Արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է «DigiTec Business» ցուցահանդես ֆորումը, որի նպատակն է՝ ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները: Ֆորումի ընթացքում նաեւ արտերկրի ներդրողները ծանոթանում են տեղական շուկայի հնարավորություններին:
Երեկ մեկնարկած «DigiTec Business 2010» ցուցահանդեսին մասնակցում էին տուրիզմի, առեւտրի կառավարման, բժշկության, բանկային եւ այլ ոլորտներում գործող ընկերություններ: Նրանց ներկայացուցիչները նշում էին, որ նման միջոցառումները Հայաստանի համար շատ կարեւոր են, քանի որ դրանց շնորհիվ կարողանում են տեղի եւ արտերկրի գործարարներին ու շահագրգիռ անձանց ներկայացնել իրենց առաջարկները, ծառայություններն ու հնարավորությունները: Ֆորումին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ, չնայած տնտեսական ճգնաժամին, այս բնագավառում աճ է արձանագրվել: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, եւ մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը եւ գների նվազումը»,- ասաց Տ. Սարգսյանը: Ըստ Տ. Սարգսյանի` չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` 2009թ. Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գրանցվել է 130մլն դրամի հասույթ, որից 70մլն-ը` արտահանումից: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ակնհայտ է արտերկրի ներդրողների հետաքրքրությունը տեղի շուկայի նկատմամբ. «Մի շատ կարեւոր առաջընթաց է նկատվում: Ֆորումը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, սկսում են մասնակցել ավելի մեծ թվով նորաստեղծ կազմակերպություններ: Բացի այդ, այստեղ ներկա են ավելի քան 10 արտասահմանյան կազմակերպություններ, որոնք եկել են ուսումնասիրելու, թե ինչպես կարող են մուտք գործել հայկական շուկա: Շատերի համար այս ֆորումը շատ կարճ մուտք է դեպի մեր շուկա: Դրսի ներդրողների առումով, բավական մեծ առաջընթաց ունենք»: Բ. Ենգիբարյանն ասում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում կան համաշխարհային կարեւորության ու նշանակության լուծումներ: Մի քանի տասնյակ ընկերություններ ցուցահանդեսին ներկայացրել են իրենց ձեռքբերումներն ու նաեւ պատմում էին, թե որն է իրենց մրցակցային առավելությունը մյուսների համեմատ: Այս տարի կայացած «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց լավագույն աշխատանքները, այսինք` ռոբոտներին: Վարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը մեծ հետաքրքրությամբ դիտում էին, թե ինչպես են ռոբոտները փորձում հայտնաբերել ականները: Որպես ականներ էին ծառայում դրանց մետաղյա կրկնօրինակները:
Ֆորումին առաջին անգամ էր մասնակցում մոտ մեկուկես տարի առաջ հիմնադրված «Տելեբժշկության հայկական ասոցիացիան», որի գործունեության ոլորտը նորույթ է Հայաստանում: Տելեբժշկությունը նույն բժշկությունն է, պարզապես` տարածության վրա: Ըստ ասոցիացիայի կառավարման խորհրդի հիմնադիր անդամ Ռուբեն Հովհաննիսյանի` «գործնականում այն ամենը, ինչ այսօր բժշկությունը կատարում է, կարելի է անել տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ` տարածության վրա»: «Սկսած պարզապես կոնսուլտացիայից, ճնշման չափումից եւ վերջացրած սոնոգրաֆիայով, էխոգրաֆիայով եւ վիրահատությամբ: Սա լիարժեք աշխատող բժշկական ցանց է եւ թույլ է տալիս ի հայտ հանել տելեբժշկության ֆանտաստիկ հնարավորությունները: Շահում են թե բժիշկը եւ թե հիվանդը: Եթե Հայաստանի որեւէ շրջանում չկա բարձրակարգ ուռոլոգ, ապա հիվանդը կարիք չունի, ասենք, Գորիսի որեւէ գյուղից 200 կիլոմետր ճանապարհ կտրել ու գալ-հասնել Երեւան: Նա կարող է իր կոնսուլտացիան ու նաեւ բուժումը ստանալ տելեբժշկական սարքերի օգնությամբ: Բացի այդ, նա կարող է հետազոտվել հենց այն բժշկի մոտ, որին ինքը նախընտրում է, մենք դա ապահովում ենք: Բնականաբար, այս եղանակով բժշկական աջակցությունը հիվանդի համար դառնում է շատ ավելի մատչելի»,- ասում է նա: Ինչ վերաբերում է վիրահատությանը տարածության վրա, ապա պարոն Հովհաննիսյանը մանրամասնում է, որ դրա համար գոյություն ունեն հատուկ վիրաբուժական ռոբոտներ, որոնք կառավարվում են տարածության վրա` հաղորդալարերով: «Աշխարհում դրանք լայն կիրառություն ունեն, Հայաստանում, ցավոք, այն դեռեւս չկա: Դրա համար մի քիչ շուտ է, դեռ պետք է զարգացնենք տելեբժշկությունը, որից հետո արդեն կմտածենք նաեւ այդ ուղղությամբ»,- ասում է Ռ. Հովհաննիսյանը:
Իրենց նոր առաջարկներով ֆորումին մասնակցում էին նաեւ տարբեր սոցիալական ցանցերի ներկայացուցիչներ, պետական կառույցներ, որոնք հիմնականում ներկայացնում էին հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր ու ինֆորմացիայի հասանելիության ծրագրեր: Նշենք, որ «DigiTec Business 2010»-ի կազմակերպիչը «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միությունն է: Ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ: