Էշթոնին կմերժե՞ն

10/06/2010

«Եվրամիության երկրները ամենայն հավանականությամբ կմերժեն ԵՄ արտգործնախարար Քեթրին Էշթոնի առաջարկը` Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները վերացնելու մասին»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը: Կազմակերպությունը աշխատում է Հայաստան-Եվրամիություն կապերն ամրապնդելու ուղղությամբ եւ պարբերաբար այս հարցի շուրջ հանդիպումներ ունենում անդամ 27 երկրների ներկայացուցիչների հետ: Ղազարյանի խոսքով, մասնավորապես, առաջարկին դեմ են արտահայտվում կառույցի նոր անդամները` Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաեւ՝ Շվեդիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Փորձագետներից շատերն են նշում, որ այդ նախաձեռնությունը կարող է նվազեցնել Եվրամիության ներկայությունը Հարավային Կովկասում, սահմանափակել երեք երկրների կառավարությունների անմիջական կապը Բրյուսելի հետ եւ հստակ ազդանշան ուղարկել, որ այս երկրները դուրս են մղվում Բրյուսելի առաջնահերթություններից: Քննադատելով եւ մտահոգություն հայտնելով ներկայացված առաջարկի վերաբերյալ` «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը միեւնույն ժամանակ ընդգծում է` այս նախաձեռնությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ: «Այն պետք է դիտարկել Լիսաբոնի պայմանագրով Եվրամիության ներսում կատարվող ներքին համակարգային փոփոխությունների եւ Եվրամիության դիվանագիտական կորպուսը` Արտաքին գործողության ծառայությունը ստեղծելու` Քեթրին Էշթոնի ջանքերի համատեքստում»,- ասել է Սարգիս Ղազարյանը: Թեեւ որեւէ պաշտոնական փաստաթղթում այդ մասին դեռեւս խոսք չկա, այդուամենայնիվ, այժմ Բրյուսելում լուրեր են շրջանառվում, որ համակարգային բարեփոխումների արդյունքում Եվրամիության արտգործնախարարը կարող է առաջարկել նաեւ միավորել Հարավային Կովկասում գործող երեք դեսպանատները: «Այս միտումը հակասում է վերջին տարիների Եվրամիության կողմից հռչակված եւ հաջողությամբ իրականացված քաղաքականությանը՝ յուրաքանչյուր երկրին անհատական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ,- զգուշացնում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունն՝ ընդգծելով,- Դիվանագիտական ներկայացուցչությունները խիստ անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների եւ Եվրամիության կողմից այս տարածաշրջանում իրականացվող ծրագրերի համար»: «Հաջորդ շաբաթ եւս կազմակերպության ներկայացուցիչները այս խնդրի շուրջ հանդիպում կունենան եվրոպացի դիվանագետների հետ, փորձում ենք հանդիպում կազմակերպել նաեւ արտգործնախարար Քեթրին Էշթոնի հետ»,- ասել է Ղազարյանը` նշելով, որ այս պահին իրենց մոտ տպավորություն կա, որ Էշթոնի այս նախաձեռնությունը եւս հավանություն չի ստանալու Եվրամիության երկրների շրջանում: