Օգտակար դեղատոմսեր

10/06/2010

Հիշողության համար շատ լավ է գլուխ սոխն ու մեղրը: Դրա համար անհրաժեշտ է գլուխ սոխն անցկացնել քերիչով, այնքան, որ ստացվի կես բաժակ հյութ: Խառնել այն հավասար քանակությամբ մեղրի հետ ու ստացված խառնուրդն ընդունել յուրաքանչյուր ուտելուց մի քանի րոպե առաջ` 1 ճաշի գդալի չափով:

Հազի համար շատ օգտակար ու փորձված միջոց է մանանեխով կոմպրեսը: Դրա համար անհրաժեշտ է մանանեխը լուծել ջրում եւ սրբիչը լավ թաթախել այդ մանանեխաջրի մեջ, այնպես, որ սրբիչը լավ թրջվի եւ ոչ թե` խոնավանա: Ապա ծալել ու այն մասը, որը պետք է դրվի կրծքավանդակին` կրկին մանանեխ անել: Նշենք, որ այդ հատվածը նախապես պետք է փոքր-ինչ մերսել մեղրով:

Հոդացավերի համար լոբով մի բաղադրատոմս է առաջարկվում: Դրա համար շատ օգտակար է հատկապես սպիտակ լոբին: Այն պետք է եփել այնքան, որ լավ փափկի, լցնել թանզիֆի մեջ ու կոմպրեսի պես դնել ծնկներին` վրայից փակելով պոլիէթիլենային թաղանթով ու բրդե շորով:

Շատ օգտակար ու սնուցող նշանակություն ունի Չուլպան Խամատովայի առաջարկած երիտասարդության դիմակը: Դրա համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, հավասար քանակությամբ ձիթապտղի յուղ ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդը քսել դեմքին ու պահել 20 րոպե: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ: 20 րոպե հետո դեմքը առանց օճառի պետք է լվանալ գոլ ջրով: