«Ռուսաստանի հայերի միության» նախաձեռնությամբ 2001 թվականից իրականացվում
է «Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը:
Վերջին երկու տարիներին ծրագիրն անցկացվում է Համաշխարհային հայկական
կոնգրեսի հետ համատեղ:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում եւ Արցախում Համաշխարհային
հայկական կոնգրեսի եւ «Ռուսաստանի հայերի միության» օրերի շրջանակներում
միջոցառումներ կանցկացվեն: «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա
Աբրահամյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ՌՀՄ հնգամյա
գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս էր հրավիրել: Ա. Աբրահամյանը
վստահեցնում է, որ «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի
միության օրեր Հայաստանում եւ Արցախում-2005» ծրագիրն այս տարի հագեցած է
բազմաթիվ միջոցառումներով` ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ
Արցախում: Շարունակվում է «Հայաստանի եւ Արցախի դպրոցների
համակարգչայնացումը՝ համազգային հոգածություն» շարժումը: Ծրագրի
շրջանակներում Հայաստանի եւ Արցախի 80-ից ավելի դպրոցներ եւ այլ
հաստատություններ կստանան մոտ 500 համակարգիչ: Ռուսաստանի եւ այլ երկրների
ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը ծրագրի շրջանակներում
հանդիպումներ կունենա հայ գրողների, Երեւանի բուհերի ուսանողության եւ
պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռուսաստանից ժամանած հանրաճանաչ
գիտնականները ելույթներ կունենան բուհերում եւ գիտական
հաստատություններում: Իսկ անվանի բժիշկները մայրաքաղաքի բուժհիմնարկներում
սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչների համար բժշկական
խորհրդատվություն կանցկացնեն: Ասուլիսի ընթացքում հնչած քաղաքական
հարցադրումներից պրն Աբրահամյանը խուսափեց՝ ասելով, որ «Ռուսաստանի հայերի
միությունը» քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ ինքն իրավունք էլ չունի
քաղաքականությամբ զբաղվելու այն պարզ պատճառով, որ օտարերկրյա քաղաքացի է:
Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանում ժողովուրդը քաղաքականացված է:
Ռուսաստանում 300-400.000 Հայաստանի քաղաքացի ունեցող «Ռուսաստանի հայերի
միությունը» չի կարող Հայաստանի քաղաքական կյանքով չհետաքրքրվել, սակայն
քաղաքական մեկնաբանություններ տալը միության նախագահը կոռեկտ չհամարեց:
Անդրադառնալով Ջավախքի աղմկահարույց դեպքերին` վերջինս նշեց, որ
«Ռուսաստանի հայերի միությունն» ու Համաշխարհային հայկական կոնգրեսն
անտարբեր չեն Վրաստանի հայ համայնքի հանդեպ, եւ անձամբ պրն Աբրահամյանը
երկու անգամ այցելել է Վրաստան. «Եթե տեղյակ եք, ռուսական կենտրոնական
հեռուստաալիքով հեռարձակվեց Ջավախքի բնակչության պահանջը: Այն, ինչ այստեղ
կատարվում է, մենք հետեւողականորեն փորձում ենք մասնակցություն ունենալ եւ
ձեռնպահ չմնալ,- ասաց պրն Աբրահամյանը: -Դուք գիտեք ինչպիսին են այնտեղի
թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական պայմանները, դրանք Հայաստանի պայմաններից
մի քանի անգամ ավելի վատ են, եւ տեղի բնակչության պահանջը շատ ազնիվ է:
Այսինքն՝ նրանք ասում են` եթե դուք չեք կարողանում պայմաններ ստեղծել,
ապահովել սոցիալական տարրական հարցեր, ուրեմն` տվեք ինքնավարություն,
որպեսզի որոշակի հարցերի լուծումը գտնվի»: Վերջինս հայտարարեց, որ
«Ռուսաստանի հայերի միությունը» պետք է հետեւի իրադարձություններին, պետք
է մասնակցի եւ թույլ չտա հայ համայնքներին ճակատագրի դեմ միայնակ կանգնել.
«Եթե տեղի հայերին օգտակար է, որ Ռուսաստանի հեռուստաալիքով ցուցադրվի
նրանց պահանջը, եւ Ռուսաստանի միջամտության կարիքը լինի, ուրեմն՝ դա պետք
է արվի»,- ասաց նա: Այս խնդրի քաղաքական մեկնաբանությունն Արա Աբրահամյանը
վերապահեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին: Վերջինս հայտնեց, որ ի սկզբանե
պարզ էր, որ Ջավախքից Ռուսաստանի ռազմակայանները դուրս բերելու հարցը ոչ
թե զուտ ռուս-վրացական հարաբերությունների պրոբլեմն է, այլ նաեւ այս
հանգամանքն անմիջական կապ ունի Ջավախքում ապրող հայ բնակչության եւ
հայ-վրացական հարաբերությունների հետ: «Մենք կարծում ենք, որ ավելի
բարենպաստ կլիներ, եթե բանակցություններն ընթանային երեք կողմանի
ֆորմատով՝ ոչ թե ռուս-վրացական, այլ ռուս-վրաց-հայկական ֆորմատով,- ասաց
պրն Միհրանյանը: -Մենք նոր ենք եկել եւ մանրամասներին ծանոթ չենք, բայց
հուսով ենք, որ Միխայիլ Սահակաշվիլու այցը Հայաստան եւ նրա
բանակցությունները Հայաստանի նախագահի հետ կապ ունեին Ջավախքի ռազմական
խարիսխները դուրս բերելու խնդրի եւ այս հարցի լուծումը գտնելու հետ»: Պրն
Միհրանյանի կարծիքով՝ սա շատ կնճռոտ հարց է, որը պետք է բացահայտվի թե՛
հայկական քաղաքական իրականության մեջ, թե՛ հայ-վրացական
հարաբերությունների օրակարգում, որպեսզի խուսափեն հայ-վրացական
լարվածությունից: Ըստ քաղաքագետի, պետք է եռակողմ որոշում ընդունվի
Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավար մարմինների կողմից, որպեսզի
Ջավախքի տարածքում կոնֆլիկտների առիթ չլինի: