– Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր մեր հասարակությունն ավելի շատ նախընտրում է ապրել վիրտուալ աշխարհում՝ քան ռեալ իրականության մեջ:
– Այն իրականությունը, որը ստեղծվում է համակարգչային աշխարհում, ռեալ իրականությունից տարբերվում է մտածողության մակարդակով: Վիրտուալ աշխարհում հարաբերությունները միջնորդավորված են համակարգչի միջոցով, այսինքն` ոչ թե մարդ-մարդ փոխհարաբերություններն են, այլ` մարդ-համակարգիչ-մարդ: Տվյալ պարագայում մենք գործ ունենք մասամբ հուզական, իսկ ավելի շատ` գիտակցված ռեակցիաների, մշակված պատասխանների հետ: Այլ կերպ ասած` մենք մշտապես գործ ենք ունենում գլխուղեղի կեղեւային մակարդակի հետ: Մինչդեռ ռեալ շփման ժամանակ կարող են լինել այնպիսի դրսեւորումներ, որոնք դուրս են մնում մեր վերահսկողությունից, ինչպես, օրինակ, հուզական պոռթկումները, բնազդային դրսեւորումները: Մարդ-համակարգիչ շփումը ենթադրում է նախապես կշռադատված վիրտուալ իրականություն, որտեղ ռեալ իրականությունը ներկայացվում է ավելի կատարյալ, քան այն կա: Չէ՞ որ, ինչպես հայտնի է անձի հոգեբանության մեջ, մարդն այնպիսի արարած է, որը ձգտում է կատարելության եւ իշխանության: Վիրտուալ աշխարհում մարդը կարող է իր երազած ես-ի կողմից հանդես գալ, ինչն էլ նպաստում է համակարգչի նկատմամբ ձգողականության ձեւավորմանը:
– Վիրտուալ աշխարհը հնարավորություն է ընձեռում կատարյալ ձեւանալո՞ւ:
– Վիրտուալ աշխարհը 2 հետաքրքիր առանձնահատկություն ունի: Մի դեպքում՝ մենք գտնվում ենք այդ երեւակայական աշխարհում, որտեղ կարող ենք ներկայացնել ոչ թե մեր իրական կերպարը, այլ այն, ինչի մասին մենք երեւակայում կամ երազում ենք: Իրական աշխարհում մարդկանց շփումը բազմապլան է, որտեղ հաղորդակցվում են էմոցիաները, որոնք, այսպես ասած, ֆիլտրվում են վիրտուալ աշխարհում: Ավելին` դա ինչ-որ առումով կարելի է համարել հալյուցինացիա, բայց ոչ հիվանդագին, որովհետեւ դրանք համաձայնեցված հալյուցինացիաներ են, ինչպես Մորիս Մետերլինկի հերոսների դեպքում, երբ երեխաները խաղի ժամանակ միմյանց հյուրասիրում էին աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթներով: Ահա նույնն էլ արտահայտվում է ինտերնետի դեպքում, որտեղ մենք ապրում ենք երեւակայական հարաբերություններով: Ի տարբերություն հիվանդագին հալյուցինացիայի, որի պարագայում բացակայում է քննադատությունը: Ինտերնետի ձգողականության պատճառներից մեկն էլ այն է, որ այնտեղ անձն ազատ է` անկախ իր բարդույթներից: Նկատենք նաեւ այն, որ վիրտուալ աշխարհում անձի պատասխանատվությունն ավելի քիչ է: Եթե իրական շփման ժամանակ մարդը ցուցաբերում է զգուշություն` հետագայում իր ասածների համար պատասխանատվություն կրելով, ապա վիրտուալ իրականության դեպքում կարելի է պարզապես համակարգչի ստեղնաշարին մի քանի հպումներով դուրս գալ այդ իրականությունից:
– Միգուցե վիրտուալ իրականության մեջ մարդն իրեն ավելի ինքնապաշտպանվա՞ծ է զգում:
– Վիրտուալ աշխարհում մենք կարող ենք թույլ տալ ցանկացած բնույթի ծայրահեղություններ, որոնք արտահայտվում են այդ անձի նախասիրությունների մակարդակով: Կան մարդիկ, ովքեր սիրում են թափառել գիտական կայքերում, ոմանք` արվեստի, մեկ ուրիշ խումբ բավարարում է սեռական բնույթի հետաքրքրությունները: Ինտերնետային ցանցերում բոլոր հնարավորությունները կան հնարավորինս լավ ինքնադրսեւորվելու համար` անգամ հիվանդագին ձգտումներ ունեցող մարդկանց համար: Այդպիսով` մարդն ինքնախաբեության միջոցով ստանում է ինքնաբավարարվածություն:
– Ինչն էլ երբեմն վերածվում է կախվածությա՞ն:
– Այո:
– Բայց շատ հաճախ համակարգչային կախվածության մեջ են լինում ոչ միայն անչափահասները, այլեւ հասարակության մտավոր հատվածը: Ինչո՞ւ:
– Շատ դեպքերում համակարգիչը դառնում է գործընկեր, անձնավորված կերպար: Նույնիսկ կան մարդիկ, ովքեր խոսում են համակարգչի հետ` շնորհակալություն հայտնելով եւ այլն: Իմիջիայլոց, բելգիացի հոգեբանները մի ուսումնասիրություն էին կատարել (Notebook-երն ավելի շատ գնում են տղամարդիկ, քան կանայք): Հոգեբանները առաջարկել են, որ Notebook արտադրող ընկերությունները դիզայնի մեջ հաշվի առնեն այս հանգամանքը` Notebook-երը խորհրդանշական էլեմենտներ պարունակեն` հիշեցնելով կանացի մարմին, օրինակ, Notebook-երի գոգավորությունը ստեղծում է կնոջ կրծքի տպավորություն:
– Արդյո՞ք ինտերնետային կախվածությունը համարվում է հիվանդություն:
– Դեռեւս մի քանի տարի առաջ հոգեկան առողջության ոլորտի համաշխարհային 2 կոնգրեսները հավաքվեցին` քննարկելով այդ հարցը, թե արդյո՞ք ինտերնետային կախյալությունը կարելի է համարել անձի հիվանդագին կախյալություն: Համակարգչից կամ ինտերնետից կախվածությունը նշանակում է, որ անձը տեւական ժամանակ չի կարողանում կտրվել համակարգչից, չի մասնակցում սոցիալական կյանքին, աստիճանաբար մեկուսանում է հասարակությունից: Վիրտուալ աշխարհում մի մեծ առավելություն կա, երբ անձն ինքն է ղեկավարում ամբողջ գործընթացը, ասել է թե` ամբողջ ղեկավարման, վերահսկողության վահանակը գտնվում է քո ձեռքում: Մինչդեռ սովորական, իրական շփման խաչմերուկներում կան օրենքներ, որոնց մարդը պետք է հետեւի: Այդ օրենքները վիրտուալ աշխարհում դրսեւորվում են նվազագույն չափերով:
– Այսինքն` վիրտուալ իրականության մեջ մարդը մաքսիմալ ազա՞տ է:
– Մի կողմից՝ անձի ազատությունը, մյուս կողմից՝ ես-ի դրսեւորումները, որոնք երբեմն կարող են լինել այլ անձի, այլ մասնագետի անունով, որը որեւիցե առնչություն չունի այդ անձի հետ:
– Բայցեւայնպես, ինտերնետային կախյալները երբեմն զգում են նաեւ իրենց վիճակի բարդությունը` փորձելով փնտրել բուժման տարբերակներ, սակայն, ի վերջո, հիասթափվում ու ետ են կանգնում: Ռեալ աշխարհում կա՞ն բուժամիջոցներ վիրտուալ աշխարհի «հիվանդության» դեմ:
– Ի տարբերություն կախյալություն առաջացնող մյուս հիվանդությունների` ինտերնետային կախյալությունը պայմանավորված է մի կարեւոր հանգամանքով: Նեոպսիխոանալիտիկները գտնում են, որ մարդը մի արարած է, որը ձգտում է սիրո եւ կախյալության, այսինքն` մարդը մշտապես ուզում է ինչ-որ բանից կախված լինել: Դա առողջ կախվածություն է, եթե կապված է, ասենք, արվեստի, մասնագիտության, սպորտի հետ. բայց եւ կան կպչուն կախվածություններ, ինչպիսիք են թմրամոլությունը, ծխախոտամոլությունը, այս շարքում ավելացնենք նաեւ ինտերնետամոլությունը, որոնք հակասում են առողջ ապրելակերպին: Այդ դեպքերում մարդն ի վիճակի չէ իրեն վերահսկելու, սակայն սովորաբար մտածում է, որ երբ ցանկանա՝ կարող է ետ կանգնել: Ինտերնետային կախվածությունը եւս ախտանիշ է եւ բուժական միջամտության կարիք ունի: Ինտերնետային կախյալության պատճառները տարբեր են: Կան մարդիկ, որոնց կյանքին կախյալությունը նոր իմաստ է հաղորդում: Այդ մարդկանց կյանքում ինտերնետը, կարծես, բոլոր «բացակայությունների» փոխարինողն է կամ լրացնողը:
– Իսկ ինչպե՞ս հասկանալ, երբ մեզանում զանգվածայնությունն ունեցող «Odnoklassniki.ru»-ից արդեն կախյալություն ունեն երեխաները, ովքեր շատ հաճախ սեռական հետաքրքրություններ են դրսեւորում` դեռեւս հասունացած չլինելով հանդերձ: Մի՞թե սա լուրջ վտանգ չէ:
– Վտանգներից մեկն այն է, որ ինտերնետի միջոցով երեխաները կարող են ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը կվնասի նրանց արժեքային համակարգին: Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ երեխաները պայմանավորվում են հանդիպումների մասին, ինչը եւս կարող է հանգեցնել վատ հետեւանքի: Երբեմն էլ օգտվում են սեռական բովանդակությամբ կայքերից, ինչը լուրջ վտանգ կարող է դառնալ երեխայի հետագա սեռական հասունացման համար: Այս համատեքստում բավական լուրջ մտահոգություններ կան: Օրինակ, կան կրոնական բնույթի կայքեր, կամ կայքեր, որոնք քարոզում են սատանայապաշտություն: Ի դեպ, իմ պրակտիկայում նման մի դեպք արձանագրվել է: Այնուամենայնիվ, «Odnoklassniki»-ի պարագայում կա նաեւ դրական հատկություն:
– Այն, որ մարդիկ սովորեցին համակարգչով գրե՞լ:
– (Ժպտում է.- Մ.Մ): Կարծում եմ` ի սկզբանե «Odnoklassniki»-ի հիմքում կար ռոմանտիզմ, երբ համադասարանցիները, որոնք տարիներ շարունակ միմյանց մասին տեղեկություն չունեին, գտնում էին միմյանց: Սակայն այդ կայքը կորցրեց իր նախնական նպատակը, եւ այսօր վերածվել է գովազդների ու զանազան ֆորումների տեղադրման: Ցավոք, ինտերնետն այսօր լեցուն է ոչ միայն կոնստրուկտիվ, այլեւ դեստրուկտիվ նյութերով: Եվ Հայաստանում բացակայում են այն ֆիլտրերը, որոնք սահմանափակում են նման կայքերից օգտվող մարդու տարիքը: Մեզանում տարօրինակ չէ այն, որ երեխան կարող է ներկայանալ` իբրեւ չափահաս: Մինչդեռ եվրոպական զարգացած երկրներում այդպիսի դեպքերը քիչ են: Մեզ մոտ ինտերնետային գրաքննություն չկա: Ստեղծված իրավիճակում ելքն ընտանեկան վերահսկումն է, երբ ծնողը կվերահսկի իր երեխայի` ինտերնետում անցկացրած ժամանակը:
– Բայց շատ հաճախ ծնողները անգամ ոգեւորվում են, որ իրենց երեխաները ինտերնետից օգտվել գիտեն, անտեսելով իրական վտանգները:
– Ծնողները պետք է նաեւ, այլ կերպ ասած` բաց խոսակցություններ վարեն երեխաների հետ: Այս իրավիճակում ծնողները մեծ պատասխանատվություն են կրում, թե իրականում ի՞նչ են հրամցնում երեխաներին: Արդյո՞ք մենք առաջարկում ենք այլընտրանք ինտերնետի փոխարեն, թե արգելելով` ստեղծում ենք միայն դատարկություն: Ընտանիքի անդամները պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որով երեխան հաճույք ստանա նրանց հետ շփվելով, այլ ոչ թե ինտերնետին ապավինի: Եթե ընտանիքում տարաձայնությունները շատ են, ապա երեխան, բնականաբար, կփորձի ջերմություն ստանալ վիրտուալ աշխարհում:
– Ամեն դեպքում, վիրտուալ աշխարհն էլ երբեմն դառնում է ռեալ աշխարհում ողբերգության պատճառ, ինչպես, ոչ վաղ անցյալում, Գյումրիում «Odnoklassniki» կայքում ծայր առած բախումը, որն ավարտվեց երիտասարդ տղայի սպանությամբ: Ինչպե՞ս վերահսկել իրավիճակը:
– Չեմ կարող որեւիցե դիտարկում անել այդ դեպքի առնչությամբ, որովհետեւ տեղյակ չեմ այդ մասին: Որպես օրինակ՝ նշեմ օրեր առաջ Շենգավիթ համայնքում կատարված շրջանավարտի ինքնասպանության դեպքը, երբ ողբերգության պատճառ համարեցին միասնական քննությունից ստացած անբավարար գնահատականը: Այս դեպքում չի կարելի միայն ակնառու բանից կառչել, երբ բնականաբար այդ ամենից դուրս կարող են լինել հազարավոր թաքնված պատճառներ:
– Ի վերջո, ինչպե՞ս կանխել գոնե երեխաների ինտերնետային կախյալության վտանգը:
– Կրկին նույն ելակետին գալով` նշեմ, որ ընտանիքը պարտավոր է վերահսկել ինտերնետային այն բոլոր հանգրվանները, որտեղ իրենց երեխաներն անցկացնում են ժամանակը: