«Մի՛ խաբվեք, մի՛ վաճառեք ձեր հոգիները»

10/06/2010

Երեւանի տարբեր վայրերում վերջերս որոշ մարդիկ հայտարարություններ են փակցնում այն մասին, որ Հայաստան է գալու «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Հասավեյը, եւ իր իսկ մասնակցությամբ կազմակերպվելու է մեծ հավաք` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով աղանդավորական կազմակերպությունների հավաքներին, նշել է, որ եթե այդ կազմակերպությունները մարդկանց խոստանում են, որ իրենց հավաքների ժամանակ տեղի են ունենում հրաշքներ, եւ հիվանդ մարդիկ բուժվում են, ապա «այդ ամբողջը խաբեություն է, մի հավատացեք»: Նրա խոսքով, հրաշքներ կարող են տեղի ունենալ միայն հավատքի շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ տեղ հաճախելու, քանի որ յուրաքանչյուր մարդ ի զորու է իր հավատքի շնորհիվ հրաշքի ականատեսը լինել: «Աղանդավորներին բնորոշ է նման հրաշքները վերագրել հենց իրենց, եւ այդ տեսակ տեսանելի քարոզները մարդկանց որսալու միջոց է, քանի որ ի սկզբանե որոշված է, թե ովքեր են կաղ եւ ովքեր են կույր, եւ ովքեր կքայլեն ու կտեսնեն»,- ասել է քահանան: Տեր Շմավոն Ղեւոնդյանի ասելով` այդ ձեւի քարոզչությամբ զբաղվում են խարդախությամբ. «Հասարակ խարդախության դեպքում գործ են ունենում մարդու գումարի կամ նրա նյութական ունեցվածքի հետ, այս դեպքում գործ ունեն մարդու հոգու հետ, որն ավելի թանկարժեք է»: Նրա խոսքով, նրանք այս խարդախությամբ կարողանում են բազում հետեւորդներ ձեռք բերել, եւ ինչքան հետեւորդ են ունենում, այդքան նրանց ֆինանսական բարեկեցությունը բնականաբար բարձրանում է: Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Հասավեյին, ապա նա գալիս է Հայաստան, որպեսզի այստեղ նոր հետեւորդներ իր համար գտնի: «Մի՛ գնացեք նման հավաքույթների, մի՛ հետեւեք նրանց եւ մի՛ խաբվեք, մի՛ վաճառեք ձեր հոգիները»,- դիմելով հասարակությանը` ասել է քահանան: Ըստ նրա` նման հավաքներն արգելելու համար պետությունը նույնպես պետք է շահագրգռված լինի՝ համապատասխան օրենսդրական դաշտի միջոցով կանխելու դրանք: «Օրենքի համաձայն` կրոնական կազմակերպություններին արգելվում է հրապարակային քարոզչություն կազմակերպել, բացառությամբ Հայ Առաքելական եկեղեցու: Աղանդավորական կազմակերպությունները հասարակական քարոզ կարող են իրականացնել միայն իրենց կազմակերպության տակ գրանցված հաստատություններում ու վայրերում, ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը որեւէ կրոնական կազմակերպության անվան տակ է գրանցված, որ այնտեղ թույլ տան աղանդավորական հավաքույթ կազմակերպել»,- ասել է Տեր Շմավոն Ղեւոնդյանը: