Գերչակի յուղն օժտված է բուժիչ բազմաթիվ հատկանիշներով: Բուսական այս դեղամիջոցի հանդեպ, սակայն, մարդկանց վերաբերմունքը փոքր-ինչ քամահրական է: Շատերը դա բացատրում են գերչակի յուրահատուկ համով: Առհասարակ, գերչակի յուղը ոչ թանկարժեք բուսական դեղամիջոց է` բավական երկար պահպանման ժամկետով, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն ստանում են գենեգերչակի կամ տզկանեփի սերմերից: Դեղատներում կարելի է հանդիպել նաեւ «գենեգերչակի յուղ» անվանումով: Այն պետք է պահել փոքր-ինչ սառը ու մութ վայրում` փակ վիճակում:
Գերչակի օգտագործման պատմությունը, կարելի է ասել, մեզ է հասել դեռեւս Հին Եգիպտոսից` մ.թ.ա. 3000 տարի առաջ. հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գերչակի սերմերի մնացորդներ: Եգիպտոսում այն բազմաթիվ քսուքների պատրաստման համար հիմք է հանդիսացել: Այն հաճախ օգտագործվում էր նաեւ կրոնական ծիսակատարությունների ժամանակ: Աֆրիկայում գերչակի ձեթը օգտագործվել է կաշվի ու կաշվե իրերի մշակման համար: Այս բույսի մասին նույնիսկ նշվում է Աստվածաշնչում: Գերչակն արագ տարածվեց Հնդկաստանում, եւ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիական, բժշկական նպատակներով, ինչպես նաեւ` այն լույսի աղբյուր էր ծառայում: Հետագայում գերչակը սկսեց տարածվել գաղութների շնորհիվ: Ռուսաստանում գերչակի մասին իմացան 19-րդ դարում եւ մինչ օրս ներկրում են Հնդկաստանից կամ Չինաստանից:
Գերչակի յուղն օժտված է փափկեցնող, սպիտակեցնող ու հանգստացնող հատկություններով: Շատերը գիտեն գերչակի յուղի թուլացնող հատկությունների մասին: Բայց սրանով չեն սահմանափակվում նրա բուժական հատկությունները: Այն լայն գործածություն ունի ինչպես դեղագործության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:
Գերչակի յուղը նպաստում է մաշկային ծածկի վերականգնմանը` ապաքինելով վերքերը, այրվածքների հետեւանքով առաջացած փոքրիկ խոցերը: Այն փափկեցնում է մաշկը: Գերչակը շատ լավ օգնում է գորտնուկների, պապիլոմաների դեպքում, ինչպես նաեւ դրանով կարելի է պիգմենտային բծերը բուժել: Օրինակ` մի կին 1 ամսվա ընթացքում ազատվել է դեմքի վրայի գորտնուկից ` օրը 3 անգամ 10-20 րոպե տեւողությամբ գերչակի յուղի կոմպրես դնելով: 2,5-3 ամսվա ընթացքում բուժվել է պարանոցի վրայի պապիլոման:
Գերչակի յուղը փորձված ու շատ օգտակար միջոց է ոտնաթաթի ճաքերի ու կոշտուկների համար: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է քնելուց առաջ ոտքերին գերչակի յուղ քսել` մոտ 30 րոպե մերսելով, ապա սովորական բամբակե գուլպա հագնել: 1 ամսվա ընթացքում կոշտուկները անհետանում են, իսկ ոտնաթաթի մաշկը դառնում է փափուկ: Բացի այդ, այս պրոցեդուրան հանգստացնում է ոտքերն ու նպաստում հանգիստ քնելուն:
Դեռ հնուց եկած, գերչակի յուղը բժշկության մեջ գործածվել է որպես թուլացնող միջոց: Այն գրգռում է հաստ եւ բարակ աղիների ռեցեպտորները` ակտիվացնելով աղիների աշխատանքը: Արդյունքը կարող է զգացվել այն ընդունելուց 5-6 ժամ հետո: Ինչպես նաեւ կարող է առաջացնել արգանդի մկանների ռեֆլեկտոր կրճատում: Թուլացնելու նպատակով երեխաներին տրվում է 5-15 գրամ, իսկ մեծերին` 15-30 գրամ: Գերչակի յուղը կարելի է ընդունել նաեւ կապսուլաներով: Նկատենք, սակայն, որ գերչակի յուղը ոչ թե բուժում է փորկապությունը, այլ չեզոքացնում է այն: Այդ պատճառով այն մարդկանց, ովքեր քրոնիկական բնույթի խնդիրներ ունեն, խորհուրդ չի տրվում գերչակի յուղ օգտագործել: Նաեւ խորհուրդ չի տրվում գերչակ օգտագործել այն ժամանակ, եթե քիմիական թունավորում է տեղի ունեցել: Խստիվ արգելվում է այն օգտագործել հղիության ընթացքում:
Մաշկին կպած տիզերից առաջացած վերքերից եւս կարելի է ազատվել գերչակի յուղի միջոցով: Այն միանգամից ապաքինում է: Ուշադրություն. տզի կծելու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, քանի որ տիզը կարող է մահացու վտանգավոր հիվանդության` էնցեֆալիտի տարածող լինել:
Գերչակի ձեթը հիանալի միջոց է գերհոգնած ու կարմրած աչքերի դեպքում, իհարկե, եթե այլ խնդիրների հետեւանքով չեն կարմրել աչքերը` արյան ճնշում եւ այլն: Անհրաժեշտ է պարզապես քնելուց առաջ յուրաքանչյուր աչքի մեջ մեկ կաթիլ յուղ կաթեցնել:
Գերչակի յուղն ընդունված է նաեւ օգտագործել ժողովրդական բժշկության մեջ` մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունները բուժելու համար: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալի չափով գերչակի յուղը տաքացնել եւ ավելացնել 1 ճաշի գդալ սկիպիդար: Տաք խառնուրդով պետք է շփել հատկապես կրծքամասը եւ փաթաթելով տաք շորով` պառկել անկողնում: Այն նաեւ շատ լավ արդյունք կարող է տալ թութքի բուժման ժամանակ: Պարզապես գիշերը (մինչեւ առավոտ) կարելի է թանզիֆի կտորը թրջել յուղի մեջ ու դնել հետանցքի վրա: Ներքին թութքի դեպքում կարելի է գերչակի յուղ օգտագործել, սակայն կապսուլաներով: Գերչակի յուղը կարելի է քսել նորածնի պորտին` շուտ վերականգնվելու համար: Երիտասարդ մայրերին խորհուրդ է տրվում գերչակի յուղը քսել պտուկներին՝ ավելի լավ կաթնարտադրության համար:
Հավանաբար շատերը գիտեն, թե գերչակի յուղը որքան օգտակար է մազերի համար: Եթե մազերի արմատները (սկզբում՝ շաբաթը 2 անգամ, իսկ հետո՝ 1 անգամ) գերչակի յուղով մերսենք, կհամոզվենք, թե ինչպիսի դրական ազդեցություն է այն ունենում մազերի վրա: Ի դեպ, բուսաբույժները խորհուրդ են տալիս մազերին քսել ոչ թե մաքուր ձեթը, այլ օղու հետ խառնուրդը` 2:1 համադրությամբ: Գերչակի յուղը շատ օգտակար է նաեւ հոնքերի ու թարթիչների համար: Կարելի է պարզապես շաբաթը մի քանի անգամ երեկոյան քնելուց առաջ այն քսել հոնքերին: