրադառնանք այս թեմայի հաջորդ հրապարակման մեջ:
Իմիտացիոն ժողովրդավարություն
Ֆորմալ առումով Ռուսաստանը համարվում է ժողովրդավարական պետություն, որտեղ
առկա թե քաղաքական, թե տնտեսական ու հասարակական ինստիտուտներն ու
կառույցներն արտաքուստ համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Ռուսաստանը Եվրախորհրդի անդամ է, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն
անդամակցելու հայտ է ներկայացրել, «Գործընկերություն` հանուն խաղաղության»
ծրագրի շրջանակներում համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, գրեթե բոլոր խոշոր
միջազգային կազմակերպությունների անդամ է: Սակայն իրականությունը բավական
հեռու է պաշտոնական քարոզչության ներկայացրած պատկերից: Չնայած
Ռուսաստանում սահմանադրական կարգը մոտ է հանրապետությանը, սակայն
իրականում հաստատվել է գրեթե միապետություն՝ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր
Պուտինի գլխավորությամբ: Վերջինս ու նրա շրջապատն էլ տնօրինում ու ազդում
են երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների, առաջին հերթին`
տնտեսական հարաբերությունների վրա: Ռուսաստանի տնտեսական կյանքը
փորձագետները գնահատում են որպես մոնոպոլիզացված ու օլիգարխիկ, կլանային
համակարգ: Նույն փորձագետները, հաշվի առնելով ներկայիս իրողությունները,
կանխատեսում են, որ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում մոտ
ապագայում Ռուսաստանը կանգնելու է լատինաամերիկյան սինդրոմի առաջ,
այսինքն` ոչ ֆորմալ ինստիտուտներն ու կառույցները գերակայելու են պետական,
իշխանական համակարգի ու կառույցների նկատմամբ: Այս գնահատականները
հաստատվում են համապատասխան թվային ցուցանիշներով եւ դրանցից շատերն
արձանագրված են նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների
զեկույցներում` Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ,
«Human Rights Watch», «Heritage Foundation» եւ այլն: Բնականաբար,
քաղաքական եւ տնտեսական ոչ առողջ հարաբերություններն ազդում են նաեւ
ՌԴ-ում մարդու իրավունքների վիճակի վրա, որը նույնպես չի համապատասխանում
միջազգային չափանիշներին. դատական համակարգը կախված է իշխանություններից,
ճնշվում է խոսքի ազատությունը եւ այլն:
Օբյեկտիվորեն այս բացասական գործոններն ու հանգամանքները զգալիորեն
նվազեցնում են Ռուսաստանի ներդրումային գրավչությունը: Մի կողմից` որպես
հսկայական շուկա եւ բնական գրեթե անսահմանափակ ռեսուրսներ ունեցող
տարածաշրջան` Ռուսաստանը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար,
մյուս կողմից` դրան համապատասխան մեծ է ներդրումային ռիսկը, քանի որ
Ռուսաստանի վարկանիշը վերը նշված պատճառներով շատ ցածր է:
Օտարերկրյա ներդրողների եւ մասնավորապես հայկական բիզնեսի համար
Ռուսաստանի ներդրումային գրավչությանը` կոնկրետ օրինակներով ու կոնկրետ
բիզնեսի ոլորտներով ու ներկայացուցիչներով կանդրադառնանք հաջորդ համարում:
շարունակելի