Նախօրեին Ստամբուլում մեկնարկել է Ասիայում Փոխգործակցության ու վստահության ամրապնդման խորհրդակցության երրորդ գագաթաժողովը, որին հաջորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ինչպես եւ ակնկալվում էր, գլխավոր թեման եղել է «Ազատության տորմիղը»: Պուտինը քննադատել է թուրքական Mavi Marmara նավի կալանման միջադեպը եւ հայտարարել, որ պատահարը մանրամասն հետաքննություն է պահանջում, եւ որ նման բան այլեւս չպետք է կրկնվի: Ըստ Պուտինի` անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը եւ թույլ չտալ, որ Մերձավոր Արեւելքում նոր հրդեհ բռնկվի: Նա անդրադարձել է նաեւ «Կապույտ հոսք-2» գազատարի նախագծին` հայտարարելով, որ այն, ամենայն հավանականությամբ, չի հասնի մինչեւ Իսրայել: «Իսրայելն իր շելֆում գազի մեծ պաշարներով հանքավայր է հայտնաբերել, ուստի «Կապույտ հոսքի» երկրորդ ճյուղը դեպի այդ պետություն ուղղելու անհրաժեշտություն չկա` անգամ զուտ տնտեսական պատկերացումներով»,- ասել է Պուտինը: Իսկ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Թուրքիան ու Ռուսաստանը մտադիր են ավելի քան չորս անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը` հասցնելով տարեկան մինչեւ 100 մլրդ դոլարի: