«Ես ջհանդամը, երեխիս հետ հանկարծ վատ բան չլինի»

10/06/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բակում խմբված, «բարիկադ» կազմած խիտ բազմության մի մատնաչափ արանքից շնչահեղձ լինելով՝ ճողոպրում է չորուկ մարմնով Ռիմա տատիկը: Երեւի այցիս երկար է սպասել, շունչը պահած ուզում է խոսել, բայց ներսից մի բան «արգելակում» է: Հետո մեզ շրջապատող բազմության սարսափելի նյարդայնացնող աղմուկի վրա իջնում է իմ ու Ռիմա տատիկի մեջտեղում հայտնված լռությունը, որը երկուսիս փոխարեն խոսում է:

Բակում խմբված դժգոհ ու բողոքավոր կանանց սուր բղավոցը քարացել է իմ ու Ռիմա տատիկի լռության մեջ: Ուղիղ աչքերիս մեջ նայող նրա սառած հայացքը հուշում է, որ պետք է առանձնանալ: Անխոս բարձրանում ենք Վարդաշեն 6-րդ փողոցի 401 սենյակ, որն արտաքուստ նման է Ռիմա տատի գունատ, հալումաշ եղած «դիմանկարին»: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, Ռիմա տատիկ, շատ հուզված ես»: Տեսնում եմ խոշոր ակնոցների ետեւից Ռիմա տատի աչքերի մեջ կամաց-կամաց հայտնվող կարմիր գույնը ու այլեւս հարցեր չեմ տալիս, որ գտնի այն բառը, որը պատմության ետեւից պատմություն է բերելու ու է՛լ ավելի ցավեցնելու է ծեր կնոջը: Ռիմա տատի աչքերին հայտնված դառնության կարմիր գույնը սկզբում բուն է դրել նրա հոգում, հետո սողալով տեղափոխվել է աչքերի մեջ: Հիմա դառնության կարմիր գույնն օձի նման դանդաղ ու աննկատ սողում է փոքրիկ սենյակի նեղլիկ երկայնքով մեկ: Ցայտնոտային արագությամբ աթոռից վեր է թռչում. սենյակը ոտքի տակ տալով՝ ինչ-որ բան է փնտրում: Երկար այս ու այն կողմ անելուց հետո հաստ շերտերով դարսած անկողնու արանքից գտնում է մաշված թաշկինակը: Էս թաշկինակը վերջերս շատ գործածվելուց էնքան է խոնավացել, որ համարյա Ռիմա տատն այն չոր վիճակում չի գտնում: Ռիմա տատը շատ է լացել, դրա համար էլ այդ շորի կտորը կորցրել է պատկերազարդ սիրունությունը: Ռիմա տատն ու էս թաշկինակը վերջերս շատ բան են կորցրել, դրա համար էլ երկուսն էլ կարծես կորցրել են իրենց դերն ու նշանակությունը: Ռիմա տատը վերջերս կորցրել է ամուսնուն, մեկ տարի առաջ` ջահել որդուն, հիմա էլ… «Հիմա էլ թոռս ա, աղջիկ ջան, վախենում եմ, քուն ու դադար չունեմ էս տարիքիս: Ախր քեզնից էնքան նեղացած եմ: Հիշո՞ւմ ես, մի երկու տարի առաջ եկար, երկար մնացիր մոտս, սիրտս բացեցի, ահագին խոսացինք: Ինձ խոստացար, որ մեկ-մեկ կգաս: Գնացիր կորար… Ամեն անգամ գալիս ես էս շենք, բայց դուռս չես բացում: Սաղի համար օգնություն ես կազմակերպում, բայց ամենակարիքավորին բանի տեղ չես դնում»: 78-ամյա ծեր կինն էնքան վիրավորված է ինձնից, որ համ ինձ սիրում է, համ էլ` ատում, բայց, երբ նրան բացատրում եմ իմ գործունեության ու պարտականությունների սահմանը` հասկանում ու հաշտվում է: Իրեն չայցելելու, անուշադրության մատնելու համար չի ներում: Ռիմա տատի աննկարագրելի փոքրիկ սենյակի պատերին փակցված հանգուցյալների նկարները ճնշող ու ազդեցիկ են: Մեռածներն էս սենյակում ավելի շատ են, քան ապրողները, դրա համար էլ նրա թոռնիկը` Ալբերտը, պարբերաբար ինքնասպանության փորձեր է կատարում: «Տղիս մահից հետո երեխեն լրիվ իրան կորցրեց: Մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Թաղման ժամանակ վատացավ, ինչ-որ բան խախտվեց մոտը, երեւի վախեցավ էլի: Նստած տեղը, հաց ուտելուց տղես պատահական հոգին տվեց»,- ասում է նա` կրկին թաց թաշկինակը բռունցքի մեջ ճզմելով: 28 տարեկան Ալբերտը լրիվ մենակ է մնացել` ծեր տատիկի հետ: Ծննդաբերությունից հետո մայրը լքել է նրան` թողնելով ամուսնու ու սկեսրոջ խնամքին: Ռիմա տատն ասում է, որ որդին վերջին տարիներին տուբերկուլյոզով հիվանդացել եւ երկար տարիներ բուժվել է տուբդիսպանսերում: Սակայն ծանր հիվանդության պատճառով ամիսներ առաջ մահացել է: Ալբերտը չի հաշտվում որբ մնալու հետ եւ նախընտրում է ծեր տատին «ճանապարհելուց» առաջ «անդարդ» հեռանալ կյանքից։ «Էն օրը մտա սենյակ տեսնեմ ի՞նչ, ամբողջ սենյակն՝ արյան շիթեր, Ալբերտս էլ` գետնին թավալված: Երակները փրթել էր, որ մեռնի: Ի՞նչ անեմ, ասա, էս երեխուն ո՞նց հետ կանգնացնեմ էդ քայլից: Հոր մահից հետո էլ դեռ չէի հասցրել էդ թոքախտի դեղերը թափեմ: Բռով խմել էր, որ մեռնի, թե` ուզում եմ գնամ հորս մոտ: Չեմ կարում հանգիստ ապրեմ, վախը սրտումս ա: Ոչ դուրս եմ գալիս, ոչ քնում եմ. էս տարիքիս չեմ դիմանա, եթե մի բան պատահի, էլ ուժ չունեմ ջահել թաղելու»,- մղկտալով ասում է Ռիմա տատը, ով անընդհատ կրկնում է, որ որդու փոխարեն՝ ինքը պիտի մահանար: Ջահել կորցնելու մեղավորության բարդույթից Ռիմա տատն ինքն իրեն չի ներում, համարում է, որ իր ու որդու ապրելու եւ մեռնելու երեւույթի մեջ սխալմունք կա:

Ռիմա տատն Ալբերտին օգնելու նպատակով նրան տարել է Ավանի հոգեբուժական դիսպանսեր: Հետազոտություններից հետո մասնագետներն ասել են, որ երիտասարդ տղայի մոտ հոգեկան շեղում է առաջացել, եւ խորհուրդ են տվել հիվանդանոց պառկեցնել` բուժման կուրս ստանալու համար: «Ճիշտն ասած` ռիսկ չարեցի պառկացնեմ: Ախր չեմ կարա տիրություն անեմ: Ո՞նց անեմ մենակ, ո՞նց ամեն օր գնամ-գամ էս տարիքիս: Համ էլ վախենում եմ Ալբերտիս համար: Մտածում եմ` էնքան դեղեր կտան` երեխես վաբշե կկորցնի մարդկությունը: Հիմա էլ շատ ա ջղայնանում, մի բառից բռնկվում ա: Աչքերի տակն ուռում ա, երեւի պոչկեքն էլ ա հիվանդ»,- ասում է Ռիմա տատը, այդուհանդերձ, չկողմնորոշվելով` Ալբերտին հոգեբուժարան տանե՞լն է ճիշտ, թե՞ տնային պայմաններում խնամելը, որտեղ նա պարբերաբար ինքնավնասման փորձեր է կատարում: Ալբերտն ու Ռիմա տատն ապրում են ծեր կնոջ 19.000 դրամ կենսաթոշակով: «Փարոսի» գրասենյակից ընտանեկան նպաստ տրամադրելու Ռիմա տատի խնդրանքները մերժվում են` պատճառաբանությամբ, թե` չի հասնում: Ալբերտին հաշմանդամության թոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նախ պառկեցնել հոգեբուժարանում: Վերջերս երիտասարդ տղան հացի փռում աշխատանք է ձեռք բերել. «Մի քանի օր աշխատեց, բայց մեշոկ կրելուց ուշքը գնացել էր, չէր դիմացել: Շեֆը գործից հանեց, ասեց` չի կարում աշխատի, էս երեխեն մեղք ա, թող չգա»: Հիմա Ալբերտը հազվադեպ, բայց պատահում է` բանվորություն անելով, «մեշոկներ» տեղափոխելով՝ օրը 500 դրամ վաստակում է: Մեկ-մեկ էլ փոս է փորում, ուրիշների անպետք իրերն է տեղափոխում: Նման աշխատանքի անհրաժեշտություն լինելու դեպքում բակի բնակիչներն Ալբերտին կանչում են, ինչը, սակայն, հազվադեպ է պատահում: Ռիմա տատը դադարում է խոսել, ասում է` շաքարը բարձրանում, վատ է զգում, ու ժամանակ է խնդրում, որ հանգստանա: Ցույց է տալիս ոտքերի եղունգները, որոնք հիվանդության պատճառով թարախակալել, «փտել» են: Ասում է` «Ես ջհանդամը, բայց երեխիս հետ հանկարծ վատ բան չլինի: Ախր դրսում էլ հետեւից խոսում, ձեռ են առնում` ջղայնանում, ներվայնանում է: Չի ուզում ապրի: Բալես, լուրջ եմ ասում` չեմ ուզում էդ մի բանը տեսնեմ: Ախր աչքիս առաջ, տղես նստած, հաց ուտելուց լրիվ պատահական հոգին տվեց: Վախենում եմ Ալբերտիս հետ էլ…»:

Ռիմա տատը չի կարողացել փրկել որդուն: Մի բան ներսից հոշոտում, ստիպում է տառապել այն բանի համար, որ ամեն ինչ չէ, որ արել է նրան չկորցնելու համար: Հիմա էլ Ալբերտին փրկելու բարդույթից քուն ու դադար չունի: Ալբերտն ու Ռիմա տատը նույն բանի մասին են մտածում: Նրանցից յուրաքանչյուրն ուզում է մեռնել նաեւ այն պատճառով, որ մյուսի մահվան ցավը չտեսնի: Մեկին կորցնելու վախը երկուսին էլ ստիպում է շտապելով ընտրել մահը: