Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրինագծերի մի փաթեթ, որոնք ընդունվելու դեպքում իշխանություններին եւ նրանց հովանավորյալ գործարարներին հնարավորություն են տալու մենաշնորհներ հաստատել առնվազն եւս 2 ոլորտներում: Այդ օրինագծերով առաջարկվում է զգալիորեն սահմանափակել գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Տարադրամի փոխանակման կետերից գանձվող տարեկան տուրքի չափը, ըստ այս նախագծի, բարձրացվելու է միանգամից 20 անգամ` 50.000 դրամից դառնալով 1 մլն դրամ: Իսկ գրավատների կողմից վճարվող տարեկան տուրքը նույն նախագծով առաջարկվում է բարձրացնել 60 անգամ` 100.000 դրամից հասնելով 6 մլն դրամի: Դժվար չէ կռահել, որ այս օրինագծի ընդունման դեպքում դեռեւս որոշակի մրցակցային պայմաններում գործող «չեյնջերի» ու «լոմբարդների» ոլորտը միանգամից կանցնի եթե ոչ մեկ, ապա մի քանի խոշոր տնտեսվարողների ու բանկերի, այսինքն` իշխանության լիակատար վերահսկողության տակ: Ակնհայտ է, որ ներկայումս գործող տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերը ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու այդքան պետական տուրք վճարել եւ ուղղակի փակելու են իրենց բիզնեսը: Իշխանությունների` «Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության» ծրագրի շրջանակներում: