Երիտասարդներին խաբում են

02/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Արտասահմանում կրթություն ստանալը հայերիս համար դարձել է լոտոյի նման մի
բան: Ընդ որում, տվյալ դեպքում` լոտոն շահել ես թե ոչ՝ գիտի միայն կոնկրետ
դեսպանատան հյուպատոսը: Շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր կրթական
համակարգը բարվոք վիճակում չէ, ու սրանով է նաեւ բացատրվում այն
հանգամանքը, որ երիտասարդներն ուզում են սովորել դրսում:

Բայց արի ու տես, որ ուզելը եւ համապատասխան գիտելիքները դեռ շատ քիչ են:
Կարեւորը՝ բախտը բերի: «Ֆինանսական բանակցությունները» նույնպես իրենց
դերն ունեն, բայց սա արդեն ուրիշ պատմություն է:

Այսօր Հայաստանում կազմակերպվում են ուսումնական ծրագրեր, որոնք հանձնելու
եւ համապատասխան միավորներ հավաքելու դեպքում երիտասարդը կարող է
ընդունվել արտասահմանյան որեւէ բուհ: Բայց քչերին է հաջողվում մեկնել
արդեն ընդունված բուհը: Մնացածների ուրախությունը շատ կարճ է տեւում՝
մինչեւ կոնկրետ երկրի դեսպանատան դուռը: Պատահում է՝ դեսպանատունը մերժում
է բուհ ընդունված դիմորդին մեկնել: Մերժման պատճառը հիմնականում
ձեւակերպվում է այսպես՝ «Դուք շատ երիտասարդ եք ու չեք վերադառնա»: Սա
գուցե հասկանալի բացատրություն է իրենց՝ օտարերկրացիների համար, բայց
այնքան էլ տրամաբանական չէ հայ երիտասարդների համար, ովքեր շատ անկեղծ
հարցնում են՝ «Բա էլ քանի՞ տարեկանում պետք է ես կրթություն ստանամ, եթե
հիմա երիտասարդ եմ»:

«Մնացի առանց բուհի»

Մարինե Միքայելյանը 20 տարեկան է: Ավարտելով Երեւանի Պետական հումանիտար
քոլեջի երկրորդ կուրսը՝ դուրս է եկել այնտեղից, քանզի այդ ժամանակ
համոզված էր, որ արդեն նոր բուհի, այն էլ` արտասահմանյան բուհի ուսանող է:
Մարինեն իր մայրիկի հետ եկել էր խմբագրություն՝ հուսալով, որ գուցե մեզ
պատմելով կարող է իր խնդրին լուծում գտնել: «Մեր քոլեջի ֆրանսերենի
դասախոսներից մեկն աշխատում էր «Ալյանս ֆրանսեզ» կազմակերպությունում,
որտեղ երիտասարդները կարող են հանձնել որոշ քննություններ եւ բավարար
մակարդակներ հավաքելու դեպքում ընդունվել ֆրանսիական որեւէ բուհ,- պատմում
է Մարինեն: -Համաձայն իրենց օրենքների, ես դեսպանատանը հունվար ամսին
դոսյե լրացրեցի, եւ արդեն փետրվարի 21-ին հանձնեցի քննությունս, որի համար
վճարել եմ 60.000 դրամ: Պատկերացրեք իմ ուրախության չափը, երբ իմացա, որ
հավաքել եմ երրորդ մակարդակը, այսինքն՝ անցել եմ: Ընտրեցի Ստրասբուրգ
քաղաքի բուհերից մեկը, քանզի այնտեղ ծանոթներ ունեինք, ովքեր համաձայնեցին
դառնալ իմ խնամակալը: Դա կարեւոր պահ էր, քանզի բոլոր ծախսերը իմ վրա պետք
է լինեին: Ժամանակակից գրականության ֆակուլտետն էի ընտրել, եւ
դեսպանատանը, երբ գնալուս նպատակն էի գրում, նշել էի, որ իմ երկրում ես
հնարավորություն չունեմ իրենց ժամանակակից գրականությունն ուսումնասիրել»:
Հուլիսին Մարինեն հրավեր նամակ է ստանում բուհից, որտեղ ասվում է, որ ինքն
արդեն այդ բուհի ուսանող է: «Ես ընդհանրապես չէի կասկածում, որ որեւէ
խնդիր կառաջանա դեսպանատան հետ, չէ՞ որ ես օրինական ձեւով հանձնել եմ
քննությունը եւ գնում եմ ոչ թե աշխատելու, այլ կրթություն ստանալու, եւ իմ
հաշվին եմ դա անում եւ ոչ թե իրենց պետության: Իմ փաստաթղթերը կարգին
վիճակում են,- պատմում է Մարինեն: -Դեսպանատանն ինձ մերժեցին: Ընդհանրապես
նման բան չէի սպասում, որովհետեւ ոչ մի խոսք չէր եղել այն մասին, որ
վերջում ես կարող եմ «վիզա» չստանալ: Դրա համար ես հանգիստ դուրս էի եկել
Երեւանի Պետական հումանիտար քոլեջից, որտեղ անվճար էի սովորում: Զանգեցի
ատաշե լինգվիստիկին, որը փորձեց հետաքրքրվել իմ մերժման պատճառով, բայց
հետո ասաց, թե ոչնչով չի կարող օգնել»: Մարինեի ֆրանսերենի դասախոսին
հաջողվել է հանդիպել դեսպանին, վերջինս բացատրել է, թե Մարինեն երիտասարդ
է, կգնա ու հետ չի վերադառնա: «Ես ամենեւին չեմ պատրաստվում մնալ իրենց
երկրում, պարզապես ցանկանում եմ լավ կրթություն ստանալ: «Ալյանս ֆրանսեզ»
կազմակերպությունում ասում են, որ իրենք միայն քննություն են անցկացնում:
Այդ դեպքում ինչո՞ւ են կազմակերպվում այս քննությունները, եթե հետո
երեխաներին չեն թողնելու մեկնել: Չէ՞ որ դրանով հոգեբանական եւ նյութական
վնաս են պատճառում»: «Ալյանս ֆրանսեզի» տնօրեն Սյուզան Ղարամյանն այս
ամենը բացատրում է հետեւյալ կերպ. «Քննություն հանձնելն ու ստանալը դեռ չի
նշանակում «վիզա» ստանալ: Բուհը կապ չունի դեսապանատան հետ: Ոչ ոք չի
կարող միջնորդել, ամեն մեկն իր գործն է անում»: Այստեղ բաց է մնում մի շատ
կարեւոր խնդիր, Մարինեն մեզ պատմեց, որ իրեն ոչ մի պայմանագիր չի
ներկայացվել, որտեղ նշված կլիներ, թե հետագայում ինչ խնդիրներ կարող են
առաջանալ: «Ցավն այն է, որ ինձ խաբել են, ինձ ոչ ոք չի տեղեկացրել այն
մասին, որ ես կարող եմ վիզա չստանալ: Ինչո՞ւ մարդկանց նախօրոք չեք
զգուշացնում, ինչո՞ւ պայմանագրեր չեք կնքում: Հիմա ես մնացել եմ առանց
բուհի, այսինքն` այնտեղ գնալ չեմ կարող, իսկ այստեղ էլ եթե նորից
վերականգնվեմ՝ միայն վճարովի բաժինն է լինելու, այն դեպքում, երբ ես
անվճար էի սովորում,- վրդովված ասում է Մարինեն: – Ինչո՞ւ են
քննությունները շարունակվում, եթե, միեւնույն է, ոչ մեկի չեն թողնելու
գնալ: Փող աշխատելու նոր ձեւ՞ է սա»: Սյուզան Ղարամյանի հավաստմամբ`
զգուշացում պետք է կատարվեր դեսպանատանը, քանզի իրենք միայն քննություն
ընդունողն են. «Գուցե մեկին ասել են, մյուսին մոռացել են զգուշացնել: Ես
ավելի շատ Մարինեի կողմից եմ, իհարկե, շատ լավ կլիներ, որ նա գնար, բայց
մենք ոչինչ չենք կարող անել,- ասում է Ս. Ղարամյանը: -Ինչ վերաբերում է
քոլեջից դուրս գալուն, դա Մարինեի սխալն է եղել, նա այդ քայլին չպետք է
դիմեր: Այդպիսի պայման չի եղել: Ստացել է հրավերը, ընդունվել է ու մտածել
է, թե դա վերջն է»:

Ցավալի է, որ այսօր մեր երկիրն այնքան կշիռ ու հեղինակություն չունի
արտասահմանյան շատ պետությունների համար, ու օտարերկրացի հյուպատոսները
կասկածով ու մանրադիտակով են ուսումնասիրում ՀՀ քաղաքացիներին: Իրենց էլ
կարելի է հասկանալ՝ պաշտպանում են իրենց երկիրը: Սա հարցի մի կողմն է
միայն: Եթե այսպիսի երիտասարդներին մերժելը համատարած բնույթ է կրում, այդ
դեպքում ինչո՞ւ են Հայաստանում շարունակում իրականացվել նմանատիպ
ծրագրերը: Ո՞վ է պատասխանատու այս երեխաների հոգեկան ապրումների համար:
Մեր պետությո՞ւնը, դեսպանատնե՞րը, թե՞ նման ծրագրեր իրականացնողները:
Իրականում ոչ մի պատասխանատու էլ չկա:

Հ.Գ. Զանգահարեցինք նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն՝ այս խնդրի մասին
իրենց կարծիքը լսելու: Հեռախոսավարուհին խնդրեց զանգահարել հինգշաբթի օրը:
Դեսպանատան տեսակետը կներկայացնենք հաջորդ համարում: