4-րդ սերնդի iPhone-ը

10/06/2010

Apple ընկերությունը WWDC 2010 ամենամյա կոնֆերանսին ներկայացրեց նոր սերնդի iPhone-ը: Այն համալրված է 3.5 դյույմանոց սենսորային էկրանով, որի հիմքում ընկած է IPS մատրիցան «մուլտիթաչ» տեխնոլոգիայով` 800:1 եւ 640×960(326 dpi) թույլատրությամբ: Նախկինում այսպիսի էկրաններ չեն օգտագործվել ոչ մի բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի մեջ: Apple-ը այս էկրանը անվանում է Retina (ցանցաթաղանթ)` նշելով, որ մարդկային աչքը պարզապես չի կարող տարբերել առանձին պիքսելները, երբ սմարթֆոնը գտնվում է օգտագործողի դեմքից նորմալ տարածության վրա: Այլ խոսքերով ասած` նկարները եւ տեքստը երեւում են այնպես, կարծես տպագրված լինեն որակյալ տպագրիչով, նույնքան որակյալ թղթի վրա: iPhone 4-ը ունի 5 mpx տեսախցիկ լուսադիոդային լուսարձակումով եւ HD նկարելու հնարավորություն 720 p ֆորմատով (1280×720 կետայնությամբ, 30 կադր վայրկյանում):

Տեսազանգեր. Նոր «Այֆոնը» թույլ է տալիս կատարել տեսազանգեր. նրա առաջնային պանելին տեղադրված է 0.3 mpx մատրիցային տեսախցիկ: Կա նաեւ «տհաճ» երեւույթ. տեսազանգերը կատարվում են նոր Face Time ենթածրագրով, որը հնարավոր է իրականացնել միայն Wi-Fi կապով: Face Time-ը թույլ է տալիս տեղափոխվել առաջնային տեսախցիկից ետնայինին, օրինակ` խոսակցին ցույց տալու համար տեղանքը:

Օլեոֆոբիա. iPhone 4-ի առաջնային եւ ետնային պանելները պատրաստված են ալյումինասիլոկատային ապակուց` օլեոֆոբիային ծածկույթով, որը 30 անգամ ամուր է պլաստիկից եւ գործնականում չի խազվում: Իսկ նորույթի կմախքը պատրաստված է չժանգոտվող երկաթից, որը խաղում է հաղորդիչի դեր մի քանի անլար կապերի համար: Նոր մոդելը լինելու է սեւ եւ սպիտակ գույնի: Ցանկության դեպքում հնարավոր կլինի գնել վարդագույն, գազարագույն եւ կանաչ տարբերակները: iPhone 4-ը աշխատում է հետեւյալ ցանցերում` GSM/GPRS/EDGE 850/900/1800/1900 Mghz եւ UMTS/HSDPA/HSUPA 850/900/1900/2100 Mghz: Այն ունի Wi-Fi (IEEE 802.11b/g/n) կառավարիչ, Bluetooth 2.1+EDR, GPS, աքսելերոմետր: Եվ վերջապես, նորույթն ունի համակարգ` կազմված երկու միկրոֆոնից, որը նախատեսված է խոսելու ժամանակ կողմնակի աղմուկը մաքրելու համար: Չնայած նրան, որ iPhone 4-ը ավելի բարակ է iPhone 3GS-ից (9.3mm-12.3mm)` Apple-ը նոր մոդելում օգտագործել է ավելի հզոր մարտկոց: Այն թույլ է տալիս աշխատել 7 ժամ ակտիվ զրույցի ռեժիմում, 14 ժամ 2G ցանցում, 300 ժամ սպասելու ռեժիմում, 10 ժամ տվյալներ փոխանցել Wi-Fi ցանցով, 40 ժամ երաժշտություն լսել եւ 10 ժամ վիդեո դիտել:

micro SIM, չափսերը, պրոցեսորը. Ավաղ, սովորական SIM-քարտ նորույթի մեջ չես դնի: Սլոտը նախատեսված է միայն նոր ֆորմատի micro SIM քարտերի համար: Սմարթֆոնի լայնությունը 58.6 մմ է, երկարությունը` 115.2 մմ, քաշը` 137 գրամ: Ֆլեշ հիշողության ծավալը կարող է լինել 16 ԳԲ կամ 32 ԳԲ, ցավոք, 64 ԳԲ տարբերակ նախատեսված չէ: Նորույթի հիմքում ընկած է Apple A4 պրոցեսորը (ճիշտ այնպիսին, ինչպիսին iPad-ում է), կառավարվում է նոր iPhone OS 4 օպերացիոն համակարգով:

Որտե՞ղ, ե՞րբ եւ որքա՞ն. iPhone 4-ը վաճառքի դուրս կգա հունիսի 24-ից առայժմ միայն հինգ երկրներում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Ճապոնիա: Դեկտեմբերի վերջին «Այֆոնը» հասանելի կլինի եւս 88 երկրներում: ԱՄՆ-ում փոքր մոդելի արժեքը լինելու է $199 դոլար, մեծինը` $299 (ի դեպ, 8 ԳԲ iPhone 3GS-ը այսուհետ կարժենա $99): Այնուամենայնիվ, բջջային որեւէ օպերատորի հետ պայմանագիր կնքելու դեպքում գները խելամիտ են գնահատվում:

Ըստ pcnews.am-ի