Յանուկովիչին մեղադրում են

10/06/2010

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ նրան ուղեկցող անձինք հարկատուների հաշվին երկու օր անցկացրել են Հունաստանում: Այս մասին իր բլոգում գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի լրագրող Սերգեյ Լեշչենկոն: Ըստ նրա՝ իր «աշխատանքային ուղեւորության» ընթացքում Ուկրաինայի նախագահն անցկացրել է ընդամենը մեկ կարճ պաշտոնական հանդիպում: Հունիսի 6-ի առավոտյան նա բանակցություններ է վարել Հունաստանի նախագահի հետ, որը, երկրի Սահմանադրության համաձայն, ոչ մի իշխանական լիազորությունով օժտված չէ, այլ կատարում է միայն ներկայացուցչական գործառույթ: Նույն օրը Յանուկովիչն այցելել է Սալոնիկ, այնտեղից էլ՝ Աթոն լեռան վանք: Դեպի սրբավայրեր ուխտագնացությունը սովորաբար չի ներառվում «աշխատանքային այցերի» ձեւաչափում: Իսկ թե ինչով է զբաղվել նախագահը ողջ հաջորդ օրը` հունիսի 7-ին, այս մասին տեղեկատվություն չկա: Միայն հայտնի է, որ հունիսի 7-ի երեկոյան նա Հունաստանից մեկնել է Թուրքիա: Լեշչենկոն գրում է, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե պարզապես բյուջեի գումարներով զբոսաշրջության մասին է, այլ առանց հարգելի պատճառի աշխատանքի վայրից բացակայելու մասին:

Ավելի վաղ ուկրաինացի ընդդիմադիրները հայտարարել էին, որ Ռեգիոնների կուսակցության ղեկավարների շրջանում չկա մեկը, որ աշխատի, «քանի որ նրանք սովոր են աշխատանքի ժամին խաղալ թենիս եւ գոլֆ», այլ ոչ թե պայքարել ճգնաժամի դեմ: