«Փուչիկը պայթեց»

10/06/2010

Եվրախորհրդի Առողջապահության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, այսպես կոչված, «խոզի գրիպի» կամ H1N1 վիրուսի համաճարակի վերաբերյալ: Եվրոպացի խորհրդարանականների եզրակացությունը սկանդալային է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), եվրոպական երկրների կառավարությունների եւ ԵՄ հաստատությունների մեղքով տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, իսկ մարդկանց անհիմն վախ են ներշնչել»: Կառավարությունների կողմից ձեռք բերված պատվաստաշիճուկի միլիոնավոր փաթեթներ ուղղակի չեն օգտագործվել, քանի որ համաճարակի մասշտաբներն այնքան մեծ չեն եղել, որքան ներկայացվում էին: Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը ԱՀԿ-ն «խոզագրիպի» գլոբալ համաճարակ էր հայտարարել, եւ բազմաթիվ երկրների կառավարություններ ստիպված էին եղել վիթխարի գումարներ ծախսել դրա դեմ պայքարելու համար։