Դերասանուհի եւ կինոպրոդյուսեր Արմինե Անդան (Աբրահամյան) այն մարդկանցից է, ով ակտիվորեն աշխատում է կինոյի ոլորտում եւ լավ ծանոթ է կինոստեղծման վերգետնյա ու ստորգետնյա խնդիրներին: Այժմ նա միանգամից մի քանի ֆիլմերում է նկարահանվում` ռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմում կատարում է պատերազմ տեսած ու ողբերգական ճակատագիր ունեցող հայուհի մայրիկի դերը, իսկ ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմում ոչ միայն գլխավոր հերոսուհուն է մարմնավորում, այլեւ` հանդիսանում է ֆիլմի համասցենարիստ ու պրոդյուսեր: Արմինե Անդան նկարահանվել է Ատոմ Էգոյանի դեռեւս չավարտված եւ անանուն նոր ֆիլմում (որտեղ նրա հերոսուհին թարգմանչուհի է եւ միաժամանակ ուսուցչուհի), ինչպես նաեւ՝ հանրահայտ իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոսթամիի աշակերտուհու` Համիդե Ռազավիի կարճամետրաժ ֆիլմում, որտեղ ստեղծել է երիտասարդ պարսկուհու կերպարը։ «Իմ բոլոր հերոսուհիները շատ տարբեր են իրենց հոգեֆիզիկական տեսակով, ոճով, ճակատագրով։ Դա շատ հետաքրքիր փորձառություն է ինձ համար»,- ասում է դերասանուհին։ Արմինե Անդայի մասնակցությամբ ֆիլմերը դեռ չեն հասցրել մեծ էկրան դուրս գալ (հայ հանդիսատեսը նրան կարող է տեսնել դեռեւս միայն «Տաքսի «Էլի լավ ա» ֆիլմի նովելներից մեկում, որը նկարահանել է Էդգար Բաղդասարյանը): Արմինեն ոչ միայն նկարահանվում է, այլեւ` հետեւողականորեն ուսումնասիրում է կինոստեղծման միջազգային փորձը: Եվրոպական աուդիո-վիզուալ նախաձեռնության հրավերով նա մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած կինոպրոդյուսերների դասընթացների (նա միակ հայ պրոդյուսերն էր, ով նաեւ կրթաթոշակ է ստացել)։ Տարբեր միջազգային դասընթացներին ու ծրագրերին մասնակցելով՝ Արմինե Անդան եզրակացրել է՝ Հայաստանում կինոոլորտը կարգավորելու ու զարգացնելու համար օրենսդրական դաշտ է հարկավոր։ Միեւնույն է, վաղ թե ուշ, դա պիտի արվի:
– «Ժաննան եւ ձայները» ի՞նչ ժանրի ֆիլմ է։
– Ֆիլմը ճամփորդություն է: Հերոսուհին թողնում է Երեւանն ու ճանապարհորդում գյուղերով, փոքր քաղաքներով՝ փորձելով գտնել երազում տեսած տղամարդուն: Դա եւ իրական, եւ ներքին ճամփորդություն է։ Երբ սկսեցինք նկարահանումները, ֆիլմը կարծես ինքն էր տեսարաններ ստեղծում: Հիմա, երբ արդեն ավարտել ենք նկարահանումներն ու սկսել ենք մոնտաժային աշխատանքները, ֆիլմը կարծես դեռ շարունակում է ինքն իրեն փնտրել ու բացահայտվել: Մենք շատ կուռ ստեղծագործական խումբ ունենք՝ ռեժիսոր Միքայել Վաթինյան, օպերատոր Թամամ Համզա, նկարիչ Իվանա Կրչադինաց։ Որպես դերասանուհի՝ ես երջանիկ եմ, որ իմպրովիզացիայով հագեցած ֆիլմում եմ նկարահանվել: Իհարկե, առանց Միքայելի իմպրովիզացիաների հանդեպ սիրո` դա հնարավոր չէր լինի: Այս ֆիլմն ինձ համար շատ թանկ է:
– Հետաքրքիր է, որ միշտ ընտրում ես միայն կինոդերերը (որոնք այդքան էլ շատ չեն) եւ մերժում ես սերիալներում նկարահանվելու առաջարկները։
– Իրականում սերիալը դերասանի համար վտանգավոր փորձ է, առավելեւս` վատ սերիալը: Եվ խնդիրը ոչ թե սերիալային շտամպներն են, այլ կատարած դերի ու քո սեփական անձի հոգեֆիզիկական կապը: Ցանկացած դերասան` դերի մեջ մտնելով եւ այդպես ժամեր անցկացնելով՝ ինչ-որ բան է ձեռք բերում, փոխվում է: Ուժ է ստանում կամ էլ կորցնում է: Փոխվում է ֆիզիկական մարմինը, լեզուն, մտածողությունը, ռիթմը: Իսկ սերիալի երկարատեւությունն ու վերջիվերջո կասկածելի որակը թույլ չեն տալիս հասկանալ՝ ո՞ւր է տանում քեզ քո դերը։ Կարծում եմ, քիչ դերասաններ կան, որոնք կարող են մի քանի տարի ձգվող սերիալում խաղալուց հետո առանց կորստի խաղալ ֆիլմում կամ էլ թատրոնի բեմում:
– Հայտնի է, որ «Ժաննան եւ ձայները» դեռ նկարահանման փուլ չմտած՝ արդեն իսկ լուրջ աջակցություն էր ստացել միջազգային կինոդաշտից` «Ոսկե ծիրանի» շրջանակներում գործող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրից, Հարավային Կորեայի Պուսանի կինոփառատոնից, Կաննի պրոդյուսերական ցանցից: Այդ փաստը կօգնի՞ ֆիլմի հետագա դիստրիբյուցիային:
– Իհարկե, Հայաստանից դուրս մեր ֆիլմի հանդեպ ուշադրություն կա: Եվ դա ոչ այնքան ֆինանսավորման, որքան միջազգային մրցանակների արժանանալու շնորհիվ եղավ: Ֆիլմն այսօր համագործակցություն է Ազգային կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ: Մենք հետաքրքիր ու տարօրինակ ուղեւորություն ենք ունեցել: Կարելի է ասել, որ 2 տարվա ընթացքում «Ժաննան» գրեթե ողջ աշխարհում պտտվել ու արդեն ճանաչելի է դարձել: Ես հայտնվեցի նույնիսկ Կաննում եւ Բեռլինում: Սովորաբար ֆիլմն աշխարհին ներկայացնելու համար խոշոր մարքետինգային կամպանիաներ են կազմակերպում, գումարներ են ծախսվում, իսկ մենք կարողացանք այդ ամենը նախագծային փուլում անել առանց ծախսի։
– Իսկ ե՞րբ պատրաստ կլինի Ատոմ Էգոյանի ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում։
– Ատոմ Էգոյանի ֆիլմը նկարահանվում էր «Ոսկե ծիրանում» անցկացված վարպետության դասի ժամանակ։ Նա նկարահանում ու միաժամանակ դասավանդում էր: Նյութը շատ հետաքրքիր էր, Խոր Վիրապի հետ էր կապված: Կանադացի դերասան Ահարոն Փուլը, Աշոտ Ադամյանն ու ես այդ ֆիլմի դերակատարներն էինք։ Որքան գիտեմ, ֆիլմը դեռ ավարտված չէ։
– Ասում ես, որ ստիպված ես պրոդյուսեր դարձել: Իսկ հիմա, երբ արդեն բավականին ամրապնդվել ես, այլ ֆիլմերի պրոդյուսեր դառնալու առաջարկներ լինո՞ւմ են:
– Առաջարկներ լինում են, նույնիսկ արտասահմանյան ֆիլմերի արտադրությանը մասնակցելու առաջարկներ են լինում, հիմա, օրինակ, աշխատելու եմ ուկրաինական ֆիլմարտադրողի հետ: Դա գեղարվեստական ֆիլմ է Փարաջանովի մասին: Ես գործելու եմ որպես Հայաստանյան կողմի պրոդյուսեր: Սակայն խնդիրը նրանում է, որ Հայաստանում գործող ֆիլմարտադրության մեխանիզմները շատ լուրջ հարցեր են առաջացնում: Եվ շատ հաճախ մտածում ես` արժե՞ արդյոք Հայաստանում ֆիլմ նկարահանել: Մեր պետական կինոֆինանսավորման համակարգը աշխարհից շատ տարբեր է: Մենք կինոյի օրենք չունենք, որը գործում է գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ մի քանի նախկին խորհրդային երկրներից, որոնք այսօր հերթով ընդունում են այդ օրենքը: Օրենք ունենալն ուղղակի անհրաժեշտություն է, դա թելադրում է նաեւ Եվրոպայի հետ համագործակցության ձգտումը: Երբ ի վերջո կարողանանք Եվրոպայում եւ Ասիայում գործող օրենքի նման օրենք ընդունել, շատ բան ավելի պարզ ու հստակ կգործի, մենք էլ կինոարտադրությունը զարգացնելու շանս կստանանք: Իհարկե, շատ ուրախալի է, որ մենք հիմա միանգամից 7 լիամետրաժ ֆիլմեր ենք նկարահանում, դա ակնհայտ առաջընթաց է: Կինոարտադրողներն էլ փորձում են կինոյի օրենքի կայացման հարցը բարձրացնել: Ազգային Կինոկենտրոնը նույնպես օրենքի ընդունման կողմնակիցն է (համենայնդեպս, նման տպավորություն է): Սակայն նկատելի է, որ օրենքի նախագծի այն տարբերակը, որն այժմ գոյություն ունի, իմ կարծիքով՝ միջազգային կինոիրավաբանի հետ համատեղ մշակման կարիք ունի:
– Ի՞նչ կտա կինոյի օրենքի ընդունումը:
– Օրենքը շատ բան է փոխում (ինչպես եւ բոլոր ասպարեզներում): Եվ որքան էլ մարդիկ փորձում են դա չնկատել, միեւնույն է, օրենքի բացակայությունը շատ մեծ չարիք է: Ես դերասանուհի լինելով` ստիպված եմ դարձել պրոդյուսեր, քանի որ ցանկություն կար հասկանալ` ինչո՞ւ է մեր կինոն նման փակուղային վիճակում հայտնվել: Խնդիրը երբեք միայն ֆինանսավորումը չէ, հստակ աշխատող մեխանիզմներ են պետք: Կինոյի օրենքը կարգավորում է պետական ֆինանսավորման մեխանիզմները, նախապատվությունները, արտադրական հարցերը, եւ, ի վերջո, կարող է կարգավորել նաեւ հարկային դաշտը: Իսկ մեզ մոտ հիմա այդ բոլոր խնդիրները միաժամանակ են ծագում:
– Իսկ ինչի՞ց է հարկավոր սկսել օրենքի մշակման պրոցեսը։
– Կինոյի օրենքը ստեղծելու համար նոր բան չպիտի հնարել, այլ ընդհակառակը՝ պետք է հիմնվել միջազգային օրենքի ու պատմական փորձի վրա: Կա օրենքի մոդել, որով ուղղորդվում են եվրոպական ու ասիական պետությունները, եւ այդ օրենքն իր հիմնական սկզբունքներով նույնն է: Մենք էլ պետք է մեր օրենքը համապատասխանեցնենք միջազգային սկզբունքներին, որպեսզի մեկ ընդհանուր օրենսդրական դաշտում գործենք: Որքան էլ փորձենք ինքներս մեզ խաբել, միեւնույն է, պետք է ընդունենք, որ ցանկացած միջազգային կինոընկերություն եւ կառույց խուսափում է գործ ունենալ իրենից տարբեր օրենսդրության հետ: Կինոն տարբեր պիտի լինի իր էությամբ, մտածողությամբ, ժանրերով, ոճով, այլ ոչ թե արտադրության ու ֆինանսավորման մեխանիզմներով: Աշխարհում կինոարտադրության 2 մոդել կա: Առաջինը ամերիկյան ինքնաբավ համակարգն է, որը պետական ֆինանսավորման կարիք չունի, իսկ մյուսը` ողջ աշխարհինը։ Բացառություն են կազմում որոշ նախկին խորհրդային երկրներ, որոնք դեռ չեն հասցրել փոխել իրենց կինոհամակարգը: Ցավոք, այդ շարքում ենք նաեւ մենք: Եվ նույնիսկ չենք փորձում հասկանալ` ի՞նչ է դա մեզ տալիս եւ ինչի՞ց է զրկում:
– Տպավորություն է, որ առաջինը հենց կինոգործիչները չեն ուզում փոփոխել համակարգը, քանի որ արդեն հարմարվել են։
– Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է շատերի երկչոտությունը: Ինչի՞ց են վախենում` անհասկանալի է: Իհարկե, ցանկալի է, որ Հայաստանի բոլոր կինոարտադրողներն ու կինոգործիչները միանան եւ կինոյի օրենքի մշակում ու ընդունում պահանջեն: Մենք 2005-ին արդեն ստորագրել ենք համատեղ ֆիլմարտադրության եվրոպական կոնվենցիան: Ստորագրել եւ վավերացրել ենք: Եվ մինչեւ հիմա մեր սեփական օրենքն ունենալը մեզ վախեցնում է: Աշխարհի հետ համագործակցելու (նույնիսկ երկրի ներսում զարգանալու) մեր հնարավորությունները հասցված են նվազագույնի` օրենսդրությունների տարբերության պատճառով: Անգամ փայլուն սցենարի դեպքում բոլոր միջազգային կառույցներն ու պրոդյուսերները պարտադիր դիտարկում են նաեւ տվյալ մասնավոր ֆիլմարտադրողի կարգավիճակը։ Իսկ արտադրողի կարգավիճակը չի փոխվի, եթե ֆինանսավորման մեխանիզմը չփոխվի:
– Իսկ հիմա ինչպե՞ս է իրականանում պետության ու մասնավոր ֆիլմարտադրողի համագործակցությունը։ Եվ ինչպիսի՞ դեր ունի Կինոկենտրոնը։
– Կինոկենտրոնը պետության ներկայացուցիչն է։ Եվ դա ճիշտ է: Դա պրոֆեսիոնալ կառույց է, որին կինոֆինանսավորումը լիազորելու մենաշնորհ է տրված: Դա էլ է ճիշտ, եթե խոսքը իսկապես միայն ֆինանսավորման մասին է: Նման կառույցներ կան բոլոր երկրներում: Անցումային շրջանում մեր Ազգային կինոկենտրոնը ստիպված է եղել արտադրական ֆունկցիաներն իր վրա վերցնել: Գուցե դա անհրաժեշտություն էր 5 տարի առաջ, քանի որ այդ ժամանակ մասնավոր արտադրողներ չկային: Իսկ հիմա նրանք կան: Չնայած, ես կարծում եմ, որ նույնիսկ 5 տարի առաջ մենք կարող էինք կինոզարգացման այլ ուղի ընտրել ու մյուս սոցիալիստական երկրների (նախկին Հարավսլավիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխիայի, հիմա արդեն՝ Վրաստանի, Ուկրաինայի, Լատվիայի) օրինակով համապատասխանեցնել մեր կինոֆինանսավորման պետական համակարգը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կորեայի եւ այլ երկրների համակարգին: Այդ բոլոր երկրներում Կինոկենտրոնը գործում է որպես ֆոնդ, ինչի շնորհիվ էլ նրանց կինոն շատ մեծ հաջողությունների է հասել ու արագորեն զարգանում է: Գուցե վերջապես ժամանակն է, որ մե՞նք էլ հեծանիվ չհայտնաբերենք եւ պետական ֆինանսավորումը ոչ թե համատեղ արտադրություն, այլ աջակցություն դարձնենք: Այդ աջակցությունը պետք է գործի՝ որպես դրամաշնորհ: Չէ՞ որ պետությունը կարող է զարգացնել իր կինոն՝ միայն զարգացնելով մասնավոր կինոարտադրողին: Այսօր մեզ մոտ նվազագույնի է հասցվում թե՛ զարգանալու եւ թե՛ համագործակցելու հնարավորությունները: Եվ չմոռանանք, որ համագործակցությունը մեզ պետք է ոչ միայն ֆինանսական նպատակներով: Վերջիվերջո, կինոն հզոր զենք է, որը մենք բացարձակապես չենք օգտագործում: Մենք կարող ենք շատ ավելի ակտիվ համագործակցել աշխարհի հետ ու տարածել մեր ֆիլմերը, եթե մեր օրենսդրությունը համապատասխանի աշխարհի օրենսդրությանը:
– Ստացվում է, որ այսօր պետության հետ համատեղ ֆիլմ արտադրե՞լն է միակ ճանապարհը:
– Ստացվում է այդպես: Դա մի մեխանիզմ է, որի նմանը աշխարհում պարզապես գոյություն չունի: Միջազգային ոչ մի կառույց չի աշխատում ուրիշ պետության հետ: Այո, պրոդյուսերների մեծ մասը գումարը ստանում են պետությունից, սակայն պետությունը միայն աջակցող կողմն է: Եվ նույն կերպ էլ գործում են ֆիլմեր գնող ընկերությունները, որոնք ֆիլմերը գնում են անկախ կինոարտադրողներից, այլ ոչ թե պետությունից: Պետությունն աշխատում է պետության հետ` օրենքների ստորագրման ձեւով, իսկ բուն համագործակցությունը ծավալվում է մասնավոր ընկերությունների միջեւ: Մանավանդ որ, աշխարհի հետ բանակցելու, համագործակցելու համար անկախ արտադրողի կարգավիճակը պարտադիր պայման է:
– Իսկ ո՞րն է պետության հետ համագործակցելու առավելությունը:
– Արտադրողի համար դա ֆիլմ ստեղծելու միակ հնարավորությունն է: Ենթադրվում է, որ եթե ֆիլմը շահույթ է ունենում, ապա շահույթ է ունենում նաեւ պետությունը: Սակայն Հայաստանի Հանրապետությունը կինոյից, այսպես թե այնպես, մեծ շահույթ երբեք չի ունեցել: Եկեք ընդունենք, որ երբ շահույթ է ստանում կինոարտադրողը, պետությունը նույնպես շահում է: Եվ այդ շահը միայն ֆինանսական չի լինում:
– Իսկ ինչպե՞ս կարող է ավելանալ անկախ կինոարտադրողների քանակը:
– Պետական ֆինանսավորումը պետք է օգնի արտադրողներին ոտքի կանգնել: Եվ, ասենք, 10 տարի հետո, երբ մասնավոր ֆիլմարտադրողը կկարողանա հեղինակություն ձեռք բերել եւ ավելի ինքնուրույն գործել, կարելի է կիրառել վերադարձվող դրամաշնորհի սկզբունքը, որը չի խախտում միջազգային սկզբունքները: Ռումինիան, Հունգարիան հենց այդպես արեցին, եւ 10 տարվա ընթացքում հասան նրան, որ շատ անկախ ֆիլմարտադրողներ արդեն բավականին ինքնուրույն դարձան: Ցանկացած խոշոր փառատոն պատրաստ է ցուցադրել նրանց ֆիլմերը, իսկ դիստրիբյուտորները շահագրգռված են այդ ֆիլմերն իրենց երկրներում տարածել: Հավատացնում եմ` աշխարհում հիմա մեծ հետաքրքրություն կա հայկական կինոյի հանդեպ: Շատերը չեն հավատում, բայց դա այդպես է: Կարծես աշխարհը մեզանից էլ լավ գիտի, որ հայկական կինոյից սպասելու բան կա…
– Իսկ արտադրողին չի՞ խանգարում կինոստուդիաների բացակայությունը:
– Չի խանգարում, քանի որ պետական ֆինանսավորման դրամաշնորհային սկզբունքը թույլ կտա փոքր կինոընկերություններ ստեղծել, սեփական տեխնիկական բազա ունենալ եւ դանդաղորեն զարգանալ: Նաեւ արտադրված ֆիլմերի քանակի ավելացման հետ` կրճատել տեխնիկական ծախսերն ու ավելի քիչ գումար ստանալ պետությունից: Վերջում կցանկանայի այսպիսի ամփոփ ձեւակերպում անել. կինոն զարգացնելու համար պետք է կինոարտադրությունը զարգացնել, իսկ կինոարտադրությունը զարգացնելու համար պետք է անկախ կինոարտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Մեզ հարկավոր է աշխարհի հետ որքան կարելի է շատ համագործակցել, իսկ դրա համար, առաջին հերթին, միջազգային սկզբունքին համապատասխան կինոօրենքի մշակում ու ընդունում է պետք: Դա լավ հիմք կլինի եւ հզոր քայլ: