«Հրաժարվել վտանգավոր սովորություններից, սննդի, աշխատանքի եւ քնի ռեժիմ պահպանել, յուղալի ու աղի սննդի օգտագործումը սահմանափակել: Այս ամենի հետ մեկտեղ՝ չմոռանալ գիրք կարդալ»: Երեկ` ամերիկացի երկարակյաց մի բժշկի առողջ ու երկար ապրելու մասին այս հիմնական խորհուրդները հայաստանցիներին է փոխանցել «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: «Այսինքն` չպետք է գերի լինել սննդին, շատ կարդալ գրքեր»,- բացատրել է Պողոսյանը: Ասուլիսին ներկա Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանն էլ ասել է, թե սննդի հիգիենան մաքուր պատառաքաղը կամ ափսեն չէ, ինչպես ընդունված է հայերի շրջանում, այլ` ռացիոնալ ու լիարժեք սննդի ընդունումը: «Ինչքան էներգիա ծախսում է մարդը, այնքան էլ պետք է սնունդ ստանա. սնունդը պետք է լինի բալանսավորված»,- ասել է նա` հավելելով, թե չափահասները օրական պետք է սնվեն 3-4 անգամ, իսկ երեխաները` 5-6 անգամ: Ըստ Ն. Խաչատրյանի` Հայաստանում նախաճաշի ինստիտուտը զարգացած չէ, ինչը, սակայն, շատ կարեւոր է: Չնախաճաշելու եւ օրվա մեջ սոված լինելու դեպքում, ըստ նրա, առաջանում են ստամոքսային այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ստամոքսային խոցը, գաստրիտը եւ այլն: Նա խորհուրդ է տվել քնելուց անմիջապես առաջ չուտել, այլ 2-3 ժամ առաջ, որպեսզի սնունդը մարսվի, սուրճ խմել այնքան, որքան պահանջում է օրգանիզմը, սուրճի շատ օգտագործումն, ըստ նրա` վնաս չէ։ «Կան գիտական լուրջ հետազոտություններ. անգամ 5 բաժակ սուրճը չի կարող մարդուն վնասել: Ընդհակառակը, սուրճը նույնիսկ անհրաժեշտ է մարդուն` նրա նյարդային համակարգն ավելի ակտիվացնելու համար: Նույնիսկ երեխաներին են խորհուրդ տալիս սուրճ ընդունել: 1-2 բաժակը, իհարկե, բավարար է, բայց մինչեւ 5 բաժակ կարելի է»,- հայտարարել է ինստիտուտի ներկայացուցիչը: Նրա խոսքով, սուրճը չի կարող գրգռիչ ազդեցություն ունենալ աղեստամոքսային լորձաթաղանթի վրա, ուստի սուրճ կարելի է ըմպել անգամ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում: Մասնագետի հավաստմամբ, վնասակար չէ անգամ լուծվող սուրճը: «Գիտեք, խոսակցություններ միշտ էլ կարող են լինել, եղել են եւ լինում են, բայց պետք է մի քիչ հարցին գիտականորեն մոտենալ»,- ասել է մասնագետը` նշելով, որ կապ չունի՝ լուծվո՞ղ է սուրճը, թե՞ ոչ:
Ն. Խաչատրյանի ասելով` չպետք է ընդունել շատ տաք եւ շատ սառը սնունդ, իսկ լարվածությունը կամ սթրեսն անթույլատրելի է ուտելու միջոցով հանգստացնել: Սննդակարգում, ըստ Խաչատրյանի` պետք է ապահովել բազմազանություն, ամեն օր օգտագործել կաթ` 750 գրամից ոչ պակաս, բանջարեղեն՝ 400 գրամից ոչ պակաս եւ, իհարկե, մրգեղեն: