Հերթական մենաշնորհայինը

09/06/2010

ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագծերի մի փաթեթ, որոնցով անուղղակիորեն առաջարկում է սահմանափակել, կամ հնարավորության դեպքում՝ վերացնել գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Ըստ այդմ, առաջարկվում է տարադրամի փոխանակման կետերից գանձվող տարեկան տուրքի չափը բարձրացնել միանգամից 20 անգամ` 50.000 դրամից հասցնելով 1 մլն դրամի: Իսկ գրավատների կողմից վճարվող տարեկան տուրքը նույն նախագծով առաջարկվում է բարձրացնել 60 անգամ` 100.000 դրամից հասնելով 6 մլն դրամի, այն դեպքում, երբ բանկերից գանձվող տուրքի չափը 3 մլն դրամ է: ՀՀ ԿԲ-ն արդեն մի քանի անգամ սահմանափակել է հատկապես տարադրամի փոխանակման կետերի թե գործունեության ազատությունը, թե քանակը: Հիշեցնենք, որ նախ՝ ԿԲ որոշմամբ սահմանվեց, որ փոխանակման կետերը պետք է իրարից հեռու լինեն նվազագույնը 50 մետրի չափով, ունենան անվտանգության այնպիսի համակարգեր, որոնք շատ թանկ արժեն: Այս պահանջների արդյունքում՝ չեյնջերի քանակը կրճատվեց: Հետո ԿԲ-ն որոշեց, որ չեյնջերի` տարադրամի կուրսը ցուցադրող ցուցանակները չպետք է դրսում փակցվեն: Մի խոսքով, ԿԲ-ն այնպես արեց, որ հնարավորինս կրճատվի փոխանակման կետերի քանակն, ու տարադրամի փոխանակումը հնարավորին չափ մեծ ծավալով իրականացվի բանկերի միջոցով: Այդպիսով իշխանությունները ցանկանում էին հնարավորինս վերահսկելի դարձնել Հայաստանում տարադրամի շրջանառությունը, կամ, ինչպես ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն էր ասում, կրճատել սպեկուլյատիվ գործարքները: Իսկ ԱԺ ուղարկված օրինագծով արդեն ԿԲ նախկին նախագահն ու գործող վարչապետը ցանկանում են իսպառ վերացնել չեյնջերի ու գրավատների գործունեությունը, որպեսզի դրամավարկային ողջ գործունեությունը շրջանառվի միայն բանկերում: Եվ այդպիսով՝ վարկերից ու արտարժույթի փոխանակումից գոյացող եկամուտներն ամբողջությամբ հոսեն պաշտոնյաների սեփականությունը հանդիսացող բանկեր: Ոչինչ, որ այս նախաձեռնությամբ կփակվեն մոտ 500 փոխանակման կետեր ու մի քանի տասնյակ գրավատներ, անգործ ու առանց ապրուստի հնարավորության թողնելով մոտ 1500 ընտանիքի: