«Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով»,- այդ մասին նախօրեին Վենետիկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով ուրբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ համանախագահների հետ քննարկվել է հայկական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: «Ես Մինսկի խմբի համանախագահներին հայտնել եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպմանը, եթե տեսնենք, որ հայկական կողմը չի ձգտում ձգձգել այս գործընթացը եւ առաջընթացի ցանկություն ունի»,- ասել է նա` հույս հայտնելով, որ համանախագահները Հայաստանի ղեկավարությանը կփոխանցեն Ադրբեջանի դիրքորոշումը, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կանցկացվի հերթական հանդիպումը: Անդրադառնալով երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությանը` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, եւ ինչպես հայտնի է` առաջարկվել է ժամանակավորապես ընդմիջել հանդիպումները: «Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, Աթենքում տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին: Բոլորը գտնում էին, որ այդ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն է ստեղծում հիմնական փաստաթղթի վրա աշխատանքը սկսելու համար, բայց հայկական կողմից համաձայնություն չստացվեց»,- նշել է նա: Մամեդյարովն ասել է, թե որոշակի պատճառներով միջնորդներն են առաջարկել ընդմիջել բանակցությունները: «Սակայն այդ ընդմիջումը շատ երկար է շարունակվում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ հասկանալի է բանակցությունները ակտիվացնելու համանախագահների ձգտումը, քանի որ նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը դրված է բանակցությունների սեղանին: «Մեկ անգամ էլ եմ կրկնում` այդ փաստաթուղթը երկնքից չի ընկել, երկու տարի այն համաձայնեցվում էր»,- հայտարարել է նա: Նշելով, որ Ադրբեջանը ծանոթացել, աշխատել է այդ փաստաթղթի վրա, Մամեդյարովն ընդգծել է, որ այնտեղ սկզբունքային նոր բան չկա` «բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանը առաջարկել է աշխատել, ինչպես ասում են` գնդակը գտնվում է հայկական կողմում»: Նրա խոսքերով` հիմա անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը: «Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները: Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Անդրադառնալով Ղարաբաղյան բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահ դառնալու հնարավորությանը` Մամեդյարովն ասել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է դրա ձեւավորման օրվանից: «Փաստաթղթերի համաձայն` Թուրքիան հանդիսանում է մշտական խորհրդի անդամ, այսինքն` Մինսկի խումբը հիմնողներից մեկը»,- ասել է նա: Անդրադառնալով նաեւ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու հարցին` Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի Բրայզան ԱՄՆ-ի դեսպան նշանակվի Ադրբեջանում: