Զգուշացե՛ք ինտերնետից

09/06/2010

Թեեւ Հայաստանում Տեղեկատվական եւ Բարձր տեխնոլոգիաների զարգացման թիվ 1 խնդիրը Ինտերնետ կապի որակն է, այնուամենայնիվ, հայաստանցիների կյանքում մեծ տեղ են գրավում ինտերնետային սոցիալական տարբեր ցանցերը: Դա վիրտուալ մի տարածք է, որտեղ հասարակության ակտիվ մի հատված օր ու գիշեր ժամանակ է անցկացնում: Ինտերնետը, Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել տնտեսության, կառավարման համակարգերի, մարդկային փոխհարաբերությունների դաշտ: Ցանկացած մարդ Ինտերնետ-օվկիանոսում կարող է տեղադրել իրեն ցանկալի ինֆորմացիան, եւ կամ կարդալ, տեսնել իրեն ցանկալի նյութը: Սոցիալական հսկայական կայքերից օգտվողների թիվն անցնում է մի քանի տասնյակ միլիոնից: Բացի այն, որ Ինտերնետը մարդուն մեկուսացնում է իրական կյանքից, իրական փոխհարաբերություններից, նաեւ կախվածության մեջ է գցում, որն այսօր արդեն լուրջ հիվանդություն է համարվում: Աշխարհում մեծ տեղ է զբաղեցնում Ինտերնետի միջոցով կատարված հանցագործությունների թիվը: Հատկապես մեծ զանգվածայնություն ունեն Odnoklassniki.ru, Facebook.com, Linkedin.com, Vkontakte.ru, Mamba.ru ինտերնետային կայքէջերը: Եթե Facebook-ը եւ Linkedin.com-ը, այսպես ասած` ինտելեկտուալների հավաքատեղի է, ապա Odnoklassniki.ru-ն հիմնականում նոր ծանոթություններ հաստատելու միջոց է: Երիտասարդներն այստեղ նաեւ ընկեր-ընկերուհիներ են գտնում: Ու քիչ չեն դեպքերը, երբ վիրտուալ աշխարհում ծավալված «աղջկա խաթրին» կպնող ու պաշտպանող կողմերը կռիվը վիրտուալ տարածքից տեղափոխել են փողոց, եւ դա ողբերգական ավարտ է ունեցել: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղ գտած տվյալների համաձայն` վերջին 1 տարվա ընթացքում բացահայտվել է Ինտերնետով պոռնկագրական նյութերի ստեղծման, իրացման եւ տարածման 21 դեպք, որից 18-ը կասեցվել է, զրպարտության 1 դեպք, 4 դեպք կասեցվել է, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հավաքման, վաճառքի եւ տարածման 1 դեպք, 5-ը կասեցվել է, ինչպես նաեւ բացահայտվել են մի շարք խարդախություններ եւ ծածկագրերի գողությունների մի շարք դեպքեր: Բացի նման դեպքերից, նաեւ մեծ տարածում է գտել Հայաստանի բջջային օպերատորների` ՀՀ մուտքային թրաֆիկի ապօրինի ծառայություն մատուցելու երեւույթը: Այս երեւույթն ավելի շատ հայտնի է տերմինացիա անունով: «Այդպես, օրինակ, Վաղարշապատ քաղաքի մի բնակիչ, ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցելու անվան տակ, իր բնակարանում համապատասխան սարքավորումներ էր տեղադրել, եւ դրանց տարբեր վաղարշապատցիների քաղաքային հեռախոսագծեր միացնելով` իրականացրել էր դեպի Վաղարշապատի քաղաքային ցանց ՀՀ մուտքային զանգերի վերջնավորում, ինչի պատճառով «ԱրմենՏել» ՓԲԸ-ին զգալի վնաս էր հասցվել»,-ասվում է Ոստիկանության կայքում: Սոցիալական կայքերի միջոցով տեղի ունեցած խարդախությունները երբեմն զավեշտի են հասնում: Ինչպես, օրինակ, Երեւանի

26-ամյա բնակչի կողմից կատարված խարդախությունը: Վերջինս տարբեր աղջիկների հետ «սիրային» կապի արդյունքում խնդրել էր նրանց լիցքավորել իր բջջային հեռախոսը: Հետաքրքիրն այն է, որ աղջիկներից մեկը նրա հեռախոսը լիցքավորել էր՝ 20.000, իսկ մյուսները` 35.000 դրամով: Սոցիալական ցանցերի միջոցով ամենամեծ վտանգն ինտիմ ծառայությունների առաջարկներն ու պոռնոգրաֆիայի գովազդներն են: Նման առաջարկների զոհեր կարող են դառնալ մանկահասակ երեխաները, որոնցից շատերն ակտիվորեն ընդգրկվել են Odnoklassniki կայքում: Ի դեպ, 2010թ. «Համադասարանցիներ» կայքէջում գրանցվածների թիվը հասել է 45 միլիոնի: